Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հանրության հետ շփվելու նոր ձևաչափի մասին։ Նա հայտնել է, որ կպատասխանի օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերին։
Հարցին, թե ինքն իրո՞ք հավատում է, որ կարելի է ապրել թշնամիների հարևանությամբ և ունենալ անվտանգ, ծաղկող պետություն, Վարդանյանը պատասխանել է.
«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ մեր հարևան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպիտի լինի անկախ և հայկական։ Դա դժվար իրավիճակ է, նմանատիպ այլ պատմություններ էլի գիտենք։
Միակ պատասխանը դրան՝ լինել ուժեղ։ Մենք պետք է հասկանանք, որ հարևան պետությունը պետք է զգա, որ բոլորը, ովքեր ապրում են Արցախում, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչև վերջ գնալու, որպեսզի մենք ունենանք մեր անկախությունը, որ ներսում ունենալով տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր, տարբեր հարաբերություններ՝ պատրաստ ենք համախմբվել թշնամու դեմ։ Եվ այդ ուժը ցուցաբերելով, հավատացեք, հարևան պետությունը չի կարող անել այն, ինչ մեզ թվում է՝ կարող է, քանի որ ինքն ավելի մեծ է։
Եթե մենք լինենք ուժեղ, համախմբված, եթե ցուցաբերենք այդ կամքը, այդ ոգին, այդ էներգիան, մենք կունենանք դաշնակիցներ, որ մեր կողքին կկանգնեն։ Այդ դաշնակիցները պետք է տեսնեն մեր կողմից 100 տոկոսով նվիրվածությունը մեր հայրենիքին, 100 տոկոսով պատրաստականությունը մեր հայրենիքը պաշտպանելու։ Եվ պետք է տեսնեն, որ մենք իրենց ինչ-որ հարցերում կարող ենք աջակցել, օգնել։ Կարևոր է, որ ամեն ինչ լինի երկկողմանի։ Եթե մենք կարողանանք այդ երկու հարցը համախմբել, ամեն ինչ կհաղթահարենք։ Արցախը որպես անկախ պետություն, մի մասն է հայկական աշխարհի։ Ամբողջ հայկական աշխարհը պետք է միանա և ցուցաբերի նույն մոտեցումը, որ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիների»։