Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մադլենա Սարոյանը արդեն մեկ տարի է զրկվել է սեփական տնից և վարձով է ապրում՝ հայտնում է Yerkir.am-ը: Նա Արամի փողոցի 23 հասցեի 3-րդ տանը ապրել է 43 տարի: Տան հարևանությամբ սկսված շինաշխատանքների հետևանքով 2019թ.-ի հունվարի 11-ին քանդվեց տիկին Մադլենայի տան հետնապատը, առաստաղի մի հատվածը գետնին հավասարվեց: Տանն ապրելը դարձավ անհնար:
«2018թ.-ի հոկտեմբերին, երբ առաջին ճաքերը եղան, դիմել ենք դատախազություն։ 4 անգամ փորձաքննություն են անցկացրել: Բայց ինձ անցնող մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չեն կանչել Քննչական կոմիտե, չգիտենք գործն ինչ փուլում է: Ես անգամ չգիտեմ ճանաչվել եմ տուժող, թե ոչ»,- ասաց Մադլենա Սարոյանը:
Նա փաստում է՝ մնացել է միայնակ Արամի 23 հասցեի հարևանությամբ շինարարություն իրականացնող «Ի Էմ Սի» ընկերության հետ: Հարևաններից երկուսը առանց նոտարական վավերացման պայմանավորվել են «Ի Էմ Սի»-ի հետ, բնակարանի տրամադրման հարցում, իսկ քաղաքապետարանը մի կողմ է քաշվել:
«Ես ինչ գիտեմ քննչական կոմիտեից քրեական գործը երբ կհասնի դատարան: Ես ուզում եք ձեզ ասեմ ձեր մտածելակերպը որն է: Տունը կքանդվի ու այս դեպքում չկա տունը, չկա նաև պրոբլեմը: Էդ քրեական գործի դատարան մտնելու պրոցեսը կարող է լինել 5, 10, 15 տարի հետո»,- նշեց Մադլենա Սարոյանը:
Արամի 23 հասցեի պատմամշակութային շենքում տարիներ ի վեր գործունեություն էր ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Այժմ երգչախումբը փորձեր է անում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շենքում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը հիշեցնում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքերը՝ շենքը փլուզվեց անհեթեթ ու անիմաստ քաշքշուկների հետևանքով:
«Կարծում եմ` այն չի վերակառուցվում կամ անհեթեթ քաշքշուկների, կամ միտումնավոր քաշքշուկների արդյունքում»,-նշեց Տիգրան Հեքեքյանը:
Ըստ Հեքեքյանի՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել էր արագ լուծել Արամի 23-ի հարցը: Բայց խնդիրը շատ խութեր ունի, իսկ շինարարություն իրականացրած «Ի Էմ Սի» կազմակերպությունը պարզվում է լավ մեջք ունի: Նախ՝ շենքի պահպանման նախագիծ պատվիրվեց իտալական ճարտարապետական կազմակերպությանը: «Ի Էմ Սի»-ն այն ծախսատար համարեց և փաստացի հրաժարվեց գումար տրամադրել:
«Երբ քաղաքապետարանը տվեց թույլտվությունը, ասացինք՝ եկեք կողմ դառնանք։ Քաղաքապետարանը դեմ չէ, իտալացիները դեմ չեն, «Ի Էմ Սի» կազմակերպությունը, որը կատարել էր կառուցապատման աշխատանքները Արամի 23-ի հարևանությամբ գտնվող տարածքում, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզումը, ասաց, որ կմտածեն: Առայսօր մտածում են»,- նշեց Հեքեքյանը։
Հետո այս գործին խառնվում է Վարդան Սրմաքեշի կողմից լրազորված շինարարական կազմակերպության ղեկավարը և խոստանում Արամի 23-ի շենքի ամրացման համար երկու օրում նոր նախագիծ տալ:
«Երկու օրից անցավ երկու ամիս և ավելի, ինչ-որ նախագիծ բերեցին, նախագիծը չընդունեց։ Վերջում որոշեցին, որ իտալացիների նախագծով կանենք։ Այնուհետև՝ պարոն Սրմաքեշի շինարար ներկայացողը դիմել է քաղաքապետարան և նախագիծը հաստատման ներկայացրել։ Քաղաքապետարանն այն հաստատել է, սակայն նախագիծը տրվել է մեր անունից՝ առանց մեր իմացության։ Թույլտվության մեջ նշված է, որ կառուցապատողը «Հայ փոքրիկ երգիչներն» են, ճարտարապետը՝ իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունից է, հեղինակային հսկողն էլ Դավիթ Նահատակյանը։ Ոչ «Լուչիո Սպեկան» գիտի դրա մասին, ոչ էլ Դավիթը»,-ասաց Հեքեքյանը:
Չնայած վարչապետի՝ շենքը շտապ ամրակայելու հանձնարարականին, այսօր էլ Արամի 23-ը գտնվում է ճիշտ այն վիճակում, ինչպես մեկ տարի առաջ էր, փաստեց Տիգրան Հեքեքյանը: