կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 10:21
Տարածաշրջան

Իրանն ու Ադրբեջանի թնջուկը

Իրանն ու Ադրբեջանի թնջուկը

Իրանական «Մոսթաղել» օրաթերթը հոկտեմբերի 2-ի համարում հրապարակել է Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Կովկասի հարցերով փորձագետ Մաջիդ Քարիմիի վերլուծական հոդվածը:

Արաքսի հարավային ափերին Իրանի  ԶՈՒ-ի զորավարժությունները, թեև ուշացած, բայց համաչափ և անհրաժեշտ գործողություն են՝ ի պաշտպանություն Իրանի ազգային և ռազմավարական շահերի: Երկար ժամանակ է, ինչ օտարամոլները (խոսքն Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում աշխատող անջատողական՝ պանթուրքիստական շարժումների մասին է) ու արտաքին թշնամիները թիրախավորել են մեր երկրի սահմանները:

Իրանի զորավարժությունները հստակ մեսիջ են Ադրբեջանի Հանրապետությանն առ այն, որ Բաքվի իշխող մաֆիան (ոչ ժողովուրդը) պետք է հասկանա վերջապես, որ երեք տասնամյակ է, ինչ  չարաշահում է Իրանի ժողովրդի բարի կամքն ու եղբայրական վարքագիծը:

Մեր դիվանագիտական համակարգն էլ պետք է հասկանա, որ ուժի ցուցադրումը և նախազգուշացումը դիվանագիտության գործիքակազմի բաղադրիչներից են:  Նրանք, ովքեր երեք տասնամյակ է, ինչ պնդում են, որ պետք չէ հստակ եւ կտրուկ մեսիջ հղել Բաքվին, պետք է պատասխանեն այն հարցին, թե ո՞րն է եղել Բաքվի պատասխանն Իրանի պարզած՝ բարեկամության ձեռքին: Չմոռանանք, որ Իլհամ Ալիևը մի քանի անգամ ուղղակիորեն և անուղղակիորեն սպառնացել է Իրանին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո:

Նրանք, ովքեր մշտապես հանդես են գալիս քաղաքական հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու օգտին, պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ անհրաժեշտության դեպքում մենք կտրուկ ենք արձագանքում Պարսից ծոցի հարավային ափերի և Մերձավոր Արևելքի երկրների գործողություններին, սակայն, դեռևս շարունակում ենք հանդուրժող լինել Բաքվի իշխանավորների նկատմամբ, որոնք վաղուց են փակել Իրանի հետ բարեկամության բոլոր դռները:

Ներկայիս զորավարժությունները կփաստեն, որ եթե Իրանը գործի ուժի և հեղինակության դիրքերից, ապա թշնամիները լրջորեն կվերաբերվեն մեր մեսիջին:

Երկրի դիվանագիտական և որոշումներ կայացնող ղեկավար օղակների այն պաշտոնյաները, որոնք դեռևս խոսում են Բաքվի հետ հարաբերություններում հանդուրժողական դիրքորոշման անհրաժեշտության մասին, պետք է պատասխանեն այն հարցին, թե որոնք էին անցած տարվա ընթացքում Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժությունների պատճառները, որոնց արդեն միացել է նաև Պակիստանը:

Արդյո՞ք վերջին մեկ տարվա ընթացքում Բաքվի բոլոր զորավարժություններն ուղղված են եղել Հայաստանի դեմ, որն ընդունել է իր պարտությունը և վախի ու հուսահատության է մատնվել՝ ազգային համատարած հիասթափության մթնոլորտում: Ադրբեջանը և Թուրքիան անցած մեկ տարվա ընթացքում՝ պատերազմի ավարտից և Լեռնային Ղարաբաղի մի կարևոր հատվածի վերադարձից հետո, երեք զորավարժություն են անցկացրել Ադրբեջանում, երեքը՝ Թուրքիայում՝ Իգդիրում, հայ-իրանական սահմանին, եւ երկուսը  Նախիջեւանում՝ Իրանի հետ սահմանին:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք դիվանագիտական ապարատում միշտ դեմ-հանդիման ենք կանգնած եղել այն սխալ մտածելակերպին, թե ինչ պետք է անենք Ադրբեջանի հետ, եթե մոտենանք Հայաստանին: Այս հարցը մշտապես հնչել է մեր դիվանագիտական շրջանակներում:

Պատասխանը հստակ է: Մենք պետք է հարց տալ, թե ինչի ենք հասել այս երեք տասնամյակների ընթացքում`հանդուրժողական քաղաքականության շնորհիվ (Ադրբեջանի նկատմամբ): Ո՞րն է Բաքվի հետ այս երեք տասնամյակների ընթացքում ձեր գործադրած դիվանագիտական «արվեստ»ի արդյունքը: Այս երեք տասնամյակների ընթացքում Բաքուն փակել է մեր ռազմավարական ելքը դեպի Սև ծով և Ռուսաստան՝ մեզ պահելով Աստարայի դարպասների ետեւում: Էներգետիկ պայմանագրերում շրջանցել է Իրանին և հրաժարվել ավարտել Կովկաս տանող իրանական երկաթգծի նախագիծը՝ տարիներ շարունակ անփութություն ցուցաբերելով այս նախագծի նկատմամբ:

Էներգակիրները և տրանսպորտայի ուղիները Թբիլիսիից ձգել է մինչև Իգդիր և փորձում է մեր ազդեցությունը Նախիջևանում զրոյականացնել: Պարոնա՛յք դիվանագետներ, ո՞րն է Բաքվի ռազմավարական նշանակության այս քայլերի ուղերձը, և ինչպե՞ս եք գնահատում Ալիեւի արտաքին քաղաքական մոտեցումները:

Եթե Բաքուն աշխատում է իր ազգային շահերի ուղղությամբ, ապա ինչո՞ւ մենք պետք է բաց թողնենք հնարավորությունը եւ չվերաիմաստավորենք մեր ազգային շահերը՝ լուրջ բանակցությունների գնալով բարեկամական ու ոչ թշնամական նյարդայնացնող երկրների հետ ու ավելին՝ ամրապնդենք մեր իսկական բարեկամների դիրքերն Ադրբեջանի Հանրապետությունում:

Իրանը մեծ ներուժ ունի Ադրբեջանի Հանրապետությունում, որը, ցավոք, վատնել է այս երեք տասնամյակների ընթացքում: Իրանը սիրող շիաները և երկրի հյուսիսից մինչև հարավ տարածված երկու միլիոն թաթերն ու երկու միլիոն թալիշները հայացքները հառել են դեպի Իրան, ու  հիմա Իրանի զորավարժություններն ու  ուժի ցուցադրումը մեծ խանդավառություն ու ոգեւորություն են ստեղծել նրանց մոտ:

Հակառակ նրանց, ովքեր կարծում են, թե Իրանի ուժի ցուցադրման ուղերձը վատ հետեւանքներ կունենա Բաքվում, պետք է ասել, որ, ընդհակառակը, Իրանը ոգևորել է Արանի եւ Շերվանի իր բարեկամներին, որոնք ավելի են փարվելու իրենց պատմական հայրենիքին: Նրանք երբեք չեն հարցնելու, թե ինչո՞ւ է Իրանն այդպես վարվել Բաքվի ռեժիմի հետ:

Նրանց, ովքեր դեռ հավատում են, որ հանուն Ադրբեջանի Հանրապետության իրանամետ ժողովրդի պետք է հանդուրժող լինել ներկայիս կառավարության նկատմամբ, պետք է ասել, որ այս կառավարությունը վաղուց ի վեր ընտրել է իր ուղին և էթնիկ միասնության կոչ է անում ցանկացած հակաիրանական ձևաչափով անցկացվող համաշխարհային համաժողովների կամ ռասիստական հանդիպումների ժամանակ ու արբանյակային հեռարձակմամբ  Իրանի հյուսիսարեւմտյան շրջաններում սփռում է հակաիրանական ծրագրեր՝ չվախենալով դրանց հետևանքներից:

Սա այն դեպքում, երբ մենք շարունակում ենք չարձագանքել թալիշական ծրագրերի հեռարձակման՝ Ադրբեջանի թալիշների պահանջին, ովքեր իրանական ծագում ունեն, մեր հայրենակիցներն են և բարեկամ են Իրանի հետ:

Սա մեր արտաքին քաղաքական անգործության և սխալ խորհուրդների հետևանքն է, որոնք վերջին երեք տասնամյակների ընթացքում փակել են մեր ձեռքերը ընդամենը երկու իռացիոնալ եւ ոչ դիվանագիտական պատճառով. առաջինն այն, որ եթե մենք ճնշում գործադրենք Բաքվի վրա, ապա նրանք լրատվական հարձակում կսկսեն մեր դեմ, իսկ մենք կկորցնենք Ադրբեջանի շիաների դրական հասարակական կարծիքը, երկրորդը՝ եթե սերտ հարաբերություններ ձևավորենք Հայաստանի Հանրապետության հետ, որը մինչ այժմ որևէ սպառնալիք չի ներկայացրել Իրանի համար, կվրդովեցնենք Բաքվին: Մենք պետք է հաշվի նստենք Բաքվի կարծիքի հետ: Մի՞թե Բաքուն հաշվի նստեց մեր կարծիքի հետ, երբ սերտ հարաբերություններ էր ձևավորում Իսրայելի հետ՝ նրան տրամադրելով իր տարածքն ու անվտանգային հնարավորությունները: Սերտ հարաբերություններ ձևավորենք Հայաստանի հետ, թե՝ ոչ, Բաքուն կշարունակի իր հակաիրանական ընթացքը, որն անվերադարձ է:

Մենք պետք է մեր դիվանագետներին սովորեցնենք, որ Հարավային Կովկասում՝ մեր հարևանությամբ, մենք ունենք երկու երկիր, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին մեզ համար կարևոր է, ու որեւէ մեկի հետ դաշինքը սպառնալիք չէ մյուսի համար: Սա դիվանագիտության և ազգային շահերի պաշտպանության արվեստն է: