Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիները շարունակում են Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի և դավադրության հետևանքով թշնամուն հանձնված՝ Արցախի բնակավայրերից լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել, որոնցում երևում են հայաթափված գյուղերն ու քաղաքները:
Թշնամին այս անգամ տարածել է Արցախի մելիքանիստ բնակավայրի` Տողի լուսանկարները: Թեև Արցախի և, ընդհանրապես, հայության համար արցախյան ցանկացած բնակավայր կարևոր և անփոխարինելի է, սակայն Տող գյուղն ունի իր ուրույն տեղը Արցախի ամբողջ պատմության մեջ, ինչպես նաև հիմա:
Տող գյուղը եղել է Մելիք-Եգանյանների նստավայրը: Մինչև 18-րդ դարը գյուղը բացառապես հայկաբնակ էր, սակայն 18-րդ դարից պարսիկները այնտեղ սկսեցին բերել նաև քոչվոր թյուրքերի: Ըստ տեղեկությունների` պարսիկներն ասել էին, որ ով ընդունի իսլամ, նրանց կխնայեն: Մելիք Եգանի որդիներից մեկն էլ ընդունում է, և նրա հետագա սերունդը կոչվում Եգանովներ, որոնք նախքան Արցախյան առաջին պատերազմը ապրում էին գյուղում, իսկ հայ քրիստոնյա մնացած Եգանյաներին անվանում էին ամիօղլու (հորեղբոր տղա):
Նախքան պատերազմը գյուղում ապրում էին և՛ հայեր, և՛ թյուրքեր` 40/60 տոկոս հարաբերակցությամբ: Բացի թյուրքացած հայերից, գյուղում կային նաև քոչվոր թյուրքեր:
Տողը նաև հայտնի է նրանով, որ, ըստ պատմությունների, Արցախյան շարժումը սկսվել է հենց այս գյուղից. 1980-ականներին այստեղ էր այցելել Հեյդար Ալիևը, որից հետո հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները լարվել էին: Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները գալիս էին հայերի մոտ և շնորհավորում: Հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների լարվածությունն իր գագաթնակետին հասավ 1991 թ. հոկտեմբերին, երբ թյուրքերը սպանեցին 7 հոգանոց հայ ընտանիքից 5-ին: Դրանից կարճ ժամանակ անց` հոկտեմբերի 30-ին, գյուղն ազատագրվեց՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ, ու միջանցք տրվեց ադրբեջանցիներին դեպի Ֆիզուլի:
Այս վերջին պատերազմի 44 օրերի ընթացքում ՀՀ իշխանություններն այդպես էլ չխոստովանեցին ինչպես Տողի, այնպես էլ Հադրութի անկումը:
Դիզափայտի ստորոտին գտնվող անտառախիտ Տողն այժմ թշնամու վերահսկողության տակ է, ավերված ու հայաթափված: Արցախի երբեմնի սիրտն այժմ ոտնակոխ է լինում թշնամու կողմից:
Իսկ ոչ վաղ անցյալում գյուղը համարվում էր Արցախի տուրիստական կարևոր ուղություններից մեկը. այնտեղ են գտնվում Գտչավանքը, Սբ Ստեփանոս Նախավկայի, Սբ Վարդան, Սբ Հովհաննես վանքերը, Տողի Մելիքական ապարանքը:
Տողում ամեն տարի անցկացվում էր արցախյան հայտնի գինու փառատոնը: Գյուղը հայտնի էր նաև արցախյան ճարտարապետությանը հատուկ շինություններով:
Այժմ արցախյան մելիքական ոստանը գտնվում է թշնամու տիրապետության տակ` ադրբեջանական կեղծ «Թուղ» անվանումով: