Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը գրում է.
ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ ԶԷՆՆ ԻՒՐԵԱՆՑ, ՈՐՔԱՆ ՀԱՍԱՆԻ, ԱՅՆՔԱՆ ՀԱՏԱՆԻ (Մ. Խորենացի)
Հայաստանի ռազմավարական ճանապարհները թշնամին գրավել է, մի քանի ուղղությամբ զորք է մտցրել մեր պետության տարածք:
Երկրի բարձրագույն պետական մարմնի՝ Ազգային ժողովի նիստում վարչապետ կոչեցյալն արդարացնում է թշնամու արարքն այն սին պատճառաբանությամբ, թե խորհրդային քարտեզներով այդ ճանապարհները պատկանել են Ադրբեջանին: Երևում է՝ նա Հայաստանի այլ քարտեզ չի տեսել:
Այո, զավեշտ է, որ երկրի ղեկին տիրացած այս արարածը չգիտի, որ թուրք-բոլշևիկյան համաձայնությամբ գծված այդ քարտեզները ոչ մի պետության կողմից չեն ճանաչվել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական սահման, քանզի որևէ սահմանազատում երբևէ չի կատարվել: Այսինքն՝ դրանք օրինական չեն, անվավեր են:
Միակ սահմանը, որ մինչև խայտառակ կապիտուլյացիան գոյություն ուներ, հայ ազգի նվիրյալ զավակների սուրբ արյամբ գծված սահմանն էր, որ ներառնում էր բոլշևիկների կողմից անօրինական կերպով Ադրբեջանին միացված հայրենի Արցախի մի մասը:
Մոտ 30 տարի առաջ հայ արիները իրենց զենքով և առավելաբար կամքով իրականություն դարձրին ՄԵԾՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԸ. «Պատռել է հարկաւոր քարտէսների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծուած սահմանները. ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում»։
Բայց ահա քաղաքական դուրսպրծուկների մի դավադիր խմբակ իր պարագլխի առաջնորդությամբ փորձում է վերականգնել «ավազակապետերի»՝ հայատյաց Լենինի, Ստալինի, Քեմալի և Նարիմանովի գծած և Հայաստանին պարտադրած քարտեզները՝ այսպիսով դառնալով հայ ժողովրդի ոխերիմ թշնամիների քաղաքականության արդի շարունակողը:
Վստահ եմ, որ արիների ոգին կհաղթի այս անարի և երկչոտ դավադիրներին և վերստին իր զենքով և առավելաբար կամքով կվերականգնի մեր երկրի սրբազան սահմաններ