Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի ունեցած աննախադեպ համերգը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150–ամյակին։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Պետական հոբելյանական միջոցառումներն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։
«Սպենդիարյան – 150» խորագիրը կրող երաժշտական փառատոնի կազմակերպիչը կոմպոզիտորի տուն-թանգարանն է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Փառատոնին մասնակիցներն էին անվանի երաժիշտներ՝ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Մագդա Մկրտչյանը (նվագակցող՝ Վալերի Այվազյան), ինչպես նաև պատանի երաժիշտներ, որոնք արդեն հասցրել են նվաճել համաշխարհային բեմեր: Նրանց թվում են Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի (գեղարվեստական ղեկավար` Արմեն Բաբախանյան) անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը, Դավիթ Բաբայանը:
Միջոցառումը վարում էր Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Կարեն Քոչարյանը:
Երեկոյի սկզբում ներկաները հոտնկայս հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի նահատակների հիշատակը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նախ իր խոնարհումը բերելով վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տված կոմպոզիտոր, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վլադիլեն Բալյանի լուսավոր հիշատակին։ «Այսպիսի միջոցառումները ավելի շատ հանրային ինքահաղթահարման ակցիաներ են»,- նշեց Արա Խզմալյանը՝ հավելելով, որ այս կերպ մենք փաստում ենք մեր պատասխանատվությունը կյանքի շարունակականության, մեր երեխաների և միջավայրի առջև։ Արա Խզմալյանն ընդգծեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի արվեստը վկայությունն է այն բանի, որ եվրոպականը և արևելյանը, ազգայինը և միջազգայինը խաղաղ համակեցության մեջ են և անհակասականորեն գոյակցող արժեքներ են։
Փառատոնի ընթացքում կայացավ երկու պրեմիերա. Սպենդիարյանի երկու ստեղծագործություն՝ «Գուշակուհին»՝ քառաձեռն դաշնամուրի համար, և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրմամբ, հնչեցին համերգային առաջին կատարմամբ:
Եզրափակիչ խոսքում Մարինե Օթարյանը փաստեց, որ կայացել է ևս մեկ աննախադեպ մշակութային իրադարձություն, երբ աշխարհը, առավել ևս Հայասատանը ծանր ժամանակաշրջան է ապրում, վիրավոր է մեր հոգին։ Նա նշեց, որ կազմակերպիչների համար մի փոքր դժվար էր իրականացնել այս ծրագիրը, սակայն մարդաշատությունը, Հայաստանի տարբեր քաղաքներից այս համերգին մասնակցելու ժամանած մեր հայրենակիցները փաստում են, որ մեր ազգային իրական արժեքները կարևորելու, պահպանելու և արժանապատվորեն կրելու գիտակցությունն ունենք, և այդ գիտակցությունը կարոտ է մեծանալու, ուժեղանալու։ Տուն-թանգարանի տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց փառատոնին մասնակցած թե՛ աշխարհահռչակ երաժիշտներին, թե՛ տաղանդաշատ պատանիներին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ աջակցության համար, «Ֆորմիկա Արթ» ընկերությանը՝ ի դեմս ռեժիսոր, պրոդյուսեր Շահեն Նազարենկոյի, որը, միանալով փառատոնի կազմակերպման խենթ գաղափարին, ամեն ինչ արեց երեկոյի իրագործման համար։ Շնորհակալության խոսք ուղղվեց փառատոնին նեցուկ եղած բոլոր հաստատություններին, մասնավորապես՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին, Գյումրու ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին։ «Շնորհակալություն եմ հայտնում Սպենդիարյանի տուն-թանգարանի փոքր, բայց նվիրյալ թիմին, որ կարողացավ իրագործել այսօրվա երեկոն»,- եզրափակեց Մարինե Օթարյանը՝ հավելելով, որ հրաժեշտ չեն տալիս Գյումրիին․ նոյեմբերի 6-ին այստեղ կայանալու է Սպենդիարյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններին նվիրված համերգ՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։