Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բուռն հակազդեցությունների ներքո ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը բազմիցս խուսափել է Արցախին պարտադրված ցեղասպան շրջափակումը վերացնելու վերաբերյալ գործուն քայլերի անհրաժեշտությանը վերաբերող հարցերին պատասխանելուց։ Հատկապես բուռն քննարկումներ են տեղի ունեցել ընթացիկ հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նրանց պատասխանատվության ենթարկելու, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների վերականգնման և առհասարակ ԱՄՆ գործուն միջամտության անհրաժեշտության վերաբերյալ։
Լսումների առնչությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի նախագահ Արամ Համբարյանը նկատել է․ «Արցախի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների առանցքային պահը՝ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի պետական գաղտնիքի ռեժիմի տակ թաքնվելն է՝ խուսանավելու Արցախը շրջափակելու ակնհայտ դրդապատճառների մասին հարցին պատասխանելուց։ Ամերիկահայ համայնքը միանում է նախագահ Մենենդեսին և ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխան է պահանջում՝ թե ինչո՞ւ պետդեպարտամենտն Արցախում ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտման միտված քաղաքականության դեմ կոշտ հակազդեցություն չի դրսևորում։ «Զարմացած» և ակնհայտորեն հիասթափված սենատոր Մենենդեսն առաջարկեց իր պատասխանը: «Նա (Ալիևը) չի ցանկանում բացել միջանցքը, քանի որ փորձում է սովամահությամբ կամ սովի սպառնալիքով հպատակեցնել այդ մարդկանց և ի վերջո ենթարկել իր կամքին։ Դա (այդ տեղեկատվությունը) պետք չէ դասակարգել»:
907-րդ բանաձևի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ սենատոր Մենենդեսի պնդումներին են միացել նաև սենատորներ Բենջամին Քարդինը և Քրիս Վան Հոլենը։ Այս առիթով սենատոր Մենենդեսը մասնավորապես նկատել է․ «Ես բազմիցս արտահայտել եմ իմ խորը հակազդեցությունն Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից հրաժարվելու վերաբերյալ, ինչը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին օգնություն ուղարկել Ալիևի ռեժիմին: Սա ակնհայտորեն փոխում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ալիևի: Կարծում եմ՝ Ադրբեջանի գործողությունները վերջին երեք տարիների ընթացքում, ցավոք, «արդարացրին» իմ դիտարկումները»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
15. 09․ 2023 թ․