կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 17:28
Տնտեսական

Բենզինի գնիջեցում առաջիկայում չի լինի, գնաճ` նույնպես. տնտեսագետը՝ վառելիքի գնի բարձրացման պատճառների մասին

Բենզինի գնիջեցում առաջիկայում չի լինի,  գնաճ` նույնպես. տնտեսագետը՝ վառելիքի գնի բարձրացման պատճառների մասին

Վառելիքի շուկայում ամբողջ աշխարհում կա որոշակի գնաճ, դա պայմանավորված է համաշխարհային տնտեսության ակտիվությանբ և պահանջարկի աճով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում բենզինի գնի կտրուկ բարձրացմանը և դրա պատճառներին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ 

Վերջինս, սակայն, Հայաստանում բենզինի գնի բարձրացումը միայն դրանով պայմանավորելը սխալ համարեց։

«Մեր երկրի շուկան բավականին փոքր է և շարունակվում է այն մտահոգիչ երևույթը, երբ  գները միջազգային շուկայում բարձրանում են, մեզ մոտ ավելի բարձր տեմպով է աճում բենզինի գինը, քան միջազգային շուկայում, բայց երբ նվազում են գները, որոշակի ժամանակահատված հետո ենք տեսնում նվազման արդյունքը։ Սա նվազման դեպքում բացատրվում է նրանով, որ ունենք թանկ գնած բենզին, և էժանը վաճառելու համար ժամանակ է պետք։ Այս դեպքում հարց է առաջանում, էժան գնված բենզինը, որ միջազգային շուկայում թանկացավ, ինչո՞ւ է մեզ մոտ այդ խմբաքանակը ավելի թանկ վաճառվում։ Սրա պատասխանը շատ պարզ է, շուկան փոքր է, մենաշնորհացման աստիճանը բարձր և պետական մարմինները ողջ ծավալով և արդյունավետ ձևով չեն վերահսկում մենաշնորհացման բարձր աստիճան ունեցող շուկաները։ 

Հասկացանք` միջազգային շուկայում գները բարձրանում են, բայց դա բավարար չէ ասելու, որ գնաճը ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկաներում գների բարձրացմամբ։ Պետական մարմինը այս գնաճային ֆոնին  պետք է  ամենօրյա ռեժիմով հետևի պրոցեսներին և եթե կան գնաճի թեկուզ փոքր օրենսդրական խախտումներ, պետք է արագ արձագանքի։ Տնտեսվարող սուբյեկտները պետք է հստակ հասկանան, որ պետությունը իր կարգավորիչ գործառույթը անում է, որ մենք էլ  իրենց գերշահույթները ապահովելու համար լրացուցիչ չվճարենք։

Մեղքը միջազգային շուկաների վրա բարդելը և փաստաբանություն անելը արդյունավետ չի կարող լինել։ Այն սպասումները, որ այս իշխանությունները առաջացրել էին, որ շուկան կազատականացվի, ինչպես մնացածը խոստումները, չիրականացվեց։ Ընդամենը անուններ, բիզնեսի ներկայացուցիչներ  և շահույթի բաշխում փոխվեց շուկայում։ Բուն սպառողը և հանրությունը դրանից ոչինչ չի շահում»,-ասաց նա։

Հարցին` գնաճը մեղմելու ինչ զսպող օղակներ կան, Ավետիսյանը նշեց, որ առաջինը ՏՄՊՊՀՆ է, կարճաժամկետ էֆեկտ ունենալու համար։ Այն պետք է ողջ ծավալով և արդյունավետությամբ իր գործառույթը անի, ոչ թե «դառնա ներկրողների փաստաբանը»։

«Երկրորդ` եթե ուզում ենք երկարաժամկետում ունենալ շուկայական էֆեկտ, պետք է շուկան ազատականացվի։ Դա անել ոչ թե խոսքերով, ամպագոռգոռ, մանիպուլյացիոն ելույթներով, այլ պետք է պայմաններ ստեղծվի, որ ավելի շատ տնտեսվարող սուբյեկտներ իրապես մասնակցեն ներմուծմանը և արդյունքում մրցակցությունը կբերի գնաճային զսպումների։ Մեր հարկերից պետական մարմին աշխատավարձ ենք տալիս, որ իր հակամենաշնորհային գործառույթները բավարար չափով իրականացնի»,-ասաց նա։

Այն հարցին` առաջիկայում հնարավոր է որոշակի գնիջեցում նկատվի, տնտեսագետը պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ։ Միջազգային շուկայում քովիդով պայմանավորված սահմանափակումների ֆոնին գուցե պահանջարկի նվազում լինի և որոշակի գնիջեցում նկատվի, բայց մենք դա չենք տեսնի»։

Տնտեսագետը ընդգծեց, որ նոր գնաճ դժվար թե նկատվի։

«Միջազգային շուկաներում դժվար նոր գնաճ լինի, որովհետև հասել են պահանջարկի պիկին, այստեղ կնկատվի կայունություն։ Քովիդի հետ կապված կլինի պահանջարկի նվազում, իսկ գների բարձրացմանը բերող հիմնական գործոնը հենց պահանջարկն է։ Եթե պահանջարկը նվազի, գնաճ չի լինի, ընդհակառակը` կարող է գնանկում լինել, բայց մենք դա դժվար թե տեսնենք»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։