Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էդվարդ Տանձիկյան
«Ayrıntı» հրատարակչության կողմից լույս է ընծայվել պրոդյուսեր և գրող Քազըմ Գյունդողանի «Ալևիաց(վ)ած հայերը» գիրքը։ Նոր գրքի մասին զրուցել ենք Քազըմ Գյունդողանի հետ, ում ճանաչում ենք «Դերսիմի կորուսյալ դուստրերը» վավերագրական ֆիլմի շնորհիվ։
Ձեր գրքի համար օգտագործել եք «Ալևիաց(վ)ած հայերը» վերնագիրը։ Ինչու՞ ընտրեցիք նման վերնագիր: Արդյո՞ք դա արտացոլում է հայերի ալևիացման պատմությունների տարբերությունները:
Որևէ գրքի վերնագիր, որպես կանոն, արտացոլում է դրա բովանդակությունն ու ոգին, ինչպես նաև ներառում է հեղինակի մտքերը: Արտագաղթելուս պատճառով մոտ տասը տարի տևած հետազոտության ընթացքում հարցազրույց վերցրեցի 90 մարդուց: Լսեցի նրանց, տեսա ավերված տեղերը, վայրերը, որտեղ նրանք ապրում էին, շոշափեցի, զգացի դրանք։ Իհարկե, միայն այս բոլորի հանրագումարը կարող է բավականաչափ բացատրական չլինել նման վերնագրի համար։ Սակայն նրանք, ովքեր մի քիչ ծանոթ են ցեղասպանությունների պատմությանն ու գրականությանը, հեշտությամբ կարող են հասկանալ, թե ինչ է ենթադրում և նկարագրում այս անվանումը։
Դեռևս չընթերցված գրքի վերնագրի հիման վրա բուռն բանավեճեր, քննադատություններ ու առարկություններ եղան։ Ես չկարողացա լիովին հասկանալ չընթերցված գրքի վերաբերյալ այդքան քննադատությունների ու առարկությունների պատճառը..․ Քանզի կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ունի թուրքերենի քերականության իմացության միջին մակարդակ և զերծ է նախապաշարմունքներից, գիտի, որ «ալևիաց(վ)ած» հասկացությունը երկու իմաստ ունի։ Բայց ես կրկին կցանկանայի համառոտ բացատրել. առաջինը՝ ալևիացված, երկրորդը՝ ալևիացած։ Այս երկու հասկացությունների (-ացված)-ով միատեղ օգտագործումը միասին գրելու մեթոդ է… Առնվազն ես այդ մտքով եմ գրել։ Այս հասկացություններից առաջինում կա ուղղակի ֆիզիկական բռնություն, իսկ երկրորդում՝ անհրաժեշտություն։
Լավ, իսկ ո՞վ է կիրառել ֆիզիկական բռնությունը։ Նրանք, ովքեր հետևում են մեզ և մեր աշխատանքին, և ըստ այդմ գիտեն, որ խոսքը և օսմանյան, և հանրապետության շրջանում իրականացված ցեղասպանության մասին է։ Ֆիզիկական բռնությամբ ոչնչացված, պատմությունը, լեզուն, հավատքն ու ունեցվածքը թալանված հասարակության վերապրած անհատները կամ փոքր համայնքները պահպանվելու համար մնում են իրենց գտնված տեղում և ապրում ուծացման գործընթաց: Եթե նրանց շուրջ տեղակայված ակտիվ խումբը մահմեդական է, ապա ստիպված մուսուլման են դառնում, իսկ եթե ալեւի՝ ապա ալեւի… (Քանի որ Թերթելե/Ցեղասպանությունը պարզապես ֆիզիկական բռնությամբ սկսված և ավարտված իրավիճակ չէ, այլ՝ բազում տարբեր չափումներով գործընթաց):
Այսպիսով, բազմաթիվ գիտական հետազոտություններից և գիտաժողովներից գիտենք, որ քրդական և թուրքական քաղաքներում, որտեղ մուսուլմաններն ակտիվ/գերակշռող էին, կան «մահմեդականաց(վ)ած հայեր»։
Գրքում տեղ գտած Խըդըր և Քայրե Ասլանփենչեսիների պատմությունը դրա վառ օրինակն է։ Քանի որ Մազկերտին կից Դանաբուրան գյուղում ապրում էին մահմեդական թուրք բեյեր, այստեղ մնացած հայերը իսլամաց(վ)ել էին, և Խըդըր Ասլանփենչեսին իրեն բնորոշում է որպես մահմեդական հայ։ Իսկ 4-5 կմ վերև գտնվող Սորդա եւ Խոզինկիգ գյուղերում ապրում էին ալեւիներ։ Այս գյուղերում գտնվողներն էլ ալևիաց(վ)ել են: Քայրե Ասլանփենչեսին իրեն բնորոշում է որպես ալեւի հայ։ Գրքի վերնագրում ֆիզիկական բռնություն/ուժ արտահայտող (-ացված)-ը նկարագրում է ոչ թե Դերսիմի ալևի հասարակության, այլ պետության անմիջական դերը։ Երբ ուսումնասիրում ենք ցեղասպանությունների պատմությունը, տեսնում ենք, որ ցեղասպանությունները հիմնականում իրականացվել են պետությունների կամ այլ ինստիտուտների կողմից։ Սակայն հայտնի փաստ է, որ հասարակությունները նույնպես ուղղակի կամ անուղղակի ներգրավված են լինում ցեղասպանությունների մեջ։ Մեկ այլ հայտնի փաստ. ոչ մի հասարակություն (գերմանական հասարակության սկզբնական ջանքերը չհաշված) չի ցանկանում ընդունել դա: Որովհետև յուրաքանչյուր հասարակություն՝ ռասայի/ազգության, կրոնի/հավատքի և այլնի պատճառով իրեն առանձնացնում է մյուս բոլոր հասարակություններից՝ իրեն տեսնելով որպես ուրիշ, բարձր, խաղաղասեր, մարդասեր և այլն։ Այնքանով, որքանով նա իրեն այսպիսին է համարում, այլ հասարակություններին տեսնում է այս բնութագրիչների հակառակ կողմով և նրանց դարձնում չարի ու ատելության առարկա կամ մարգինալացնում՝ փորձելով ցուցադրել դա:
Ուրեմն, որտեղի՞ց է գալիս ստիպողականությունը: Գալիս է վախից, իրեն թաքցելու և պարզապես ապրելու մղումից: Բռնության և ստիպողականության գոյության պայմաններում չի կարելի խոսել կամավորությունից… (Անշուշտ, նորմալ պայմաններում մարդիկ կարող են ինքնակամ փոխել իրենց հավատքն ու կրոնը): Ֆիզիկական ցեղասպանության տեղի ունեցած մշակութային ցեղասպանության շարունակվող տարածաշրջանում կամավորության մասին խոսելը նշանակում է անտեսել ցեղասպանության իրողությունը և դրա հետևանքները, կամ նույնիսկ փորձել նորմալացնել այն: Հետևաբար այս պայմաններում հայերը ալևի դարձան ոչ թե կամավոր, այլ՝ ստիպված։ Քանզի նրանց կրոնական առաջնորդները ոչնչացվեցին։ Եկեղեցիներն ու վանքերը, որոնք կպահպանեին նրանց հավատը, պետության կողմից այրվեցին և ավերվեցին։ Մնացած եկեղեցիներն ու վանքերը նույնպես չեն պահպանվել տեղի բնակիչների կողմից, ընդհակառակը, եկեղեցու քարերը ոմանք օգտագործել են տների և դպրոցների շինարարության մեջ։ Այնքան, որ երբ Դերսիմի որոշ շրջաններում խոսվում է հայերի մասին, առաջին բանը, որ մտքին է գալիս՝ «հայկական ոսկին» է, որն էլ բացատրում է այս իրավիճակը։ Եվ այդ ոսկին գտնելու ու տիրանալու համար չփորված եկեղեցի, վանքի ավերակներ, հայի գերեզմաններ գրեթե չեն մնացել։ Ինչպես նաև՝ կորցրել են իրենց ամենակարևոր հենարանը՝ իրենց ունեցվածքը. որոշ աշիրեթներ և ընտանիքներ ձեռք են գցել ունեցվածքի զգալի մասը: Նման քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային պայմաններում նրանք, ովքեր ալեւիների մեջ են, անհրաժեշտաբար ալևիացել են, իսկ մուսուլմանների մեջ եղողները՝ մահմեդականացել։
Փաստացի, երբ ալևիաց(վ)ած կամ իսլամաց(վ)ած հայերը գաղթում էին Ստամբուլի, Եվրոպայի պես վայրեր, որտեղ եկեղեցիներ և համայնքներ կային, և երբ ստիպողականությունը վերանում էր, նրանք հիմնականում գերադասում էին վերադառնալ իրենց կրոնին: Փորձեմ բացատրել. ցեղասպանության ընթացքում պետության դերի և սոցիալական իրողությունների լույսի ներքո գրքի վերնագիրը որոշվեց այսպես՝ «Ալևիաց(վ)ած հայեր – Ենթակա ենք Հիսուսին, պարտական՝ Ալիին»:
Ո՞ւմ հետ եք զրուցում գրքում: Կարծեմ՝ տարբեր երկրներից հարցազրույցներ ունեք:
Այս ուսումնադիրության մեջ ներառված մարդկանց մի նշանակալի հատվածն այսօր դեռևս Դերսիմում ապրողներ են․ հանդիպեցի դերսիմցի հայերի, ովքեր գաղթել էին Ստամբուլ, Ֆրանսիա, Գերմանիա, Լիբանան, Ավստրալիա և Ամերիկա։ Գրեթե բոլորի ընդհանրությունն այն է, որ նրանք տեր են կանգնում իրենց հայկական էթնիկ ինքնությունը և դերսիմյան ինքնությունը։ Այնուամենայնիվ հավատքի տեսանկյունից, նրանք իրենց բնորոշում են որպես ալևի, քրիստոնյա, աթեիստ և մահմեդական (քիչ թվով): Գիրքը բաղկացած էր երեք մասից։ Առաջին մաս․ «Ալևիաց(վ)ած հայերը»։ Այս բաժինը պարունակում է դերսիմցի հայերի 72 պատմություն։ Երկրորդ մասը «Դերսիմի ալեւիների հայկական հիշողությունը» վերնագրով է։ Այս բաժնում 12 ալեւի մտավորականներ հիշողություններ ու դիտարկումներ են պատմում իրենց հարեւանների մասին։ Այսպիսով, գրքում ներառել եմ ընդհանուր 84 մարդու պատմություն։ Իսկ երրորդ մասում ներառելով «Հայերի տեղակայումն ու բնակչության թիվը Դերսիմում մինչև 1915 թ.» վերնագրով փաստաթուղթը՝ ցանկացել եմ, որ այն նպաստի քննարկումներին և հետազոտություններին: Մարդկանցից մեկը, ում հետ դերսիմցի հայերի մասին կարծիքներ եմ քննարկել և գրքում ներառել, Սարգիս Սերոբյանն էր՝ «Ակօս» թերթի լրագրողներից։ Այս առիթով հարգանքով ու կարոտով եմ նշում Սարգիս ախպարիկի հիշատակը։
Վերջերս պետության կողմից հնչող մեղադրական փաստարկներ կային, որ Դերսիմում մասնավորապես ալեւիները մեծամասամ իրականում հայեր են։ Այս փաստարկը հետաքրքիր ձևով արտահայտել են նաև այլք։ Սակայն կարծում եմ, որ իրական դրությունն այդպես չէ և ավելի խառաշփոթ է, չէ՞։
Դուք շատ ճիշտ եք․ իրական վիճակն այդպիսին չէ։ Պետությունները համակարգված կերպով շարունակում են իրենց կեղտոտ քաղաքականությունը ցեղասպանության ենթարկված և մշտապես որպես «օտար» ընկալվող հանրույթների նկատմամբ։ Չեն ցանկանում թույլ տալ, որ այդ հանրույթները հանդիպեն և վերակառուցեն իրենց իրական պատմությունը, ինքնությունն ու խորհրդանիշները: Այդ պատճառով պետությունների գաղափարախոսական ապարատները համակարգված կերպով խեղաթյուրում են փաստերը, ստեղծում ստեր և բազմաթիվ արդյունավետ միջոցներով փորձում այդ սուտը պարտադրել հասարակությանը։ Հասարակությունները թունավորվում են այդ նպատակով ստեղծված կեղտոտ գաղափարներով։ Դա տեղի է ունեցել նաև Թուրքիայում։ Գալով ձեր հարցին․ առաջին՝ ռասիզմով թունավորված պաշտոնական պատմության թեզի պաշտպանները իրենց կուտակած հայատյացությունը Դերսիմի ալեւիների վրա թափելով՝ ցանկանում են արդիական պահել ալեւիների հանդեպ ատելությունը։ Նման թունավորման և ատելության դրսևորում է Հալաչօղլուի խնդրո առարկա ելույթը, ով նաև զբաղեցրել է Թուրքական պատմագիտական ընկերակցության նախագահի պաշտոնը։
Երկրորդ․ սա այս զուգահեռում այն ժամանակվա Հայոց պատրիարք Աթեշյանի խոսույթն էր։ Ցեղասպանություն ապրած հանրույթները ամենուր արմատի կարիք ունեն և փնտրում են դա: Բազմիցս նշել եմ, որ թեև հասկանում եմ պարոն Աթեշյանի՝ Հալաչօղլուին զուգահեռ խնդրահարույց հայտարարությունների պատճառները, սակայն դա ճիշտ չեմ համարում։
Անշուշտ, համատեղ ապրող հանրույթները տարբեր պատմական ժամանակաշրջաններում և շատ տարբեր պատճառներով կարող են խառնվել և ներառվել այլ հասարակություններում: Սակայն, կարծում եմ, որ նշված մակարդակները և բերված չափերը չափազանց խնդրահարույց են։ Այս երկու հայտարարություններն էլ արդարացիորեն արժանացան դերսիմցիների արձագանքին։
Այդուհանդերձ, կային հայեր, ովքեր 1915 թ․ ապաստանել էին Դերսիմում կամ գաղթել այնտեղ։ Այս հայերը մեկ էլ 1938 թ. են աքսորվել։ Կարո՞ղ ենք խոսել երկու մեծ ողբերգությունների մասին այս խմբերի վերաբերյալ։
Այո, կարող ենք: Քազի Դերսիմի հայերը երկու ցեղասպանություն ապրած և այդ ցեղասպանությունների հոգեցնցումը վերապրող հանրույթ են: Դերսիմցիները 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը անվանում են «Tertele u veren» (նախորդ ցեղասպանություն), իսկ 1937-38 Դերսիմի ցեղասպանությունը՝ «Tertele u peen» (հաջորդ ցեղասպանություն): Եվ այս երկու ցեղասպանությունների հոգեցնցումը փոխանցվել է սերնդեսերունդ ու վերածվել սոցիալական հիշողության։ Իմ կատարած հարցազրույցներում, բացի առաջին ցեղասպանության ցավը իրենց հայր-մայրերից և պապ-տատերից ժառանգած երրորդ և չորրորդ սերնդի մարդկանցից, կային երկրորդ ցեղասպանության ցավը կրող երկրորդ և երրորդ սերնդի ներկայացուցիչներ․․․ Նրանցից ոմանք երկրորդ ցողասպանության անմիջական վկաներն էին։
Այստեղ կցանկանայի մի կարևոր կետ ընդգծել։ Երբ խոսվում է դերսիմահայերի մասին, ոմանք այդ խմբում ընկալում կամ ցանկանում են պատկերացնել միայն 1915 թ․ ցեղասպանության ժամանակ այնտեղ եկած-ապաստանածներին։ Այո, ցեղասպանության ժամանակ Դերսիմում ապաստանածներ են եղել շրջակա նահանգներից, որոնց դերսիմցի աշիրեթների մի զգալի մասը պաշտպանել է։ Սա գնահատելի է: Սակայն դերսիմցի որոշ ցեղեր էլ ուղղակիորեն մասնակցելով կոտորածին, թալան ու կողոպուտ անելով՝ դարձել են չարիքի ու ամոթի առարկա։
Դերսիմի հասարակության մասին խոսելիս սխալ կլինենք, եթե այն դիտարկենք որպես միատարր և հավաքական կամք ունեցող կառույց։
Հետևաբար ելնելով այն փաստից, որ միատարր չէր կարող լինել հասարակությունը, որտեղ գերիշխող էին ֆեոդալական ցեղային հարաբերությունները, առկա էին խիստ հակամարտություններ, ճիշտ մոտեցում չի լինի նրա յուրաքանչյուր դրական կամ բացասական պահվածքը գնահատել այնպես, կարծես դա հավաքական մտքի արդյունք էր։ Ո՛չ մի քանի աշիրեթների բացասական վերաբերմունքի պատճառով կարելի է հասարակությունը բացասական որակել, ո՛չ էլ որոշ աշիրեթների դրական վերաբերմունքից ելնելով՝ կարելի է հասարակությունը ամբողջովին մաքուր ցույց տալ։
Մյուս կողմից, 1915-ի ցեղասպանութան ժամանակ ուրիշ տեղերից եկած, Դերսիմում ապաստանած հայերից բացի, այստեղ դարերով ապրող տեղացի հայ ժողովուրդ էլ կար։ Նրանց մեծ մասը ևս կոտորվեց ու աքսորվեց… Փրկվածների մի մասը աստիճանաբար գաղթեց, իսկ մյուսները հիմնականում ձուլվեցին։
Այս կամ այն պատճառով ալևի դարձած, բայց իրենց հայկական արմատները գիտակցող ոմանք ներկայում ընտրել են իրենց ալեւի ինքնության հետ խաղաղ ապրելը: Ոմանք իրենց արմատները բացահայտելուց հետո վերադառնում են իրենց հայկական ինքնությանը: Այսպիսով, կա՞ն մարդիկ, ովքեր ինքնության ճգնաժամ են ապրում:
Ալևիական ինքնություն որդեգրած և ալևիական օջախներին (օջախ անվանվում են ալևիական համայնքները –Ակունքի խմբ․) ենթարկված հայերը հիմնականում տեղյակ են իրենց էթնիկ ինքնության մասին։ «Նույնիսկ եթե չիմանանք էլ, Դերսիմի ալևիները մեզ տարբեր առիթներով, մի տեսակ կշտամբանքով, կհիշեցնեն դրա մասին (Laze Hermeni, Cena Hermeni/հայի տղա, հայի աղջիկ)»:
Նրանք իրենց որպես ալեւի հայեր բնորոշելուց և դա պաշտպանելուց չեն զգուշանում։ Ինքնության այս սահմանումը հաճախ արձագանքների և քննադատության է արժանանում քրիստոնյա հայերի կողմից: Քննադատությունը սա է՝ «Եթե հայ ես, քրիստոնյա ես, և հայն այլ հավատք չունի»։ Սրա դեմ իրենց ինքնությունը պաշտպանողները քննադատությանը շատ գիտակցաբար այսպես են արձագանքում. «Հայությունը ազգություն է, քրիստոնեությունը՝ կրոն։ Ես չեմ կարող ընտրել ազգս, բայց կարող եմ ընտրել կրոնս: Ինչպես էթնիկ ինքնությամբ թուրք մեկը կարող է լինել մահմեդական, ալևի, քրիստոնյա կամ նույնիսկ աթեիստ, հայը կարող է լինել ալևի, մահմեդական, քրիստոնյա կամ աթեիստ»:
Բացի նրանցից, ովքեր ասելով «Մի անգամ կրոնափոխ եղանք, այլևս չենք լինի», փորձում են գոյատևել, այսպես ասողներ էլ կան՝ «Ալևիականությունն ինձ չպատկանող ինքնություն էր, հայրս/մայրս ստիպված էին պահել այն։ Սակայն ինձ համար ոչ մի պարտավորություն չկա։ Ես Երեւան գնալով՝ մկրտվեցի, և չնայած որ կանոնավոր կերպով եկեղեցի չէի գնում, բայց դրանով խաղաղություն գտա»։ Ալևի մնալ ցանկացած հայրերը/մայրերը նորմալ են համարում իրենց երեխաների և թոռների քրիստոնեական ինքնությունը տանող ճանապարհը, երբեմն ուղեկցում են նրանց։ Վերջին 15 տարում ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ճանապարհ են բռնել դեպի քրիստոնյա հայկական ինքնություն, և նրանց պատմությունները նույնպես տեղ են գտել գրքում։
Մինչդեռ ալևի հայերի մի զգալի մաս, որին պետք չէ թերագնահատել, ասում է, որ իրենք աթեիստ են, որ իրենց հայկական ինքնությունը կարևոր է, բայց կրոնն իրենց համար նշանակություն չունի: Սա էլ ինքնության կառուցման մեկ այլ մոտեցում է:
Ինքնության որոնման և կառուցման գործընթացում ամենամեծ դժվարություն ապրողները նրանք են անկասկած, ովքեր չեն զգում ինքնության լիարժեք պատկանելություն: Նրանք գտնվում են լուրջ դատարկության և անհանգստության մեջ։ «Ո՞վ եմ ես» հարցին հստակ պատասխան չգտած, անգամ սոցիալական և մշակութային ներդաշնակություն չապահոված անձինք մեծ դժվարություններ են ապրում։ Իրենց վիճակը հետևյալ կերպ են նկարագրում. «Թուրքերը մեզ հայ են ասում, հայերը՝ քուրդ և ալևի։ Այսինքն բոլորը մեզ ինչ-որ բան են ասում, բայց մենք հստակ չգիտենք մեր ով լինելը․ մնացել ենք երեք-չորս մշակույթների միջև…»:
Ի վերջո, իսլամաց(վ)ած հայերի պես կարող ենք խոսել նաև ալևիաց(վ)ած հայերի խմբի մասին, այդպես չէ՞։
Ինչպես գիտեք, իսլամաց(վ)ած հայերի վերաբերյալ գիտաժողովներ ու հետազոտություններ են անցկացվել։ Բացի այդ, ալեւիացած հայերի մասին հրապարակումներ ու հոդվածներ են գրվել, թեեւ՝ ոչ շատ։ Կարծում եմ, ալևիաց(վ)ած հայերի հարցը այս համատեքստում, որքան ես գիտեմ, առաջին անգամ շոշափվեց և հայեցակարգվեց: Հայեցակարգում․ սա գաղափարներ առաջացնելու և հիշողության հյուսման ամենակարևոր հիմնաքարն է: Ճիշտ «Դերսիմի կորուսյալ դուստրերի» պես: Ավելի վաղ հայտնի էին ու ներկայացվում էին անհետ կորած աղջիկների մասին հատ ու կենտ պատմություններ։ Սակայն դրա հայեցակարգումը հնարավոր եղավ մեր հետազոտությունները վավերագրական ֆիլմերի և գրքերի վերածելով․․․
Անշուշտ, կա մի խումբ, որ կարելի է անվանել ալևիաց(վ)ած հայեր։ Բնականաբար նրանք այնքան շատ ու տարածված չեն, որքան իսլամաց(վ)ած հայերը։ Այսօր դժվար է խոսել թվերից: Սակայն կարող ենք ասել, որ որպես փոքր համայնքներ ու ընտանիքներ՝ նրանք շարունակում են իրենց կյանքը տարբեր վայրերում, հատկապես Դերսիմի շրջանում։
Ժողովել ու ի մի եմ բերել մարդկային պատմություններ ու դրանք վստահել ընթերցողներին։ Որպեսզի պաշտոնական պատմագրության հարցադրման և սոցիալական առճակատման իրազեկման զարգացման գործում այս պատմությունները լույս լինեն, մի հայ գտեք և շոշափեք նրան․․․
Թող թե՛ նա ապաքինվի, թե՛ դուք/դու․․․
https://www.agos.com.tr/tr/yazi/27923/aleviles-tiril-mis-ermeniler-konusuyor
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net