կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 13:41
Քաղաքական

Ո՞վ է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատուն. Արեգնազ Մանուկյանի հարցն արցախցիների հետ հանդիպմանը

ՀՀ ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ  կազմակերպվել է «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Քննարկմանը ներկա չէ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, իշխանական խմբակցության պատգամավորներ:

Քննարկման ընթացքում նրանց բացակայության մասին բարձրաձայնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ նշելով, որ  ՔՊ խմբակցությունից Ռուստամ Բաքոյանը, ով նաև այս  հանձնաժողովի նախագահի տեղակալն է, մեկ վայրկյան եկավ, նստեց ու դուրս եկավ:

«Մեր այս հանդիպումն էլ եկավ ապացուցելու, որ այն բազմաթիվ խնդիրներ, որոնք այսքան ժամանակ չեն լուծվել, կարծես թե  լուծման փուլում էլ չեն, նպատակ էլ չունեն լուծվելու, դրանք պետք է բարձրաձայնվեն հենց իշխանության ներկայացուցիչների մոտ,  նրանցից ակնկալվեն պատասախաններ: Շատ հարցեր ինքներս ենք բարձրաձայնում, շատ մտահոգություններ  ինքներս էլ ունենք, բայց այդ խնդիրների լուծման գործիքակազմն իշխանության  ձեռքերում է, նրանք  պետք է իրականացնեն, նրանք են թերանում իրենց աշխատանքում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա թվարկեց ինչպես  օրեր առաջ հադրութցիների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նաև այսօր բարձրաձայնված հիմնական խնդիրներ, որոք սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներին են վերաբերում, նաև բնակարանային, աշխատանքային, որոնք, ըստ Ա. Մանուկյանի պարզապես աչքաթող են արվում, չեն լուծվում:

«Ունենք կարգավիճակի հարց, այստեղ էլ դա նշվեց, նրանք չգիտեն՝ տեղահանվա՞ծ են, բռնի տեղահանվա՞ծ են, ներքին տեղահանվա՞ծ են, փախստակա՞ն են: Այս  խնդիրներին ևս իշխանությունը լուծում չի տալիս: Կա  այս բոլոր խնդիրները լուծելու ռազմավարության բացակայություն: Սրան էլ լուծումներ չի ստանում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Այնուհետև նա հարցով դիմեց ներկա արցախցիներին՝ արդյո՞ք տեղյակ են, թե պատերազմական օրերին Շուշիի պաշտպանության պատասխանատուն ով է եղել:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց. «Ասեմ այնքանով,  որքանով իմ աչքերով եմ տեսել: Որպես այդպիսին մենք այդպես էլ չհասկացանք՝ Շուշին ուներ պաշտպանության առումով պատասխանատու, թե ոչ: Վերջին օրերին լսեցինք, որ  Սեյրան Օհանյանն է լծվել այդ գործին, այն էլ կամավոր  հիմունքներով: Չեմ հնչեցնի անուններ, կասեմ, որ եղել են մարդիկ, ովքեր վստահ առաջարկել են Փաշինյանին, Արցախի նախագահին, որ Շուշիի  պաշտպանության գործը հանձնարարի իրեն՝ պատրաստ լինելով հետագայում թե պարտվելու, թե հաղթելու դեպքում կրել պատասխանատվություն, ինչը մերժվել է: Այդ ժամանակ չէինք հասկանում, թե ինչու  է մերժվում, հիմա շատ լավ հասկանում ենք՝ ինչու մերժվեց: Շուշիի  պաշտպանությունը տարերային  բնույթ էր կրում»:

Քննարկմանը ներկա «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը կազմակերպել է Քարինտակի առաջին օպերացիան, որի ժամանակ ջարդվել է 750 ադրբեջանցի:

«Սպասվում էր երկրորդ օպերացիան, այն պատրաստվում էր, ցավոք, անհասկանալի բան կատարվեց: Թողնենք ռազմական դատարանին»,- նշեց նա: