կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 14:58
Քաղաքական

ՀՀ օդային սահմանի բացումը Ադրբեջանի հերթական հաղթանակն է ապազգային այս իշխանությունների նկատմամբ

ՀՀ օդային սահմանի բացումը Ադրբեջանի հերթական հաղթանակն է ապազգային այս իշխանությունների նկատմամբ

Հոկտեմբերի 5-ին, իրանա-ադրբեջանական լարվածության ֆոնին, հայտնի դարձավ, որ Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար: Ադրբեջանից էլ պատասխանեցին՝ իբր «այսպես, թե այնպես, Ադրբեջանը ռազմական փոխադրումների համար չէր օգտվում իրանական տարածքից», դրա համար կան այլ ուղիներ:

Հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական պետական ավիաընկերությունը՝ AzAl-ը, հայտնեց, որ հետայսու թռիչքներ իրականացնելիս Բաքուն կկարողա օգտվել բոլոր օդային միջանցքներից, ներառյալ՝ Հայաստանի օդային տարածքից: Դրանից հետո Flightradar24 հայտնի կայքով երևաց, թե ինչպես են ադրբեջանական ինքնաթիռները ՀՀ տարածքով անցնում Նախիջևան: 

Հայաստանում քննարկումներ և քննադատություններ սկսվեցին հերթական անիմաստ «բարի կամքի դրսևորման» կապակցությամբ:

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել էր, որ երկու երկրները օդային սահմանը փակել էին դեռ 2000-ական թվականներից, երբ Ադրբեջանի՝ օդային սահմանը փակելուց հետո Հայաստանը համարժեք պատասխան էր տվել. փակվել էին նաև օդային միջանցքները՝ Ադրբեջանից Նախիջևան: Ըստ նրա՝ այս ամենն ամրագրված է փաստաթղթերով:

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ երեկ հայտնել էր, որ մինչև 2014 թ. ադրբեջանցիները միշտ թռիչքներ էին իրականացնում Հայաստանի տարածքով: Նա նշել էր, որ իրենք դադարեցրել էին, հիմա էլ որոշել են վերականգնել, իսկ Հայաստանը չէր թռչում Ադրբեջանի օդային տարածքով, որովհետև կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չէր: Թե ի՞նչ նկատի ուներ Ռևազյանը՝ «կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չէր» ասելով, դժվար է պարզաբանել, բայց, օրինակ, եթե Երևանից դուրս եկած ինքնաթիռը Ղազախստան գնալու համար անցներ Ադրբեջանի տարածքով, այլ ոչ թե, ճանապարհը երկարացնելով, Իրանով անցներ (քանի որ այդ դեպքում անցնում է Իրանի և Թուրքմենստանի տարածքով), այդ ժամանակ կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու կլիներ:

Հակոբ Ճաղարյանը նշել էր, որ  օդային տարածքներից փոխադարձաբար օգտվելու համար պետք էր ստորագրել նախորդ կարգավիճակը փոխող փաստաթուղթ: Իշխանությունները մինչ օրս չեն ժխտել, որ կա նման փաստաթուղթ, իսկ եթե կա, նշանակում է, որ կապիտուլյացիոն իշխանությունները հերթական անգամ բոլորից գաղտնի փաստաթղթեր են ստորագրել ՀՀ գոյությանը սպառնացող կողմի հետ:

Սրան գումարած՝ պետք է հիշել նաև Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությունը, թե «միջանցքներ բացելու ուղղությամբ առաջին քայլերը կատարվել են»:

Ադրբեջանական վերջին թռիչքները միջազգային չեն եղել, այլ՝ ներքին, հետևաբար, ՀՀ-ի կողմից Ադրբեջանին իր էքսկլավ տեղափոխվելու համար տարածք տալը միջանցք տալու առաջին քայլն էր, որին արդեն կհաջորդի Սյունիքով ցամաքային միջանցք տալը:

ՀՀ իշխանությունների՝ Իրանի նկատմամբ նման քայլից հետո Flightradar24 կայքում երևաց, որ Ադրբեջանը դեպի Նախիջևան թռիչքները դարձյալ սկսել է իրականացնել Իրանի տարածքով: