Նիկոլը դրանով չի զբաղվում, և ի վիճակի չէ զբաղվելու: Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Այժմ, ավելի քան երբևէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք լինի տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, և այն չի կարող հիմնվել ցանկալին իրականության տեղ ընդունելու մտածողության վրա։
Հոգեբանորեն, մեր հասարակության առողջ մտածող հատվածն այսօր ապրում է ծանր պարտությունն ընդունելու դժվարությունն ու դրանից բխող՝ ներսից և դրսից դավաճանված լինելու զգացումը։ Մենք նաև տեսնում ենք, հասարակության որոշ շերտերի՝ ազգային հպարտության վերականգնման և արժանապատիվ պետության վերադարձի անհագ ցանկությունը: Սա շատ կարևոր հենարան է՝ պետականությունը պահպանելու համար:
Կապիտուլյանտների ծնած անբովանդակ կեղծիքներին, դատարկ երևակայություններին ու սուտ վիճակագրությանը զուգահեռ, գոյություն ունի նաև իրական աշխարհ և իրական Հայաստանի Հանրապետության: Կարևոր է, հասկանալ, թե ամոթալի պատերազմից հետո, մեզ համար ի՞նչ է փոխվել համաշխարհային ասպարեզում: Այսինքն՝ բացի մեր մարդկային, տարածքային և ռազմա-քաղաքական ակնհայտ կորուստներից, էլ ի՞նչ ենք կորցրել, կամ ինչպե՞ս է փոխվել աշխարհը մեզ համար։ Հարկ է հասկանալ, թե ո՞վ ենք մենք 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո՝ մեր միջազգային գործընկերների համար: Որովհետև, ժամանակակից փոփոխվող և անկայուն աշխարհակարգը գնահատելու համար, պետք է խուսափել սխալ ենթադրությունների և ինքնախաբեության վրա հիմնված քաղաքականությունից։
Ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որևէ աստիճանի վստահությամբ։ Այս փոփոխականությունը, որոշ իմաստով կարելի է բացատրել ԱՄՆ՝ վերջին տարիների քաղաքականության անկանխատեսելիությամբ, և դրա ապակայունացնող ազդեցություններով։ Համաշխարհային հարցերում ԱՄՆ կարևորությունը հաշվի առնելով՝ սա էական խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:
Կարելի է ակնկալել, որ 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություներից հետո իշխանության եկած, ավելի արհեստավարժ ու ազգային շահերի վրա հիմնված նոր քաղաքականության համակցությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի հետ լարվածությունները։ Ի վերջո, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ օրինակ՝ Ուկրաինայի, Իրանի և աշխարհի այլ թեժ կետերի շուրջ։ Նախագահ Բայդենը կարող է նաև ուղղել Մերձավոր Արևելքի քաղաքականության հետ կապված իր նախորդի սխալները։ Ենթադրվում է, որ այդ տարածաշրջանը կլինի այն հիմնական թատերաբեմը, ուր ԱՄՆ-ը, Ռուսաստանը և առաջնորդող դերերի հայտ ներկայացնող այլ երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիան կամ Իսրայելը՝ կմրցեն և թերևս նաև համագործակցեն։ Բայդենի վարչակազմը, կարծես վերականգնում է գործընկերային մոտեցումը, հատկապես իր դաշնակիցների և Եվրոպայի հետ՝ մարտահրավերներին դիմակայելու, միջազգային հակամարտությունները լուծելու կամ զսպելու համար։
Կախված ռեգիոնալ զարգացումներից, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, սակայն, կարող են նաև ավելի վատ մրցակցության մեջ մտնել՝ նոր աշխարհակարգի վերաբերյալ իրենց տարբերվող տեսակետների կամ դրանում իրենց դերերի պատճառով, իսկ գոյություն ունեցող լարվածությունները կարող են է՛լ ավելի սրվել։ ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարված աշխարհակարգը կարճ կյանք ունեցավ, նաև այն պատճառով, որ Արևմուտքը պնդեց, որպեսզի շարունակեն Ռուսաստանին վերաբերվել որպես թշնամու և ընդլայնեն ՆԱՏՕ-ն՝ մինչև Ռուսաստանի սահմանները, չնայած այն “խոստումին”, որ ՆԱՏՕ-ն չէր ընդլայնվելու։
Այսօր ենթադրել, որ ԱՄՆ կվերադառնա 1990-ականների իր հեգեմոն դիրքին, միամտություն է, որովհետև Չինաստանն արդեն համաշխարհային նոր աշխարհակարգի՝ տնտեսական և ռազմական ծանրակշիռ մրցակից է։ Չինաստանի մարտահրավերի դեմ ավելի դժվար է պայքարել, քանի որ նրա շահերն առաջ են մղվում տնտեսական ներգործության միջոցով և հազվադեպ՝ միայն ուժի ցուցադրությամբ։ Եվրոպան իհարկե փորձում է ուղիներ գտնել իր շուկայական տարածքների ու ձեռնարկությունների ձեռքբերումից Չինաստանի կապիտալը հեռու պահելու համար: Իսկ Աֆրիկյան և Հարավամերիկան երկրները, միջոցներ չունեն դիմակայելու չինական առաջխաղացմանը՝ նույնիսկ եթե դա ցանկանային:
Աշխարհաքաղաքական հակիրճ և խիստ ընդհանրական նկարագրումն անգամ բավարար է, հասկանալու, որ Հայաստանն ու Արցախը համաշխարհային դերակատարներից որևէ մեկի՝ ներառյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի, նույնիսկ Թուրքիայի և Իրանի համար հիմնական մտահոգություններ չեն։ Այսօր տեղի են ունենում համաշխարհային քաղաքականության մեծ ու փոքր տեղաշարժեր: Եվ երբ մեծ պետությունները սկսում են սակարկությունները՝ հիմնված իրենց ազգային շահերի վրա, ավելի հավանական է, որ փոքր պետությունները դառնան մեծերի կողմից սահմանած դերակատարները և ոչ թե հակառակը։ Իսկ դեր չստանձնած պետությունները, ինչպիսին այսօր Հայաստանն է՝ կամ մոռացվում են, կամ էլ վերածվում են մանրադրամի:
Թեկուզ ուշացումով, մենք պարտավոր ենք հասկանալ, գնահատել, հավասարակշռել և տեսնել մոտակա ապագայում Հայաստանի տեղն ու դերը: Դրա արդյունքում միայն կարող ենք ձևակերպել Արցախի և Հայաստանի կենսական շահերն ու առկա խնդիրների լուծման մեխանիկան: Նիկոլը և թայֆան դրանով չեն զբաղվում, և ի վիճակի չեն զբաղվելու:
Հետևաբար կապիտուլյանտներին՝ որպես մեր համաշխարհային խայտառակության հեղինակների, պետք է զրկել պետության ու հասարակության համար կործանարար որոշումներ կայացնելու իրավունքից և օր առաջ հեռացնել իշխանությունից»,- գրել է Զաքարյանը: