կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 09:05
Իրավական

Հրայր Թովմասյանը աչք է փակում ապօրինությունների վրա

Հրայր Թովմասյանը աչք է փակում  ապօրինությունների վրա

«Հրապարակը» գրում է. «Հրայր Թովմասյանը նախարար դառնալու առաջին իսկ օրերից փորձում էր հանրությանը ցուցադրել, թե որքան վճռական է իր ենթակայության տակ գտնվող համակարգում թերությունները վերացնելու հարցում: Մի անգամ նույնիսկ վաղ առավոտյան տեսախցիկների ուղեկցությամբ նոտարներին էր այցելել, տեսնելու համար, թե ով որ ժամին է գործի եկել: Բայց կան օրինախախտումներ, որոնց վրա նախարարը ոչ միայն աչք էր փակում, այլեւ ամեն ինչ անում էր, որպեսզի դրանք չվերացվեն: Օրինակ, մինչեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նոտար նշանակված անձինք նույն օրենքով իրավունք ունեին իրենց զբաղեցրած գրասենյակների տարածքը տնօրինել անհատույց:

 

Օրենքի 91-րդ հոդվածում գրված է. «Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար»: Այս դրույթը տարածվում է մինչեւ օրենքի ընդունումը, այսինքն, մինչեւ 2002 թվականը որպես նոտար գործողների վրա: Սակայն նախարար Հրայր Թովմասյանի օրոք եւ նրա թողտվությամբ գրասենյակներն աճուրդով վաճառվեցին երրորդ անձանց, իսկ հին նոտարներին ստիպեցին թանկ գներով վարձակալել նախկինում քաղաքապետարանին պատկանող այս տարածքները:

 

Մեր աղբյուրները վկայում են, որ մասնավոր անձանց վաճառվել են Շենգավիթի նոտարական գրասենյակը, նաեւ Բաղրամյան 1 պողոտայի 1-ին փակուղու 14 հասցեում գտնվող գրասենյակը: Շենգավիթում գործող երկու հին նոտարները՝ Սվետլանա Բադիրյանն ու Անահիտ Մինասյանը, այս տարածքներն այժմ վարձակալական հիմունքներով են օգտագործում: Իսկ Բաղրամյանի վրա աշխատող Էմմա Շաբոյանը, որը նոտարական գործունեությամբ զբաղվում է 1972 թվականից, հետեւապես հին նոտարներից է, իր գրասենյակային տարածքի համար ամսական վճարում է 2 հազար դոլար վարձավճար: Այս գումարը վճարվում է ոմն Էդիկ Այվազյանի, որը տարածքի սեփականատերն է: Համաձայնեք, որ վատ չէ երեք հոգուց ամսական 6 հազար դոլար հենց այնպես գրպանը դնել...»:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում