Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապառաժ»-ը այս համարից սկսած ներկայացնելու է 44-օրյա պատերազմում Արցախի բարձրագույն կոչմանն արժանացած հերոսներին: Այս համարում ներկայացնում ենք «Ոսկե արծիվ» շքանշանակիր Թովմաս Թովմասյանի կյանքի եւ կատարած սխրագործությունների մասին «Ապառաժ»-ի հարցազրույցը նրա եղբոր՝ Նահապետ Թովմասյանի հետ:
Թովմաս Թովմասյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: Չորս եղբայր էին, նա երրորդն էր: Սովորել է գյուղի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում, առաջին դասարան գնացել է 1990թ., եղել է հարվածային և ավարտել 2000թ.: Ապա, նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարան «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում. ճանապարհային երթևեկության կազմակերպում» մասնագիտությամբ և ավարտել 2009թ. ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ: 2001թ. զորակոչվել է ժամկետային զինծառայության` Հադրութ, և զորացրվել է 2003թ.:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
44-օրյա պատերազմի ժամանակ Թովմասն իր ընկերոջ՝ Արցախի հերոս Նարեկ Հովհաննիսյանի հետ ակտիվ մասնակցել են մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն, հետախուզական գործողություններ իրականացրել հակառակորդի թիկունքում, պատճառել ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: Հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու գործողություններ իրականացրել սկզբում 7-րդ պաշտպանական շրջանում, Մռավում, իսկ ապա՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ուղղությամբ և Շուշիի մատույցներում: Նրանք, չլքելով իրենց վստահված դիրքերը, պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ավագ լեյտենատ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում:
Արցախի հերոս Թովմաս Թովմասյանի կյանքի և կատարած սխրագործությունների մասին «Ապառաժ»-ը զրուցել է նրա եղբոր՝ Նահապետ Թովմասյանի հետ:
—Ինչպե՞ս կբնութագրեք Թովմասին:
-Աշխույժ, ժիր, կայտառ, էքստրեմալ իրավիճակների սիրահար և չափազանց հայրենասեր:
Մեծանալով ազատամարտիկի ընտանիքում` չէր կարող չլինել հայրենասեր:
Հայրս` Սեյրան Թովմասյանը, 1992թ. Արցախյան առաջին ազատամարտի մասնակից էր, Շուշիի ազատագրման ժամանակ մեր գյուղի ջոկատի հրամանատարն էր, Շուշիում էլ վիրավորվել է: Իսկ մայրս` Լաուրա Թովմասյանը, 1988թ. Արցախյան շարժման ակտիվիստներից էր: Նրանք իրենց ապրած կյանքով և գործունեությամբ օրինակ են եղել Թովմասի համար և մեծ ազդեցություն թողել նրա ոգու և ներաշխարհի վրա: Թովմասն իր հայրենասեր ու նվիրյալ հոր ժառանգն էր, և չէր կարող անմասն մնալ հայրենիքի պաշտպանության գործից:
—Թովմասն ընտրեց զինվորականի մասնագիտությունը: Ի՞նչ ուղի ունեցավ:
— Բազմաթիվ աշխատանքների առաջարկներ եմ արել նրան, նույնիսկ խանութ էի ուզում նվիրել, սակայն չհամաձայնվեց: Զորացրվելուց հետո՝ զգալով, որ զինվորական լինելն է իր կոչումը, անցել է պայմանագրային ծառայության ՀՕՊ զորքերում և դարձել սպա:
Նա այն սպաներից էր, ով ծառայել է պատվով և նվիրումով: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է մի շարք հավաստագրերի և պատվոգրերի:
Դժվար է ինձ համար խոսել նրա մասին, սակայն պետք է նշեմ, որ Թովմասը այն անձնավորությունն էր, ով մշտապես մտածում էր հայրենիքի և իր զինվորների մասին: Ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի ծառայությանը:
2010թ. Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
2011թ. պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:
ՊԲ ՀՕՊ զորքերում ծառայել է մինչև 2014թ., ապա տեղափոխվել Հաթերքի զորամաս՝ միաժամանակ ծառայություն իրականացնելով նաև Մռավում: Ծառայել է մինչև 2017թ.:
Մասնակցել է 2016թ. ապրիլյան պատերազմին:
2017թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարան և ավարտել՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, ապա լեյտենանտի կոչումով նշանակվել դասակի հրամանատար:
2018թ. սեպտեմբերին ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Իսկ ընդամենը մեկ ամիս անց` հոկտեմբերին, երրորդ եռամսյակի արդյունքներով մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և զինվորական օրինակելի կարգապահության համար պարգևատրվել է պատվոգրով:
2019թ. մարտին օրինակելի և բարեխիղճ ծառայության, բարձր պատասխանատվության և ենթակա ստորաբաժանումում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովելու համար պարգևատրվել է պատվոգրով: Ապա նույն թվականի օգոստոսին ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Իսկ հոկտեմբերին ստացել է պատվոգիր սույն թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, պարտականությունների բարեխիղճ կատարման և զինվորական օրինակելի կարգապահության համար:
Վաստակել է նաև «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ:
2020թ. ստացել է հավաստագիր դիպուկահարների դասընթացներին մասնակցելու և լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
— 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված լայնամասշտաբ պատերազմում նա կրկին զենքը ձեռքին դուրս էր եկել թշնամու դեմ և ցուցաբերած արիության համար հետմահու արժանացել Արցախի հերոս բարձրագույն կոչմանը…
— Երբ սկսվեց պատերազմը` եղբայրս ու իրենց ջոկատը առաջնագծի տարբեր հատվածներում հերոսաբար մարտնչեցին ոսոխի դեմ: Պատերազմի ողջ ընթացքում` 44 օրում եղել է տարբեր դիրքերում` «Եղնիկներ» -ում, Մռավում, Սղնախում, Շուշիում, Քարին տակում :
Բավականին մեծ աշխատանքներ են կատարել «Եղնիկներ» -ում. անցնելով հակառակորդի թիկունք՝ լուրջ մարդկային և տեխնիկական կորուստներ են հասցրել: «Եղնիկներ» -ից հետո՝ լսելով, որ Մռավում իրավիճակը ծանր է, անմիջապես մեկնում են այնտեղ, ապա Սղնախ՝ Չախմախ կոչվող տեղամաս:
Նրանց արածն այս պատերազմում իրոք հերոսություն է, որի համար էլ արժանացել է Արցախի հերոսի կոչմանը: Նրանց արածի մասին գիտեն ռազմական ղեկավարները և այն մարդիկ, ովքեր իսկապես կռվել են: Բոլորն են հերոս, սակայն այդքան դիվերսիաներ, հմուտ գործողություններ ոչ բոլորը կարող էին կատարել: Քարին տակի վերևի մասում 7 հոգով 200-300 հոգու դեմ գրոհել են և կոտորել բոլորին:
Դեռևս կռվի ժամանակ՝ նոյեմբերի 5-ին էին Թովմասին և իր ընկերոջը՝ Նարեկին Արցախի հերոսի կոչում շնորհել, սակայն նրանք չեն իջել դիրքերից կոչումը ստանալու համար՝ պատճառաբանելով, որ պատերազմ է և խրամատն ու իրենց զինվորներին լքելու պահը չէ:
Նրանց ջոկատում բոլորը «խենթեր» էին:
Երբ թշնամին հասել էր Քարին տակ գյուղի մատույցներ, Թովմասն իր ընկերների` Նարեկի, նրա երկվորյակ եղբոր` Արայիկի, կամավորականներ Հարութի, Գուրգենի, Վարդանի, Գոռի, Հակոբի, Եղիշեի, Բորյայի, Քրիստափորի (Քիրո) ու հատուկ ջակատային Մհերի հետ կանխել է հակառակորդի առաջխաղացումն ու հետ շպրտել նրան:
-«Արցախի հերոս». սփոփա՞նք, հպարտությո՞ւն, թե՞ դատավճիռ:
— Ոչ մի բան չի կարող մեղմել մեր ցավը: Իհարկե, հպարտանում ենք, որ այդպիսի եղբայր ունենք, սակայն առանց նրա…Նա սիրում էր իր զինվորին. Թովմասը զինվորին մենակ չի թողել:
—Թովմասը վիրավորվե՞լ էր…
-Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում վիրավորվել է:
Շուշիի համար մղվող մարտը վերջին, ճակատագրական մարտն էր: Նա ու ընկերը` Բորիսը, արդեն Քարին տակի Սղնախ-Ավետարանոց հատվածում էին և անվախ ոգով պատրաստ էին նենգ ոսոխին ճզմելու:
Երբ ընկերը դիպուկահարի կրակոցից վիրավորվում է, նա գնում է ընկերոջը դուրս բերելու, սակայն նա նույնպես վիրավորվում է, որից հետո նրան տեղափոխում են «Ռուսի աղբյուր» կոչվող տեղամաս, որտեղից այլևս չեն կարողանում դուրս հանել: Վիրավորվելուց մոտ կես ժամ հետո խոսել եմ նրա հետ. վերջում ասաց, որ այլևս չի կարողանում խոսել, որովհետև հարձակվում են իրենց վրա: Այդ ամբողջ ընթացքում Բորյան, ով վիրավոր չէր, մնացել է Թովմասի հետ և միասին զոհվել են:
Հայրս վիրավորվել էր Շուշիի ազատագրման ժամանակ՝ Շուշիի տանկ-հուշարձանի մոտ, իսկ Թովմասը զոհվեց Շուշիի անկման ժամանակ:
Ես չեմ պատկերացրել, որ Թովմասը երբևէ կնահատակվի: Ավելի շատ մյուս եղբորս՝ Նարեկի համար էի վախենում, որովհետև տեխնիկայով գտնվում էր ամենատարբեր տեղերում՝ Ջաբրայիլում, Հադրութում, Մարտակերտում:
Թովմասն հաճախ էր որդուն իր հետ դիրքեր տանում:
—Ձեր կարծիքով՝ ո՞րն էր մեր պարտության պատճառը:
— Եթե Թովմասի ու իր ընկերների նման բոլորը կռվեին, թուրքերին շատ հեռու կքշեինք: Երևի չեն ցանկացել, որ զորքը կռվի…Մենք մինչև վերջին վայրկյան կռվել ենք, որովհետև մեր առջև այն նույն թուրքն էր, որ փախչում էր առաջին պատերազմում: Օր կար, երբ 21 հոգով Չախմախից մինչև Հյունոտ մաքրել ենք թուրքերից, և խնդրել ենք, որպեսզի զորք բերեն, սակայն մի մարդ անգամ չեն բերել, դրա համար էլ պարտվել ենք:
Այս պատերազում պարտվել են մի քանի հոգի: Հայ զինվորը չի պարտվել:
— Արցախյան առաջին պատերազմում 5000 զոհ ենք ունեցել, սակայն հաղթանակի բերկրանքը կարծես սփոփում էր մեր ցավը և հույս տալիս՝ ապրելու և արարելու: Այս պարտությունից հետո ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան:
— Յուրաքանչյուր հայ, մանավանդ արցախցի, պարտավոր է ապրել Արցախում:
Այս պարտությունը մենք չենք կարող մարսել: Վաղ թե ուշ մենք զենքով պետք է ետ բերենք մեր կորցրածը: Պետք է հզորանանք: Պետք է վրեժ լուծենք մեր զոհված բոլոր տղաների համար: Սա պետք է դառնա մեզ համար ուղենիշ և ապրելու նպատակ:
Վահագն Խաչատրյան