Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Yerkir.am-ն ընթերցողին է ներկայացնում «Անդրադարձ» թերթում (N 23 (50), 17 հուլիսի, 1991 թ.) վերատպված՝ Փարիզում անցյալ դարի կեսերին տպագրվող «Վերապրիլ» գրական-գեղարվեստական և գիտական պարբերաթերթի «Հայերը՝ անհատապես ու հավաքականապես» հոդվածը, որում բազմաթիվ առնչություններ կան մեր իրականության հետ։
Մեր ազգին մեջ անհատը մանրանկարը չէ հավաքականության։ Անհատական պատկերները կներկայացնեն այլ բաներ, իսկ հավաքական մեծանկարները կամ համայնապատկերները՝ ուրիշ բաներ: Մեր անհատական կյանքերը ուրախ են ու ծիծաղելի, նման կատակերգության, հավաքական կյանքերը, սակայն, տխուր են ու արգահատելի, նման ողբերգության։
Մինչ անհատապես կբարձրանանք, հավաքականապես ալ կխորանանք, այսինքն՝ կիջնենք գերեզման:
Անհաշտվելի են անհատական հաջողությունները, թե՛ վաճառականական, թե՛ վայելչասիրական, թե՛ մարզական, թե՛ մամուլի, թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական գետիններուն վրա։ Անհատապես բազմաթիվ հայեր եղած են անվանի, ականավոր, հռչակավոր, նշանավոր ու երանելի։ Զեն պակսիր նույնիսկ «աշխարհահռչակ» ու «տիեզերահռչակ» հայեր։ Ուրեմն անհատապես հայը հանրածանոթ անձնավորություն մըն է, իսկ հավաքականապես միշտ կմնա մյուս ազգերուն համար անշուք, աննշան, անծանոթ ու նույնիսկ աներևույթ:
Այո, անհատապես հայերը կշահին հաջողություններ ու հաղթանակներ, կզարդարեն իրենց հանճարակուռ գլուխները ծաղկեպսակներով, դափնեպսակներով ու լուսապսակներով, սակայն, ափսոս, հավաքականապես անհաջողություններու և պարտություններու մեջ ենք, ու մեր ազգին գնչու գլխուն վրա գտնվածը միշտ երկաթե փշապսակ մըն է, հետզհետե ավելի սուր ու արյունող:
Եթե անհատապես կմեռնինք, հավաքականապես ալ կանհետանանք: Սակայն, անհատապես մեռնելով չենք պակսիր, ընդհակառակը՝ անսպասելի կերպով կավելնանք:
Անհատապես ամենքս էլ փառավորապես կխմենք, կուտենք ու կկլլենք: Իսկհավաքականապես անփառունակ կերպով կխմվինք, կուտվինք ու կկլլվինք:
Անհատապես նախաձեռնող ենք. կշինենք տուն, կբանանք խանութ, կստեղծենք գործ, ասպարեզներու մեջ կսուրանք, հրապարակներու վրա կփայլինք, բեմերու վրա կփողփողինք, բազմատեսակ աշխատանոցներու մեջ կփայլփլինք, մամուլի մեջ կշողանք, գրականության մեջ կշողշողանք, մեր ձայնով կճառագայթենք, մեր շարժումով կլուսավորենք, հանճարի հուրերով օժտված ենք, սակայն, հավաքականապես կվառինք ու կմոխրանանք։
Բոլոր փայլող, փայլփլող, շողացող, շողշողացող, ճառագայթող ու լուսավորող հայերը անհատապես կամ խազախ են, կամ կովկասցի, կամ ռուս, կամ թուրք, կամ պարսիկ, կամ ֆրանսիացի, կամ ամերիկացի։ Բայց հավաքականապես հայու զավակ հայ ենք, նույնիսկ տերտերի տղա ենք, սակայն, հավաքականապես, ավաղ, գնչու ենք։
Վաղը, մյուս օրը, վստահաբար, հայերը անհատապես զանազան երկիրներու երկինքներուն աստղերը պիտի ըլլան, իսկ հավաքականապես պիտի խամրինք, որպեսզի մեր անհատներուն աստեղային փայլերը դառնան ավելի կարկառուն, ավելի շողշողենի:
Հայը անհատապես և հավաքականանապես կարելի նմանեցնել նաև պտուղի, բանջարեղենի և կենդանիներու։ Այսպես, հայը անհատապես մերթ վարունգ է, հա-վաքականապես՝ միշտ դդում: Հայը անհատապես մերթ մրջյուն է, հավաքականապես՝ միշտ ճպուռ։ Հայը անհատապես մերթ աքլոր է, հավաքականապես՝ միշտ փետտված սագ: Հայը անհատապես մերթ առյուծ է, իսկ հավաքականապես՝ միշտ գառն աստուծո։
Հայը հակասություններու հսկայական հավաքածու մըն է։ Անհատապես հարուստ է, ազգովին՝ աղքատ, անհատապես առողջ է, ազգովին՝ հիվանդ, անհատապես կենդանի է, ազգովին՝ մահամերձ, անհատապես ժառանգավոր է, ազգովին՝ անժառանգ, անհատապես ամեն ինչ է, ազգովին՝ ոչինչ:
Մարդիկ, անասունները, անշունչ իրերն անգամ կզորանան հավաքականապես։ Հայը կմերժե հավաքական հզորությունը։ Հայությունը, ներկայիս, համախմբվելով կվերածվի խառնարանի ու խավարի:
Հայը, անցյալի մեջ, գիտցած է, երբեմն, միանալ։ Եվ ամեն անգամ, որ միացած է՝ հաղթած է ամեն արգելքի, դժվարության ու թշնամիի։
Ներկայիս, հայը կնպաստե իր թշնամիներուն, կամրացնե իր արգելքները ու կբազմացնե իր դժվարությունները ու անհատապես բոլորին վրայեն կթռնի կանցնի, իսկ հավաքականապես․․․ թռցված է։ Երանի՜ թե աստված քիչ մը պակսեցնե հայ անհատին ծանրութենեն ծռած խելքը, կեդրոնախույս շնորհը, ամբարտավան ու անբան դարձնող հարստությունը և երանի՜ թե Աստված քիչ մը խելք ու շնորհ տա հայ հավաքականության:
Հակառակ պարագային, այսինքն՝ այս ընթացքով, պիտի ունենանք մեծ հայեր, հանճարեղներ, տիեզերահռչակներ, անմահներ, սակայն, ո՛չ հայ անունով, իսկ հավաքականապես ալ պիտի ունենանք անկելանոցներ, ծերանոցներ ու ապա մեծատարած գերեզմանոցներ:
Հուսահատելու չէ: Դեռ հայեր պիտի ծնին հայութենեն, սակայն, կասկածելի է, որ այդ հայերեն ծնի ու շարունակվի հայությունը: Բայց այսօրվան ծնած ու վաղվան ծնելիք հայերը՝ պիտի տքնին ի նպաստ օտար կիներու և ի պատիվ օտար այրերու, ինչպես նաև ի փառս երկրորդ հայրենիքներու:
Ամբողջ մարդկությունը մեկ ազգի վերածելու համաշխարհային շարժումին ռահվիրաները պիտի ըլլան հայերը, իբրև այլասեր աշխարհաքաղաքացիներ:
Մեր մոլորակի միջազգային ձուլարանին կաթսային մեջ առաջին նետվողները պիտի ըլլան հայերը, փոխանակ ըլլալու վերջին նետվողները կամ բնավ չնետվողները: Քանզի հայություն և հառաջադիմականությունը հոմանիշ են իրարու:
Վերջապես, յուրաքանչյուր հայ անհատ պիտի ըլլա իշխան, գահակալ, կայսր, առնվազն՝ նախագահ: Յուրաքանչյուր հայ պիտի ըլլա երկրի մը պետը, երկրի մը առաջին մարդը, հրամայողը, տիրողը, կառավարողը: Ամեն հայ իր գլխուն վրա պիտի ունենա ոսկեղեն ու ադամանդակուռ թագ մը, բայց հայությունը պիտի մեռնի անթագ, նույնիսկ անդագաղ ու անդամբանական: Երանի՜ հայերուն, ափսո՜ս հայության:
ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ
«Վերապրիլ», Փարիզ