Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ անդամ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, հայագետ-պատմաբան Լևոն Մկրտչյանի՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովում ներկայացրած զեկույցը։
Հարյուրամյա դասեր, ռազմավարական և մարտավարական հիմնախնդիրներ
Սիրելի գործընկերներ, հյուրեր
Վստահ եմ, որ սույն գիտաժողովի ընթացքում գործընկերներս մասնագիտական բարձր մակարդակով կներկայացնեն քննարկման առարկա հիմնահարցերի ողջ թնջուկը: Հարյուրամյակի ընթացքում կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, տարբեր աշխարհընկալումների, տեսլականի պատկանող, քաղաքականացված ու ապաքաղաքական գիտնականների, գործիչների ստվար բանակ փորձել է պատասխանել մեր ժողովրդի համար կենսական նշանակության հարցադրումներին: Քաղաքական և պատմագիտական հսկայական նշանակություն ունեցող թեմայի բարդությունն նրանումն է, որ մասնագետները ստիպված են գնահատել մի ժամանակաշրջան, որ պատմականորեն դեռևս չի ամփոփվել: Գործընթացներն, որ սկսվել են հարյուր և ավելի տարի առաջ, այսօր իսկ շարունակվում են՝ ամենօրյա ազդեցություն ունենալով մեր տարածաշրջանի ժողովուրդների վրա:
21րդ դարի քաղաքակրթական բնույթի սրընթաց փոփոխություններն ստիպում են ազգերին կողմնորոշվել վազքի մեջ, երբեմն արմատական հեղաշրջում պահանջելով կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ընդ որում՝ յուրաքանչյուր ազգ պարտադրված է լինում գնահատել միջազգային և տարածաշրջանային խորքային գործընթացներն սեփական պարադիգմայով արժևորված: Ազգային ներուժի ծավալի ճիշտ հաշվարկումը, հավասարակշռության համակարգերում կուտակված հզորության ռացիոնալ կիրառումը, դառնում են ազգերի, պետությունների կենսունակության ապահովման կարևոր նախապայման:
Տարբեր քաղաքակրթությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի բախումների և համագործակցության հազարամյակների կենտրոն հանդիսացող մեր տարածաշրջանում այս ամենն ստեղծում է իրոք անկանխատեսելի զարգացումների համայնապատկեր: Ազդեցությունների առկա բարդ համակարգը հազարավոր թելերով առնչվում է աշխարհում գործող գրեթե բոլոր վճռորոշ ուժային կենտրոնների հետ: Կապերը ոչ միայն ուղղահայաց և հորիզոնական են, այլ հաճախ անկանոն բնույթ են կրում: Մեր տարածաշրջանը թէ քաղաքական, թէ քաղաքակրթական առումով հանդես է գալիս իբրև անկայուն օբյեկտ՝ իր գիտական, դասական բնորոշումներով: Ընդ որում,կայունացման գործընթացներն նման զգայուն կետերում հղի են ոչ պակաս վտանգներով, քան ընթացիկ անորոշությունը: Պատմությունը Միջին Արևելքին երբեմն նվիրել է համեմատական խաղաղության շրջաններ, երբ առաջանում է ուժի հավասարակշռում: Իբրև կանոն, այն հենվում է հակադրությունների բալանսավորման և առկա խնդիրների սառեցման սկզբունքների վրա: Եղած կոնֆլիկտներն ոչ միայն չեն լուծվում, այլ գնալով խորանում և խրոնիկական խոցի կարգավիճակ են ստանում: Արդյունքում, երբ հերթական համաշխարհային ցնցումը քանդում է հավասարակշռության համակարգը, նման տարածքներում կուտակված հակասությունների խորքային շերտերն դուրս նետվելով՝վտանգավոր, պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում ոչ միայն այդ հատվածի, այլև համաշխարհային անվտանգության համալիր համակարգի պահպանման առումով:
Հավասարակշռության ձւավորումը անկայուն օբյեկտների կառավարման գլխավոր ուղղորդիչն է: Անվտանգության ապահովման հիմնահարցը այդ տարածքների ժողովուրդների գերխնդիրն է դառնում: Քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային հակադրությունները պահանջում են ձևավորել գործընթացների կառավարման բաց, առավել նուրբ համակարգեր՝իրականացնելով գործունեություն գործունեության վրա: Պատկերավոր ասած անկայուն օբյեկտի կառավարումն, ըստ էության նշանակում է կառավարվող անկայունություն:
Պետք է նկատի ունենալ, որ անկայունության հավասարակշռման գործընթացներն ոչ միայն արտաքին դաշտում են, այլև պետությունների ներհասարակական զարգացումներում:Իբրև կանոն այս երկրներում առկա են ազգային անվտանգության հետ առնչվող հիմնահարցերի սրված ընկալում, օտար գաղտնի ծառայությունների առավել բազմաբնույթ և ակտիվ աշխատանք, արտաքին ազդեցությունների ենթարկվածության մեծ աստիճան, քաղաքական, տնտեսական դաշտերի անկատարություն և այլն: Հասարակության մեջ տարիներ շարունակ երկարաձգվող այս իրավիճակն առաջացնում է անկումային, նիհիլիստական տրամադրություններ: Առաջանում են ներքաղաքական գործոններ, որ հաշվի չառնելու պարագայում ուղղակի սպառնալիք կարող են դառնալ պետության համար:
Նշված խիստ ընդհանուր բնորոշումներից իսկ պարզ է դառնում, որ այսօր առավել ծանր և պատասխանատու մարտահրավեր է նետված հատկապես Հայկական լեռնաշխարհի, Հարավային Կովկասի, Իրանի բնիկ ժողովուրդներին:Նրանք նոր ժամանակներում, նոր լոզունգների և գաղափարախոսությունների բիրտ ճնշման պայմաններում, ստիպված են իրենց հազարամյա փորձառությամբ դիմագրավել և հակակշռել գոյապահպան նշանակության հին վտանգներին:Հատկանշական է, որ ռեգիոնում դեռևս 1890-ականներից սկսված նոր ազգերի ձևավորման գործընթացներն շարունակվում են ագրեսիվ ուժային դրսևորումներով: Անատոլիական թրքության օրինակով արդեն Հարավային Կովկասում հընթացս հորինվում են «պատմական հիմքեր», փորձ է կատարվում բնիկ ժողովուրդներից յուրացրած տարածքների, մշակույթային-սովորույթային ժառանգության թալանի միջոցով կառուցելու «հայրենիք» և անհանդուրժողական, ծայրահեղ ազգայնամոլ գաղափարախոսություն որդեգրած պետականություն:
Փորձության մեծ չափաբաժինը ցավոք կրկին հայ ժողովրդինն է: Քննության է ենթարկվում ոգեկան ամրության, ազգային համախմբման և ինքնակառավարվելու ունակությունները: Այժմեական է դառնում սեփական արժեքների և հոգևոր գերակայության ապահովելուն միտված զինանոցի արդիականացումն ու ճիշտ օգտագործումը: Նոր բովանդակություն և ձև է ստանում նաև վաղնջական ժամանակներից մեզ ուղեկցող ազատագրական պայքարի դիլեման իր երկու ճյուղավորումներով
-Ներսես Մեծի տեսիլք՝ իմա օտարի օգնությամբ ազատագրվելու, հզոր, հոգեհարազատ ազատարարին փարվելու ուղղությունը
-օտար տիրապետության դեմ անվերապահ պայքար մղելու, սեփական հող ու ջրից ուժ ստացող հայ ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի կերպարով մարմնացած ուղղությունը:
Անկախ պետականության կառուցման 30-տարիների ընթացքում հասել ենք թերևս ամենապատասխանատու և վտանգավոր եզրագծին: Հասարակության մեջ գերակայող հուսահատական պարտվողական տրամադրությունները բերել են որակական տեղաշարժի ընդհանուր ընկալումներում: Մասնավորապես առկա է.
ա/ որոշակի մերժողական վերաբերմունք ոչ միայն վերջին տասնամյակների, այլև ընդհանրապես անցյալի ձեռքբերումների նկատմամբ
բ/ զրոյականի մոտ հակազդեցություն աշխարհաքաղաքական ահագնացող ցնցումների առաջացրած սպառնալիքների հանդեպ
գ/ պետականության ձախողման, տնտեսական հնարավոր կոլապսի վտանգի զգացողության բացակայություն
Հուսալքության ալիքը ժողովրդի մեջ առաջացնում է պասիվ պայքարի՝ երկիրը լքելու, օտարին ապավինելու, սեփական անզորությունն ամրագրելով գոյատևելու ճանապարհով գնալու տրամադրություններ:
Հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդը մի քանի անգամ ստիպված է եղել հաղթահարել նման իրավիճակներ: Եվ ազգային հարատևման բանալի լուծումները գտնվել են ասիմետրիկ պատասխաններում: Վերահառնման յուրաքանչյուր փուլում դրվել է ոգու բարձրացման, ազգային հպարտության, աշխարհում արժանապատիվ ապրելու իրավունքի վաստակմանն ուղղված ճիգը: 1915 և Նեմեսիս գործողություն, որ փոխեց հայի կերպարի ընկալումն աշխարհում ու ներազգային կյանքում, Առաջին հանրապետության կայացման համար դժվար, թվում է՝ դատապարտված պայքար և հայոց անկախ խորհրդարանի՝Ազատ Անկախ և Միացյալ Հայաստանի տեսլականը, Հանրապետության անկում և Լեռնահայաստանի ազատագրական պատերազմ, ապա Սփյուռքի ձևավորում, Տարոնականություն, Ցեղակրոն ուխտ, հայրենակցական միություններ, ազգային կառույցների ձևավորում, 1960-70-ականների Ցեղասպանության ճանաչման շարժում և Վրիժառուական պայքար: Կարելի է երկար թվարկել այս շարքը: Ընդդիմախոսներն այս ամենը կարող են համարել ռոմանտիզմ, ոչ ռեալիստական քաղաքականություն, կոչել իրատեսության, քննադատել և մեղադրել արմատականության մեջ:
Մեր կարծիքով իրականությունն էքզիստենցիալ հարթության մեջ է: Հայ ժողովուրդն այս տարածաշրջանում ստիպված է եղել և ստիպված է հակազդել իր նկատմամբ իրականացվող ծրագրավորված ոչնչացման, դուրս մղման դարավոր քաղաքականությանը: Մեր հարևանների օրակարգում բացակայում է կենսունակ և ինքնաբավ Հայաստան տեսնելու տարբերակը: Այն Հայաստանը, որին նրանք «ողորմածաբար» կհամաձայնվեն գոյության «իրավունք» տալ, երբեք չի կարող բավարարել արժանապատվություն ունեցող և արժեհամակարգ ձևավորած ազգի չափանիշներին:
Թշնամական ուժերի կողմից անկլավի վերածված մեր մեծ հայրենիքի փոքր հատվածում պատսպարված հայության բեկորներն այսպիսով է, որ պարտադրված են պատասխանելու հիմնական հարցին՝ պե՞տք է դիմագրավել հարևան թրքական պետությունների նվաճողական քաղաքականությանն, ինչու՞ և ամենակարևորն՝ինչպես: Ինչուի և ինչպեսի միասնականությունն ու փոխպայմանավորվածությունն հստակ է: Կամ մի քիչ արդիական ձևակերպմամբ՝ հայ ժողովուրդն արդյո՞ք ազգ է բառի քաղաքակրթական նշանակությամբ և կարո՞ղ է աշխարհին ներկայանալ յուրահատուկ կոնցեպտով, որ արժանի լինի «failed nation» չկոչվելու, արժանի լինի հայրենիքում սուվերեն պետականություն կառուցելու: Եթե այո, ի՞նչ պետք է անել այդ ճանապարհին:
Աշխարհաքաղաքական ներկա խորքային գործընթացները և հեռանկարային զարգացումներն հաշվի առնող, օտար ազդեցությունից զերծ համահայկական ներուժի օգտակար գործադրման ու տիրապետման համակարգի ձևավորումն այլընտրանք չունի: Համակարգերն տարբերվում են հակահամակարգերից նրանով , որ
ա/ հավասարակշռված են և կառուցված հակադրությունների պայքարի ու միասնության սկզբունքի վրա
բ/ ունեն իրական բովադակություն, ուր հստակ սահմանված են ռազմավարական նշանակության խնդիրներն ու մարտավարականը: Այստեղ հնարավոր չէ մարտավարությունն ներկայացնել իբրև ռազմավարական առաջադրանք
գ/ ձևը համապատասխանում է բովանդակությանը ու բխում է վերջինիցս
դ/ ներդաշնակ են և նպաստում են առաջընթացին, բացառում են ավերելու, քանդելու և « նորը » կառուցելու բոլշևիկյան մեթոդոլոգիան
Այս համակարգն պետք է ունենա ամուր գաղափարախոսական հենք, նպատակի, խնդիրների ու միջոցների ներդաշնակորեն փոխլրացվող, ճշգրտված ռազմավարական ծրագրավորում: Մեր չափումը պետք է հենված լինի աշխարհասփյուռ ազգի կարգավիճակի ամրապնդմանն՝ Հայաստանակենտրոն վեկտորի անվերապահ գերակայության սկզբունքով:
Հայոց ազգային գաղափարախոսության հենքը ձևավորվել է 19-րդ դարի վերջերին սկսված Հայկական հեղափոխության տեսլականով և արդիական է հատկապես այսօր: Այն է՝ հայ ժողովրդի հզոր, ազատ, բարեկեցիկ կենսագործունեության ապահովում ամբողջական և անկախ հայրենիքի տարածքում: Մշակված է հայկական շարունակականության ապահովման՝ հանգրվանային ձեռքբերումներով դեպի Նպատակ շարժվելու մարտավարությունը: Հարկավոր է արդիականացնել, 21-րդ դարի բարդ ցանցային պահանջներին համարժեք ձևավորել արյունով ու անսահման նվիրումով սրբագործված կոնցեպտը:
Հայ ազգի լինելիությանն ուղղված նպատակների ամրագրմանն զուգընթաց անհրաժեշտ է հստակ ձևակերպել ՀՀ-ում, ԱՀ-ում, Ջավախքում և Սփյուռքի համայնքներում առկա մերօրեա օրակարգերն ու թիրախները՝լինեն դրանք քաղաքական, հայապահպան, կրթամշակույթային թէ ընկերային-տնտեսական բնույթի: Սա պահանջելու է տքնաջան աշխատանք հետևյալ ուղղություններով
ա/ ռազմավարական ծրագրավորում՝ հայեցակարգերի, թիրախային և ոլորտային նպատակներ հետապնդող ծրագրերի մշակում, համադրում գործնական կիրառման ու գործադրման ժամանակացույցերի ձևավորում
բ/ գործամիջոցների և գործադրման դաշտերի հստակեցում ու համադրում
գ/ մարտավարական նշանակության խնդիրների առանձնացում և ըստ առաջնահերթության դասակարգում
դ/ յուրաքանչյուր ծրագրի ենթատեքստում հնարավոր համախոհ և հակադիր ուժերի տեղաբախշման քարտեզի ձևավորում
ե/ տեղեկատվական ընդհանուր, մրցունակ դաշտի ստեղծում, տեղեկատվական-քարոզչական նոր որակի գործառույթների ձևավորում
զ/ հայ ժողովրդի կարողունակության « գույքագրում » չորս միջոցներով
- Մարդկային
- Կազմակերպական
- Ֆինանսական
- հոգևոր մշակույթային
Հիշյալ ուղղություններով հետևողական առաջ շարժվելու պարագայում կկարողանանք ձւավորել ռազմավարական ծրագրավորման մեր մեթոդոլոգիան, ժամանակակից աշխարհում գնահատել սեփական ներուժը: Հստակ չափորոշիչներով կարելի է իմաստավորել հայ ազգի տեղն ու դերը, ուրվագծել հնարավորությունների սահմանագծերը: Կարևոր է ճիշտ կողմնորոշվել հատկապես գործադաշտերի և գործամիջոցների ընտրության մեջ: Օտարների կողմից մատուցվող, գեղեցիկ փաթեթավորված և համընդհանուր քաղաքակրթական արժեքների տեսքով մեզ հրամցվող շատ գործիքակազմերի չհաշվարկված կիրառումը կարող է հաճախ ավերիչ հետևանքների հանգեցնել:
Ազգային շահերի հաշվառման վրա հենված մեթոդոլոգիայի հիմնական խնդիրն նմանատիպ վտանգների չեզոքացումն է, զարգացման սահուն ընթացքի ապահովումը:Այն անհրաժեշտաբար առաջացնելու է արմատական փոփոխություն հայության հավաքական աշխարհընկալման մեջ: Պետականության բացակայության հարյուրամյակներն,ցավոք մեծապես խեղել են ազգային բնավորության շատ հատկանիշներ: Հասկանալի է, որ անհրաժեշտ է երկարատև,հետևողական ճիգ իրավիճակն արմատապես և որակապես փոխելու համար: Սուվերեն պետականաշինության մերօրյա մարտահրավերի հաջողության գրավականն երեք կարևոր սկզբունքների պահպանումն է
ա/ պետք է արմատապես փոխել պարտվողական,հարմարվողական մտածելակերպը՝ գոյապահպան չափումներից անցնելով լինելիության մտածողությանը:Երկիրն իր փոքրության պատճառով չունի թիկունք և սահման հասկացություն: Ըստ այդմ, ինչպես ՀՀ և ԱՀ քաղաքացիներն,այնպես էլ աշխարհասփյուռ հայությունը, պարտավոր են ձևավորել անհամաչափ հակազդեցության,սեփական կարևոր առաքելության գիտակցման վրա հենված կենսագործունեություն:
բ/ միայն ազատ, իր իրավունքներին հետամուտ հասարակությունն է ի վիճակի պաշտպանելու հայրենիքը
գ/ Հայաստանն պետք է արտագաղթող բնակչություն ունեցող երկրից վերածվի ներգաղթող հայության երկրի:Ընդհանրապես հայ լինելն պետք է գրավիչ լինի և հոգևոր-բարոյական տեսանկյունից և պաշտպանվածության ու անձնական բարեկեցության առումներով
Համահայկական ներուժի գնահատումը հնարավորություն կտա հասկանալու հայկական քաղաքակրթական գործոնի հզոր ուժը։ Հասկանալու, որ մեր ժողովուրդը ոչ միայն պատմականորեն, այլև ներկայումս ևս համաշխարհային հոգևոր արժեհամակարգի ակտիվ շինարարներից է՝ իր որոշակի առաքելությամբ։ Հայ ուժականության աստիճանն է , որ կարող է ձևավորել այսօրվա գործնական քաղաքականությունը՝պասիվ օբյեկտի կարգավիճակից ակտիվ սուբյեկտի վերածվելու հնարավորությամբ։
Հայաստանում՝ իշխանությունները, ընդդիմությունը, ժողովուրդը պիտի հասկանան հայկական ազգային օրակարգի միասնականությունն ու փոխլրացվածությունը, իսկ Սփյուռքում պետք է ընդունեն, որ երազն իրականություն դարձնելու ճանապարհը Հայաստանի հանրապետության և Արցախի հզորացումն ու ամրապնդումն է: Մնացյալ ամեն ինչ պատրանք է և չի դիմանա ժամանակի քննությանը։
Լևոն Մկրտչյանի ելույթի տեսագրությունը՝ ստորև.