Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Խոսելով Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին` փորձագետը նշեց, որ վիճակը կրիտիկական է։
«ՀՀ-ում կա քաղաքական լրջագույն ճգնաժամ. հասարակությունը չի վստահում ռազմաքաղաքական ղեկավարությանը, կան անջրպետներ ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարությունների միջև։ Դրա վառ օրինակը Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելն է. ՀՀ վարչապետը չի վստահում բարձրագույն սպայական անձնակազմին»,- փաստեց զրուցակիցը։
Փորձագետի խոսքով` Ադրբեջանը ոչ միայն տարածքային նկրտումներ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, այլև փորձում է պատմական իրադարձությունների խեղաթյուրմամբ և ՀՀ իշխանությունների անգործության պայմաններում բռնակցել ՀՀ սուվերեն տարածքներ հանդիսացող մի շարք բնակավայրեր ևս։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե դեռ տարածքներ ունենք հանձնելու Ադրբեջանին։
«Սա խելագարություն է։ Քանի այս իշխանությունը կա ՀՀ-ում, Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է ապօրինաբար տարածքներ կորզել ՀՀ-ից»,- նշեց նա։
Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած ռազմական բախմանը` փորձագետը ասաց՝ տպավորություն է ստեղծվում, որ ներկայիս իշխանությունները գաղտնի համագործակցության մեջ են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։
«Չորս օր առաջ ադրբեջանցիները, սուլելով, քայլելով, բնությունը վայելելով, մոտեցան հայկական դիրքերին։ Ինչպես ասում է վարչապետ Փաշինյանը` կառուցողական և կիրթ ձևով դուրս բերեցին հայ զինվորներին, նվաստացրին, առգրավեցին զինամթերք, զինտեխնիկա։ Աստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ ադրբեջանցի զինվորականներն այդպես հանգիստ` մեկ շարքով, առաջանում են հայկական դիրքերին, երբ ռազմագիտության մեջ արգելված է նման բան։ ՊՆ հրապարակված կադրերում ակնհայտ երևում է դա։ Սա կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանն ունի օպերատիվ ինֆորմացիա, որ իրենց վրա չեն կրակելու»,- փաստեց Վան Համբարձումյանը։
Փորձագետը նշեց նաև, որ, այն հատվածներում, որտեղ տեղի են ունեցել զինված բախումները, ականապատում արված չի եղել` ո՛չ հակահետևակային, ո՛չ հակատանկային ականներ տեղադրված չեն եղել: Դա դեռ 2020 թ. նոյեմբերին պետք է արվեր`լավ իմանալով, որ վաղ թե ուշ թշնամին գալու է և այդտեղ տեղակայվի։
Մեկնաբանելով նաեւ, թե ինչու Ռուսաստանը, լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, չեզոք դիրք գրավեց ռազմական բախման ժամանակ, փորձագետը ասաց, որ այստեղ Ռուսաստանը երկու պատճառ ունի։
«Առաջին պատճառն այն է, որ ՌԴ-ն մաքսիմալ չի ցանկանում միջամտել` հակառակորդ կողմ չդառնալու համար։ Մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունները փչացրել են հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Երկրորդ պատճառն այն է, որ ՌԴ-ն չի ցանկանում նեղացնել Թուրքիային, քանի որ տնտեսական առումով կախում ունի Թուրքիայից»,- բացատրեց Վ. Համբարձումյանը։
Փորձագետի խոսքով` ԱԳ նախարար նշանակել մի անձի, որը ռուսական դրոշը «տրորած» կանգնել էր ՌԴ դեսպանատան առաջ` Պուտինի մասին վիրավորական պաստառով, նման քաղաքական գործելաոճը վիրավորական է ՌԴ իշխանությունների համար։
Ըստ նրա՝ ՀՀ-ում կան ուժեր, որոնք սնվում են Արևմուտքից և ունեն հստակ նպատակներ` փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Նպատակը ռուսական ռազմաբազայի դուրս բերումն է ՀՀ տարածքից, և տպավորություն է, թե իշխանությունները համագործակցում են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև արևմուտքի իշխանությունների հետ։
Փորձագետի կարծիքով` ներկայիս իշխանությունները երբեք չեն կարող ապահովել Սյունիքի մարզի բնակչության անվտանգությունը։ Այսօր թշնամու կրակային նշանառության տակ է նաև Երևան-Գորիս ճանապարհը։ Տվյալ ճանապարհահատվածը կենսական նշանակություն ունի Սյունիքի մարզի համար։
«Եթե ուզում ենք վերջ դնել այս իրավիճակին, ապա նախ և առաջ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և վերականգնվեն հարաբերությունները ՌԴ-ի հետ», - եզրափակեց Վան Համբարձումյանը։
Լենա Կարապետյան