կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 17:08
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է․ Իշխան Սաղաթելյանը՝ Սիսիանի համայնքապետի մասին

Այն, ինչ կատարվում է մեր երկրում, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, նման իրավական և քաղաքական բեսպրեդել չի եղել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրի դիմաց, որտեղ քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։

Նա նշեց, որ դժվար է քաղաքական կամ իրավական տերմիններ օգտագործելով գնահատել իրավիճակը։

«Մի մարդ, որ կասկածելի ընտրությունների պայմաններում վերարտադրվել է, փորձում է երկրում հաստատել պարզապես դիկտատուրա․ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր դաշինքի ցանկից պատգամամավորության թեկնածուներին նման խայտառակ և կեղծ մեղադրանքներով բերման ենթարկել ու փորձել կալանավորել։ Խայտառակություն է սա, ինչ ասես։ Բայց ակնհայտ է, որ այս ամեն ինչը չի կարող լավ ավարտ ունենալ, սա բերելու է նոր ճգնաժամի, սա մենք չենք հանդուժելու, մենք երբեք չենք կարողանալու համակերպվել այս իրավիճակի հետ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական հետապնդումներից զատ այս ամեն ինչը արվում է նաև հատուկ նպատակով, ասաց նա, Սյունիքը թուլացնելու, սյունեցիների դիմադրողականությունը կոտրելու ու ցավոտ, նոր զիջումների գնալու համար։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե երկրում չկա Սահմանադրություն, իրավական լուծումներ, ապա «Հայաստան» դաշինքի օգտին ընտրած քաղաքացիները պետք է պայքարեն գործող իշխանության դեմ. «Իրենք նաեւ շատ լավ հասկանում են՝ չի կարող «53 տոկոս» հավաքած իշխանությունն իրեն պահել այսպես։ Իրենք հասկանում են, որ իրենց իշխանությունը ժամանակավոր է եւ փորձում են այս ճանապարհով երկարացնել իրենց իշխանությունը»։

Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական կողմի ակտիվությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց.

«Մենք ասել ենք, որ այս իշխանության վերարտադրությունը հավասար է պետականության կորստին։ Քանի այս իշխանությունը կա, դուք ամեն առավոտ սպասեք հերթական վատ լուրին։ Եթե Ալիեւն ասում է՝ մենք ունենք Ալեւելյան Զանգեզուր, գնում ենք Արեւմտյան Զանգեզուրը վերցնելու, խոսում է արդեն Երեւանից, Սեւանից, իսկ այս մարդն ընկել ու մեր ժողովրդին է ձերբակալում։ Ձերբակալում է այն մարդկանց, ովքեր կազմակերպում էին իրենց մարզի ինքնապաշտպանությունը։ Նոր գերիներ, նոր կորուստներ, ինչո՞ւ են բանակից հեռացնում ամենակայացած, ամենամարտական հրամանատարներին։ Այս ամենը քողարկում է տարբեր կեղծ, ծիծաղելի, արդեն զզվելի, բայց երբեմն ժողովրդի ականջին հաճելի լոզունգներով»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս ապօրինությունների ֆոնին լուռ են նաեւ միջազգային կազմակերպությունները։

«Շարունակ կերակրում էին՝ եկեք զիջենք, որ լավ ապրենք, զիջումները կբերեն խաղաղության։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են արդեն, որ այդ զիջումները բերելու են նոր պատերազմի, այդ զիջումները երբեք չեն բերելու խաղաղության։ Թշնամու առաջ ծնկի եկած իշխանությունը չի կարող պաշտպանել մեր պետության, ժողովրդի շահերը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ներառված Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Մանրամասն՝ տեսանյութում․