կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 23:48
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Երևանի ավագանու իշխանական անդամների հետ. Irakanum.am

Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Երևանի ավագանու իշխանական անդամների հետ. Irakanum.am

Վաղը երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։

 Քննարկման օրակարգում լինելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Կայքի տեղեկություններով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հրաժարվել են ստորագրել փաստաթղթի տակ։ Նիկոլ Փաշինյանը վերջիններիս մեկ օր ժամանակ է տվել։ Միաժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն իշխանությունը ցանկանում է ամեն գնով հասնել նրան, որ Հայկ Մարությանն ինքը հրաժարական ներկայացնի, հակառակ դեպքում ոչ միայն անվստահություն կհայտնեն, այլև չի բացառվում քրեական գործեր հարուցվեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», — հայտնել էր   ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Մարությանը պատերազմի ավարտից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: Բացի այդ, ՀԺ-ն գրել էր, որ տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այս տեղեկությունները հերքեցին եւ քաղաքապետարանում, եւ «Հայաստան» դաշինքում: