Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է։ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։
Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար է եղել, բայց օժտված է եղել գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի է ընկնել նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին։
Կոմիտասը հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
1881 թվականին Կուտինայի վանահայր Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվում է տասներկուամյա Սողոմոնը:
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է որպես սարկավագ։ 1893թ.-ին ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, ժողովրդական երգեր մշակում, գրելով իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասը ստացել է է վարդապետի հոգևոր աստիճան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնում է ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս որպես հայ երաժշտության կատարող:
1910 թ․-ին Կոմիտասը մեկնում է Կ.Պոլիս, որտեղ կազմակերպում է երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:
1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվում է նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվում է Անատոլիայի խորքերը, ականատես լինելով հայ ժողովրդի բնաջնջմանը։
Ու թեև Կոմիտասը վերադառնում է Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք են թողնում նրա հոգեկան աշխարհի վրա։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն էլ ավելի է վատանում և նրան տեղափոխում են հոգեբուժարան։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտնում է Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ այնտեղ անցկացնելով գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց Մեծն Կոմիտասի կյանքը։