Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերի առանձնահատկությունը նրանցում ազգային ինքնության նոր մեկնաբանությունն է, հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումը: 2015թ.-ից արվեստագետը աշխարհում տիրող խառնակ ժամանակների ու փոթորկված մարդկության միակ բալասանի՝ խաղաղության իր բանաձևն է առաջադրում:
Սիրիայում պայթող արկերն ու ռումբերը, անօթևան մնացած երեխաներն ու անմեղ զոհերը աշխարհի քարե սրտի վրա փորագրում էին մեկ բառ՝ արդարամտություն, իսկ հետո մեկ ցանկություն՝ խաղաղություն: Արտակը հասկացել էր, որ խաղաղությունը հանուր մարդկության ձեռագիրը պետք է լինի, ոչ թե մի երկրի, մեկ պատության գործը: Նա իր աշխատանքները սկսեց պատրաստել պարկուճներից, որոնք վերածվելով զրադերի զինաթափում են մարդուն սպանելու ցանկությունից: Խաղաղության ջատագովի համար աննկարագրելի հարված էր ապրիլյան քառօրյան, իսկ այնուհետև 44 օրյա արցախյան հերոսամարտը, որի ընթացքում արվեստագետը ոչ միայն անկանգառ աշխատում և օգնում էր բանակին իր աշխատանքներից ստացած հասույթով, այլև հոգատար ծնողի պես իր հովանու տակ էր վերցրել հայրենիցից զրկված հադրութցի ընտանիքներ, ովքեր աջակցության և խնամքի կարիք ունեին: Արտակ Թադևոսյանի զարդարվեստը հարստացված է իր էությանը բնորոշ լույսով, իր ամենամեծ սիրո ակունքի՝ Հայաստան երկրի շնչով և ոգով, մեր լեռնաշխարհի անառիկ էության հերոսականությամբ: Նրա զարդերը խորհրդանիշներ են, գաղափարակիրներ քրիստոնյա մարդու հավատանքի մասին, հայրենաշեն հայի նվիրումի մասին, սիրո և արարման անկանգառ էներգիայի ու լույսի նրբահյուս ուժի մաիսն:
Զարդերից մեկում փյունիկը, որն իր արեւաթույր թևերին առած խաղաղության պտույտ-անիվը՝ վահագնախաչը, հասցնում է դեպի անհասանելի, երկնաթռիչ հեռուներ, կարծես աղոթք է բարձրացնում հանուն խաղաղության, որ պետք է օրհնվի, ոսկևորվի Բարձունքներում: Հնարմատ հայի հեթանոսական առասպելաբանությունից մինչև քրիստոնեական ազատամիտ ու հուսառատ տեսլականը կա նրա յուրաքանչյուր զարդի համար ընտրված ձևաչափում: Փրկության խաչերը, որոնք նա սկսեց ձուլել պատերազմական օրերին, մեր հերոս զինվորների համար ինքնատիպ աղոթքի խորհրդանիշ է վառոդից ազատված փամփուշներով: Ակամայից հավատում ես խաղաղության անկասելիությանը, երբ այն այսքան խորախորհուրդ, իմաստուն արտահայտություն է ստացել ու փամփուշտից ոչ պակաս զարկում է մարդու սրտին' գեղեցկության ապրեցնող հետքեր թողնելով այնտեղ: Արտակի պատրաստած զարդերից այնպիսի հզոր էներգիա է գալիս, որ զգում ես գեղեցիկն արարող արվեստագետի ներշնչանքի ուժը խաղաղության պահապան մեր զինվորների համար:
Հաղթանակների խոստում են նրա պատրաստած փրկության, հաղթանակի խաչազարդերը, վահագնախաչերը, խաղաղության վահան են, խավարը հրեղեն լույսով հաղթելու վճռականություն: Արտակի ցանկացած գործի մեջ իր ազնիվ սրտի ու մտքի զարկերը կան, որ գալիս հասնում են դիմացինին որպես հայրենասիրության խորհրդանշան ու շունչ, իբրեւ աննախադեպ գաղափարի աննախադեպ թարգմանություն: Երբեմն նա իր ներշնչանքի էներգիան վերցնում է հայրենական լեռների ծառ ու ծաղկից, նրանց վայրի ու կրքոտ ձևերից և կանացի խորհրդանիշներ ստեղծում փամփուշտներից: Հայկական լեռնաշխարհի մի բուրավետ,առաջին հայացքից ոչնչով չառանձնացող բույս կա՝ ավելուկը, որը հազար ու մի հիվանդության բալասան է, ազգային խոհանոցի ճաշատեսակներից մեկի կարևոր բաղադրիչ, բայց նախևառաջ հայկական լեռնաշխարհի անմահական հպարտությունն ու բնավորությունն ունեցող բույս է այն: Կոշտ է, դիմացինին չհարմարվող, սուր բույրով նույնիսկ երբեմն վանում է մարդուն, նրա մեջ հայկական լեռների չենթարկվող բնավորությունն է արտացոլված, հողի կենսատու ուժը, լեռներում ծնված հովի շունչը, սառնորակ ու անապական ջրերից ամրություն ստացած ջղերով կարծես արևն է հոսում: Քաղցրահամ չէ այն ,ավելին՝ դառն է, սակայն փխրուն նրբությունը ակներև է եփելիս:
Տերևաթերթիկները փափկում են, դառնահամը փոխվում է ինչ-որ բնական նուրբ բույրի:Արտակի աշխատանքերը այս բույսի բնավորությունն ունեն: Դրանք կոպիտ արույրի ու պղնձի, քմահաճ արծաթի խառնվածքներն են համադրում իրար այնքան նրբաճաշակ ձեռագրով, որ մետաղը սկսում է թևել, նրբորեն շարժվել, ուղղություն վերցնել դեպի դիմացինի սիրտը և կնոջ լանջին հպվելիս դառնալ նրա էության անբաժանելի մասը՝ նմանվելով ավելուկին, որ հպարտորեն ձուլվում լեռան լանջին՝ օրգանական ամբողջություն դառնալով նրա մաքրալույս բնության հետ՝ ձուլվելով, միավորելով, բալասանելով: Արվեստագետը նկարում է,ձուլում, փորագրում, նոր ձևեր ու նյութեր որոնում խաղաղության մասին իր խոսքը հնչեցնելու համար: Նրա ստեղծագործական մտքի որոնումները դեռ ընթացքի մեջ են ու դեռ շատ են զարմացնելու բոլորիս՝մնալով իբրև ճշմարիտ արվեստի կատարյալ նմուշ-ասելիքներ: