Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն արտահայտող ցուցանիշները։ Սոցիալ-ժողովրդագրական հատվածում նշված է, որ գրանցվել է 17211 ծնունդ (+8.9% 2020 թ. առաջին կիսամյակի համեմատ) և 16627 մահ (+15.3%)։ Բնական հավելաճը կազմել է 584 մարդ (-57.7%), ընդ որում` այն ապահովվել է գրեթե բացառապես Երևանի շնորհիվ (ընդհանուր դրական ցուցանիշի 97.6%-ը)։
Ցավալին այն է, որ ՀՀ 10 մարզերից 9-ում բնական աճը բացասական է` մահերը գերազանցում են ծնունդներին (Լոռի` -397, Շիրակ` -316, Տավուշ` -282, Արարատ` -178, Արմավիր` -159, Սյունիք` -128, Կոտայք` -116, Վայոց ձոր` -99, Արագածոտն` -85)։
Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գործակիցների տեսանկյունից պատկերն ավելի վատթար է (Տավուշ` -4.8, Վայոց ձոր` -4.2, Լոռի` -3.8, Շիրակ` -2.8, Սյունիք` -1.9 և այլն)։
Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլին (3361), ամենացածրը` հունիսին (2290), իսկ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը` մարտին (3085), ամենացածրը` փետրվարին (2680)։
Մահվան դեպքերից 2241-ը COVID-19-ից են, իսկ 151-ը 2020 թ. պատերազմում զոհվածներ են, որոնց գրանցումները կատարվել են 2021 թ. ապրիլ-հունիսին։ Բացի այդ` 18.6%-ով ավելացել է մեռելածինների թվաքանակը։
Ընդհանուր այս տխուր պատկերի ներքո անհասկանալի է ոմանց ոգևորությունը նրանով, որ 100 աղջկա հաշվով ծնվել է 108.6 տղա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 110.4-ի փոխարեն:
Միքայել Մալխասյան
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ,
պ.գ.թ., ժողովրդագրագետ