Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալին Օզինյան
Կարծում եմ՝ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, թե Համշենը Սևծովյան շրջանի ամենաառեղծվածային բնակավայրերից մեկն է։
Կոնկրետ որտե՞ղ է գտնվում Համշենը։ Ովքե՞ր են այդ համշենցիները։ Հա՞յ են արդյոք։ Ինչպե՞ս են իրենք բնութագրում իրենց ինքնությունը։ Որո՞նք են համշենական մշակույթի առանձնահատկությունները։ Արդյո՞ք դրանք նման են հայկական մշակույթին։
Համշենցիների նկատմամբ հետաքրքրությունը Թուրքիայի հասարակության մեջ մեծացել է վերջին 20 տարում։ Ինչ վերաբերում է Հայաստանին ու Սփյուռքին, ապա նրանք վաղուց ի վեր հետաքրքրված են եղել համշենցիներով, և թեև ոչ մեծ թվով, այնուամենայնիվ գիտական ուսումնասիրություններ են իրականացվում այդ թեմայով ու հոդվածներ հրապարակվում։
Պատմաբանների համաձայն՝ 18-րդ դարում Համշենի հայկական բնակչության իսլամացումից հետո համշենցիների մի մասը բուն Համշենը, այսինքն՝ ներկայիս Ռիզե նահանգի Չամլըհեմշին, Հեմշին և Չայելի գավառների մի մասը լքելով՝ հաստատվել է Խոփա և Բորչկա գավառներում (Արդվին նահանգի), իսկ մյուս մասը շարունակել է ապրել իր բնակավայրերում։
Իսկ քրիստոնեությունը պահպանածները ցրվել են Սև ծովի հարավարևելյան ափերին, նրանք 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին գաղթել են Սև ծովի հյուսիսարևելյան ափեր, այսինքն՝ Ռուսաստան և Արևելյան Հայաստան։
Համշենական մշակույթի ուսումնասիրման ու պահպանման միության՝ ՀԱՏԻԿ-ի հիմնադիրներից և Համշենի մշակույթի, լեզվի և պատմության թեմաներին նվիրված «Գոր» հանդեսի խմբագիրներից Հիքմեթ Աքչիչեքը կարծում է, որ համշենցիների մեծ մասը բաղկացած է իսլամացված հայերից, եթե անգամ այդ գործընթացում սահմանափակ թվով այլ էթնիկ տարրեր էլ խառնված լինեն համշենական բնակչության հետ։
Աքչիչեքը նշում է․ «Պատմական աղբյուրները հաստատում են, որ համշենցիները, ներկայիս Հայաստանի սահմաններում գտնվող Օշականի բերդի շրջակայքից մեր թվարկության 620 թ․ կամ 780-ականներին գաղթելով, իրենց ղեկավար Համամ Ամատունու առաջնորդությամբ եկել են Սև ծովի արևելյան ափեր և Բյուզանդական կայսրության կողմից բնակեցվել այժմյան Համշենի տարածքներում։
Նշվում է, որ այդ հանրությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ էր։ Նրանց առաջնորդի անվամբ՝ այդ վայրը, որտեղ նրանք բնակություն են հաստատել, անվանվել է Համշեն, երբ այդ բնակավայրն անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ, սկսել է իսլամացման գործընթացը, որի պատճառով բնակչության մի մասը գաղթել է Տրապիզոնի և Սամսունի միջև ընկած տարածք, իսկ իրենց ծննդավայրում մնացածներն իսլամացվել են։ Այդ տեղեկություններից ելնելով՝ կարելի է արձանագրել, որ այսօր իրեն որպես համշենցի բնորոշող ժողովուրդը հայերի իսլամացված հանրություն է»։
Աքչիչեքը նաև հավելում է․ «Սակայն Թուրքիայում թե՛ մի շարք թուրք ազգայնամոլ պատմաբաններ և թե՛ որոշ համշենցիներ մերժում են այդ տեսակետը և պաշտպանում այն թեզը, ըստ որի՝ համշենցիները թյուրքական ցեղ են, որ Խորասան-Համադանի կողմերից եկել են Օշականի շրջան, այնտեղից էլ՝ գաղթել Սև ծովի ափ»։
Ես զրուցեցի նաև «Ջընեփս» պարբերականի և «Գոր» հանդեսի հեղինակ Մահիր Օզքանի հետ, ով կարծում է, թե համշենցիներին, իրենց իսկ պատմությունից ելնելով, կարելի է ընդունել, որպես հայ ժողովրդի մի հատված։ Օզքանի կարծիքով՝ տեղանունները, ցեղանունները և, հատկապես, «անց» ու «յան» ազգանունները ևս ամրապնդում են այդ կարծիքը։
Օզքանը շեշտում է․ «Օսմանյան շրջանի՝ հարկահավաքության մասին արձանագրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում այդ շրջաններում մուսուլման բնակչության թիվն աճել է, իսկ քրիստոնյա բնակչության թիվը՝ նվազել։ Դարձյալ օսմանյան արձանագրություններից պարզվում է, որ տվյալ շրջաններն իրենց աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով եղել են այն վայրերը, որտեղից արտագաղթել են, ոչ թե ներգաղթել։ Հետևաբար՝ սխալ չի լինի ասել, թե այդ շրջանի մուսուլման բնակչությունը, մեծավ մասամբ, ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ համշենցի քրիստոնյաների իսլամացման միջոցով»։ Օզքանը նաև ընդգծում է, որ որոշ պետական աղբյուրներում ևս համշենցիները բնորոշվում են որպես «մուսուլման հայեր»։
Օզքանը հավելում է․ «Գլխավոր շտաբի չորրորդ մասնաճյուղի կողմից Ներքին գործերի նախարարությանը հղված մի գրություն կա, որը թվագրվում է 1913 թ․ հունիսի 1-ի ամսաթվով։ Այդ գրության մեջ համշենցիները սահմանվում են որպես «Համշեն անվամբ հայտնի հայ մուսուլմաններ», և ընդգծվում, որ տեղական իշխանությունները պետք է լուսավորեն անգրագետ բնակչությանը տվյալ շրջանում գործունեություն ծավալող միսիոներների վերաբերյալ» (Տես՝ Վարչապետարանի օսմանյան արխիվ, Թղթապանակ՝ 116, Շապիկ համար 65, ֆոնդի կոդը: DH.İD.- 1331. էջ 28)։
Մահիր Օզքանը նաև նշում է․ «Նմանապես, 1920 թ․ Լազիստանի կառավարիչ Ահմեդ Ֆաիք Գյունդան իր հուշերում հայտնում է, որ հաստատվել է, թե Մափավրի (Չայելի) նահիյեի (գյուղախումբ-Ակունքի խմբ․) 8-10 գյուղերում, Փազարի Օջա գյուղում, Վիչեում (Ֆընդըքելի-Ֆընդըքլը) և Խոփայի Հեմշին բնակավայրերի գյուղերում հայերեն են խոսում, և որ ինքը կտրականապես արգելել է դա։ Նա նաև հավելում է, որ այդտեղի բնակչությունը հայերենով չի գրում-կարդում, այլ միայն, ծագման պատճառով հայերեն է խոսում։ Վիլսոնի կողմից Հայաստանի սահմանները նշանակելու պատճառով ինքը ստիպված է եղել կտրուկ որոշումներ կայացնել ու արգելել հայերեն խոսել։ Ըստ նրա՝ «Հայերեն խոսող բնակչությունը կազմում են շատ լավ, մուսուլման և կրոնապաշտ մարդիկ, ու պետությանը նրանց անկեղծ հավատարմությունը կասկածից վեր է» (Այդ մասին տես՝ Süleyman Beyoğlu, İki Devir Bir İnsan Ahmet Faik Günday ve Hatıraları, Bengi Yayınları, İstanbul, 2011, էջ 369)»։
Օզքանի կարծիքով՝ երբ անդրադառնում ենք այդ տվյալներին, մեզ համար ակնհայտ է դառնում, որ համշենցիները պատմականորեն հայկական ինքնության մի մասն են եղել։ Լավ, իսկ այսօր համշենցիներն ինչպե՞ս են սահմանում իրենք իրենց, իրենց ինքնությունը։ Այդ հարցում խնդիրը մի փոքր բարդանում է։
Օզքանը շեշտում է, որ այսօր առկա են 3 հիմնական խմբեր, որոնք իրենց համշենցի են անվանում։
Առաջինը Աբխազիայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող, Հայոց լեզվի՝ Համշենի բարբառով հաղորդակցվող, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ քրիստոնյա խումբն է, որի գրեթե բոլոր անդամներն իրենց հայ կամ համշենահայ են համարում։
Երկրորդ խումբը հիմնականում Խոփա և Քեմալփաշա գավառներում ապրող, համշեներեն խոսող և սուննի իսլամ դավանող համշենցիների խումբն է, որում կարելի է գտնել մարդկանց, ովքեր իրենց թուրք, համշենցի թուրք, համշենցի կամ համշենցի հայ են համարում։
Ինչ վերաբերում է երրորդ խմբին, ապա նրանում ընդգրկված են այն համշենցիները, որոնք ապրում են Ռիզեի գավառներում, հատկապես՝ Չամլըհեմշինում, ինչպես նաև՝ Էրզրումի և Տրապիզոնի որոշ գավառներում, չեն խոսող համշեներեն, սակայն թուրքերենում օգտագործում են մոտ 2000 համշեներեն բառեր և սուննի իսլամի հետևորդ են։ Այս խմբում ևս հնարավոր է հանդիպել մարդկանց, ովքեր իրենց բնութագրում են այնպիսի տարբեր ինքնություններով, ինչպիսիք են՝ թուրքը, համշենցի թուրքը, համշենցի հայը։
Ակնհայտ է, որ այն, թե ով ինչ ազգությամբ է իրեն ընդունում, մի փոքր կապված է նաև տվյալ մարդու քաղաքական հայացքների հետ։
Օզքանը նշում է․ «Ձախ-սոցիալիստական քաղաքական հայացքներ կրողները և իրենց կրոնապաշտ համարողների մի մասն ավելի են հակված ընդունելու, որ հայկական ինքնության ու համշենական ինքնության միջև մի առնչություն կա, իսկ ազգային ձախակողյան կամ աջակողմյան քաղաքական հայացքներ ունեցողները հակված են ժխտելու այդ կապը։ Իհարկե սխալ չի լինի արձանագրել, թե գոյություն ունի նաև մի կրոնապաշտ հատված, որը կրոնական պատկանելիության պատճառով, ինչպես նաև՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հայ լինելը հավասարազոր է համարվում քրիստոնյա լինելուն, մերժում է իր հայկական ինքնությունը»։
Երկար տարիներ համշենական մշակույթի և լեզվի ուսումնասիրման ու պապանման համար գործունեություն ծավալած, անհայտ համշենյան մեղեդիները ժողոված և դրանց ալբոմը թողարկած Հիքմեթ Աքչիչեքը նշում է, թե ինքնության հարցում պետք է խոսել մի ընդհանուր «համշենցու տեսակետի» մասին։
Աքչիչեքի կարծիքով՝ համշենցիների մեծ մասը եթե անգամ գիտակցում էլ է, որ իսլամացված հայության խումբ է, սակայն կրոնական, պատմական, մշակութային գործընթացների հետևանքով ու մասամբ էլ քաղաքական պատճառերից ելնելով՝ իրեն ոչ թե հայ է համարում, այլ՝ համշենցի՝ իր նոր ինքնությամբ։
Աքչիչեքը հավելում է․ «Բացի դրանից, պատկառելի թվով մի մեծամասնություն էլ մերժում է իր հայկական արմատները և իրեն էթնիկապես թուրք համարում։ Իսկ շատ ավելի նվազ թվով համշենցիներ իրենց հայ կամ համշենահայ են ընդունում։ Մյուս կողմից, «համշենցի» հասկացությունը, որպես ինքնության, էթնիկ պատկանելիության արտահայտություն, նշանակում է յուրահատուկ համընդհանուր առանձնահատկություններ ունեցող մի պատկանելիություն, որը տարբեր է թե՛ հայից և թե՛ թուրքից, եթե անգամ վերջին երկուսի հետ տարբեր մակարդակներում կապ և առնչություն ունենա»։
https://kronos34.news/tr/karadenizin-gizemi-hemsin-ve-hemsinliler/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net