կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-20 14:30
Քաղաքական

Իրանի կոշտ պահանջները՝ Ադրբեջանի ապօրինությունների նկատմամբ

Իրանի կոշտ պահանջները՝ Ադրբեջանի ապօրինությունների նկատմամբ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն հայտարարել է՝ Իրանը Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայաստանի տարածքում ձերբակալված իրանցի վարորդներին։ Իրանը նաեւ պահանջել է հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ խնդիրը կարգավորելու համար։

Իրանագետ Գարիկ Միսակյանը Yerkir.am-ին հայտնեց՝ ճիշտ է՝ Իրանը պահանջում է ազատ արձակել իրանցի ձերբակալված վարորդներին, բայց, միեւնույն ժամանակ, պահպանում չեզոքություն։

«Այստեղ կարելի է առանձնացնել երկու հանգամանք․ Իրանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։ Իրանը եւս մեկ անգամ շեշտադրեց նաեւ այն հանգամանքը, որ իր համար կարեւոր է հարեւան պետությունների տարածքային ամբողջականությունը»,-նշեց իրանագետը։

Իսկ Իրանն, առհասարակ, ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական գործողություններին։ 

«Հրապարակումներում, ԶԼՄ -ներում եւ սոցցանցերում ավելի բացասական դիրքորոշումներ են ադրբեջանական գործողությունների նկատմամբ, որոնք Իրանի համար նաեւ վտանգ են համարվում, բայց գրեթե միշտ արձանագրվում էր, որ այս գործողությունները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին եւ նաեւ բավականին շատ էին մեջբերվում հայ պաշտոնյաների հայտարարարությունները այն մասին, որ այն ճանապարհահատվածը, որտեղ ձերբակալվել են իրանցի վարորդները, ադրբեջանական տարածքներ են։ Իրանի արձագանքները բացասական են, բայց գործիքակազմն այդքան էլ մեծ հնարավորություններ չի տալիս այդ պետությանը միջամտելու, քանի որ, կարծես թե, հայկական կողմում էլ ընդունում են գործող իրավիճակը։ Այսինքն՝ եթե կողմերը, որոնք հակամարտում են այդ հատվածում, ընդունում են ստեղծված իրավիճակը, երրորդ կողմը միջամտելու այդքան մեծ գործիքակազմ չունի»,-Yerkir.am-ին հայտնեց Գարիկ Միսակյանը։

Իրանի իսլամական հեղափոխության ցամաքային եւ օդային ուժերը Իրան-Նախիջեւան հատվածում սկսել են զորավարժություն։ Իսկ սա Ադրբեջանին հասցեագրված՝ սթափության ազդանշա՞ն է միգուցե։

«Իրանը սկսել է զորաշարժեր դեպի հյուսիսային շրջաններ՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի սահմաններ։ Այս զորավարժությունը, կարծում եմ, պատասխան էր թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որոնք տեղի ունեցան ավելի վաղ»,-նշեց իրանագետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն անցկացրեցին օկուպացրած Լաչինի կամ Բերձորի տարածքում։ Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեն այսօր Հայաստանի հարավային եւ արեւելյան հարեւաններն իրար հետ։ 

«Այդ հարաբերությունները տեղավորվում են Իրանի արտաքին քաղաքականության այն համատեքստում, որ հարեւանների հետ հարաբերությունները առաջնահերթություն են համարվում եւ զարգացման միտում ունեն։ Իրանը Հարավային Կովկասում իր ազդեցության  եւ տնտեսական աճի համար ընտրել է երկու պետությունների հետ համագործակցելու քաղաքականություն։ Այսինքն՝ իր տարածման եւ զարգացման ուղիները տանում է միաժամանակ։ Եթե Հայաստանի դեպքում դրանց զարգացմանը միտված ցանկությունը եւ հայտարարությունները շատ են, ապա Ադրբեջանի դեպքում կա նաեւ մի մտավախություն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ Իրանի թուրքախոս հատվածներում ադրբեջանական անջատողականների ազդեցությունների հետ կապված։ Թուրք-իրանական հարաբերությունները, չնայած հայտարարվում է, որ բարեկամական կամ հարեւանական են, բայց միշտ եղել են մրցակցային եւ տարածաշրջանում համարվում են մրցակիցներ, որոնց հարաբերություններում, տեսանելի մակարդակից դուրս, խնդիրները նույնիսկ թշնամական են։ Աֆղանստանից մինչեւ Սիրիա ընկած այս հատվածում ընթանում է այդ երկու պետությունների մրցակցությունը, այդ թվում՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքում»,-Yerkir.am-ին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։

Տարեսկզբին խոսակցությունները շատ էին, թե հնարավոր են բախումներ Իրանի ու Թուրքիայի միջեւ, ընդ որում՝ թուրքական կողմը այլ պետությունների օժանդակությամբ, բայց, իրանագետի խոսքով, դրանք առաջիկայում էլ են գրեթե անհնար են, քանի որ ռազմական եւ տնտեսական առումով հավասարազոր երկու պետությունների բախումներ տարածաշրջանում մոտ ապագայում դժվար թե լինեն։