կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 20:33
Հասարակություն

Զարդեր՝ զենքից․ Արտակ Թադևոսյանի խաղաղության արվեստը

Զարդեր՝ զենքից․ Արտակ Թադևոսյանի խաղաղության արվեստը

Ո՞վ է ասել, որ զենքը  միայն պատերազմների համար է: Գյումրեցի  զարդագործ–վարպետ Արտակ Թադևոսյանը  այն օգտագործում է  ոչ թե կյանքեր խլելու, այլ  խաղաղություն պարգևելու համար: Արտակ Թադևոսյանի ինքնատիպ ու յուրօրինակ  զարդերը ապացույցն են  նրա,  որ զենքը  կարելի է դարձնել խաղաղության  դրոշ,  խորհրդանիշ:

Արտակի զարդերը պատրաստվում են պարկուճներից, փամփուշտից ու արկերի մնացորդներից: Մահվան հետ ասոցացվող  զինամթերքը  գեղեցիկ կախազարդ, մատանի, թևնոց  կամ ապարանջան է դառնում արվեստագետի ձեռքում:

Դրանք ավելին են քան սովորական զարդեր։ Դրանք խաղաղության կոչ են՝ հասցեագրված ողջ մարդկությանը։

Զարդերի պատրաստման համար օգտագործված բոլոր նյութերը բերվել են մարտական գործողությունների գոտուց։ Յուրաքանչյուր փամփուշտ իր պատմությունն ունի, և յուրաքանչյուր զարդ պատրաստված է մեկ նմուշով։

Արտակի  ու  կնոջ՝ Հայարփիի HayAr  ապրանքանիշը համեմատաբար նոր է, բայց արդեն հասցրել է հավանության արժանանալ տարբեր երկրներում:Դատարկ պարկուճներից պատրաստված նրա զարդերը հայտնի են  ոչ  միայն  Հայաստանում, այլ  նաև  արտերկրում: HayAr-ի  զարդերը  պատրաստված են առանց ոսկերչական գործիքների, բացառապես ինքնաշեն  գործիքներով,  սակայն  դրանից  զարդերն իրենց գեղեցկությունը չեն կորցնում: Զարդերին  յուրօրինակ հմայք են հաղորդում հատկապես այն է,  որ բոլոր զարդերը ստեղծվում են հայկական մանրանկարչության  ու զարդանախշերի մոտիվներից ներշնչված:

Արտակն իր գործերով համամարդկային արժեք է շոշափում , երբ պարպած պարկուճներով կանացի գեղեցիկ զարդեր է ստեղծում  և  բռնություն արարող, արյուն թափող իրը վերածում է խաղաղության խորհրդանիշի:

Արտակի արվեստի գործերը ցուցադրվել են աշխարհի տարբեր կետերում, արժանացել է բազմաթիվ  պատվոգրերի ու գովեստի  խոսքերի:

Մեր  զրուցակիցն  է գյումրեցի  զարդագործ-վարպետ  Արտակ  Թադևոսյանը:

-Ինչպե՞ս  ստացվեց, որ մասնագիտությամբ  նկարիչ  Արտակ  Թադևոսյանը  սկսեց պատերազմի  հետ  ասոցացվող զինամթերքի  մնացորդները  կանացի  ինքնատիպ  զարդերի  վերածել։

-Արդեն չորս տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով։ Ինձ համար շատ կարևոր է, որ այն  զենքը, որը ասոցացվում է մահի, չարի, ագրեսիայի հետ, փոխակերպելով փորձում եմ բերել մի հարթակ, որտեղ ծառայում է ավելի դրական, ավելի բարի նպատակների։

Այսպիսով միտք ծագեց այն վերածել զարդի։ Այն, ինչը կարող է մարդու մարմինը  ոչնչացնել` միևնույն ժամանակ կարող է  զարդարել այն։ Կոնցեպտուալ առումով ես այն բերեցի այս հարթակ, փորձեցի արվեստի լեզվով իրեն փոխակերպելով` ներկայացնել բոլորովին այլ հարթության վրա, կիրառական արվեստի մեջ`  որպես զարդ։

-Ձեր պատրաստած զարդերը մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն՝ պատրաստված են առանց  ոսկերչական  գործիքների,  բացառապես ինքնաշեն  գործիքներով: Կպատմեք, ինչպե՞ս է  դա  Ձեզ  հաջողվում անել:-  Ես ոսկերիչ  չեմ, և առհասարակ չեմ տիրապետում և չեմ էլ ենթարկվում որևէ  ոսկերչական կանոնի, ինձ համար կարևորը միտքը, գաղափարն է:  Մարդը  ինձ համար ունիկալ է։ Երբ մարդ  ինչ-որ բան պետք է սկսի, ձեռնարկի և  չունի համապատասխան գործիքներ, միջոցներ,  իր միտքը, գաղափարը այդպես էլ չի համարձակվում իրականացնել`  պատճառաբանելով միջոցների սղությունը։  Եվ ես իմ այս քայլով կոտրեցի այս կարծրատիպը, քանի որ այն ինձ համար անընդունելի է։

Քանի  որ ես չունեի ոսկերչական գործիքներ ու նաև ոսկերչական գիտելիքներ,  նախ ես փորձեցի պատրաստել իմ պատկերացրած գործիքները, ապա նոր դրանցով սկսեցի զարդեր պատրաստել։ Իմ այս օրինակը կցանկանայի, որ ոգեշնչող լինի այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ բան են փորձում ստեղծել և անհրաժեշտ միջոցներ չկան։ Կարևոր է, որ վստահ սկսեն, հավատան իրենց քայլերին, իրենց ուժերին։

-Ձեր զարդերն տիպիկ հայկական են, գերիշխող է մեր ազգային ոճը, ձևերը, գույները: Ո՞վ  է այս հարցում Ձեր լավագույն խորհրդատուն.  Ձեր եղբայրը՝ գեղանկարիչ Արման Թադևոսյանը,  Ձեր  կինը,  թե...

- Նախ ասեմ, որ արդեն երկար տարիներ է, ցավոք սրտի, որ տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրվել մեր մշակույթը։ Բնականաբար այս երևույթը չէր կարող իր հետքը չթողնել մեր զարդագործության, և առհասարակ, մշակութային մյուս ոլորտների վրա։

Այս ամենը տեսնելով՝  փորձում եմ ամենահին, ամենահայկական զարդանախշերը, մանրանկարչական  դետալները կիրառել  իմ  աշխատանքներում։

Ես փորձում եմ պահպանել դրանց մաքրությունը՝  միաժամանակ ներկայացնելով դրանք ժամանակակից, մոդեռն ոճի մեջ։ Այսպիսով, պահպանելով ընդգծված հայկականը, փորձում եմ ստանալ այսօրվա մեր իրականությանն ու ժամանակակից պահանջներին համահունչ աշխատանք։ Եվ բոլոր դեպքերում փորձում եմ իմ ստեղծած զարդերի գեղագիտական ու էսթետիկ մասը հասցնել այն մակարդակի, որը կհուշի դրանց ստեղծման գաղափարը։

Եվ  ինձ համար շատ կարևոր է այն մարդկանց դերը, ովքեր իմ կողքին են ու ինձ համար ներշնչանքի աղբյուր են հանդիսանում։ Անչափ կարևորում եմ կնոջս' Հայարփիի ներկայությունը այս զարդերի ստեղծման պրոցեսում։ Ճիշտ է, նա ֆիզիկապես ներկա չէ, բայց էներգետիկ առումով նա ներկա է յուրաքանչյուր զարդի մեջ։

-Պատիվ  եք ունեցել  Ձեր  «խաղաղության» արվեստը  իր ողջ գեղեցկությամբ  ցուցադրելու Եվրոպայում. մասնակցել եք  Ֆրանսիայում կայացած հեղինակավոր «En Guerre» մրցույթ-փառատոնին:   Ինչպիսի՞ դեր են խաղում  նման  փառատոնները   արվեստագետի կյանքում,  դուք  Ձեզ  գնահատված զգու՞մ  եք: - Յուրաքանչյուր արվեստագետի, ստեղծագործողի համար շատ կարևոր է, երբ իր արվեստը գնահատվում է, իր արվեստը շատ կարճ ժամանակահատվածում դառնում է ճանաչելի ավելի լայն միջազգային հարթակներում, որը իհարկե, շատ մեծ պատիվ է։

Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այդ պատվին է արժանացրել, որ ես կարող եմ երկիրս, քաղաքս պատվով ներկայացնել։

Ինձ համար մարդու  ծնունդ ու մահ ինտերվալը  այնքան կարճ է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ գործունեության բնագավառից, պետք է փորձի յուրաքանչյուր  րոպեն, ժամը  գնահատի և հասարակությանը  ծառայեցնի։

Հավատացեք, որ միայն այս դեպքում աշխարհը կդառնա ավելի գեղեցիկ ու ավելի բարի։

-Ձեր աշխատանքներն ավելին են, քան սովորական զարդեր։ Դրանք համամարդկային արժեք են  շոշափում , երբ կանացի գեղեցիկ զարդեր եք ստեղծում՝  բռնություն  արարող, արյուն թափող  իրը վերածելով  խաղաղության խորհրդանիշի: Դրանք խաղաղության կոչ են՝ հասցեագրված ողջ  մարդկությանը։ Ի՞նչ է  Ձեզ համար խաղաղությունը:

- Ամեն մարդ նախ իր մեջ պետք է գտնի այդ ներքին խաղաղությունը, որպեսզի այդ խաղաղությունը կարողանա փոխանցել, որ դրանով ապրի ու ապրեցնի։  Շատ եմ կարևորում նաև մեր վաղվա սերնդի մեջ  խաղաղասիրության սերմանումը։ Մինչ կորոնավիրուսը  տարբեր մարզերի, քաղաքների  դպրոցներից տարբեր տարիքային խմբերի աշակերտներ շրջայցով գալիս էին իմ արվեստանոց։ Երեխաներին, բացի իմ արվեստը ներկայացնելուց, փորձում էի ներկայացնել նաև խաղաղասիրության կարևորությունը։ Խաղաղության ոգով դաստիարակված սերունդը չի կարող ագրեսոր դառնալ, չի կարող պատերազմ հրահրել: Նման սերունդը կարող է միայն խաղաղության կոչ անել, խաղաղության ձգտել, իսկ հզոր լինելով, կարող է նաև խաղաղությունը պարտադրել:

Եվ այս պարագայում միայն մենք կունենանք ազգասեր, հայրենասեր, մարդասեր, խաղաղասեր սերունդ,  ով վաղը կկարողանա մարդկությանը միայն խաղաղության մեսիջ ուղարկել։

-Հիմնականում ովքե՞ր են արվեստագետ Արտակ Թադևոսյանի  HayAr  ապրանքանիշի յուրահատուկ  ու տարբերվող  զարդերի պատվիրատուները:

- Ինձ համար ամենակարևորը այն մարդն է, այն պատվիրատուն  է,  ով հասկանում, ընկալում է իմ արվեստի գաղափարը և փորձում է դրա  փոքրիկ մասը  կազմել, իր  փոքրիկ լուման ունենալ։ Ինձ համար կարևոր չէ մարդու ազգային պատկանելիությունը։ Ինձ համար կարևոր է, որ ամեն մարդ ինքը հասկանա խաղաղության գինը, արժեքը և կրելով իմ զարդերը՝  դառնա այդ խաղաղության կրողն ու միևնույն  ժամանակ փոխանցողը։

Արվեստի միջոցով արտահայտված խաղաղության իմ կոչը համամարդկային է։ Ու այս դեպքում ինձ համար կարևորը այն մարդն է, ով գիտակցում է այդ գաղափարը, ընկալում է այդ մեսիջի կարևորությունը ու միանում է իմ խաղաղության կոչին։ Ինձ համար ամենակարևորը  թերևս  այդ  մարդիկ  են։

-Ի՞նչ  խորհուրդ,  ուղերձ  են կրում Ձեր  արվեստի  բացառիկ  գործերը և  ո՞րն  է  Ձեր ներշնչանքի  աղբյուրը:

- Ինձ համար ամեն մի գործ կարծես չարի ու բարու հակամարտության հաղթանակն է, որտեղ միշտ հաղթում է բարին։

Եվ  ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ այս գաղափարը վերցնեն  ու փորձեն իրենց առօրյայում էլ նույն սկզբունքով առաջնորդվեն. խաղաղությամբ, մարդասիրությամբ։

Իմ ներշնչանքի  աղբյուրը իմ մեջ եղած ներքին էներգիան է, որը փոխանցելով՝  նաև ստանում եմ։  Ու շատ կարևոր է, թե ումից կստանաս այդ էներգիան։ Երբ այն ստանում ես քեզ շրջապատող ամենահարազատ մարդկանցից, քո կողակցից, ապա այդ էներգիան դու իրենց շնորհիվ կարողանում ես ուղղորդել ավելի դրական, ավելի  ճիշտ  ուղղությամբ  սպառելուն։