Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում տեղի կունենա ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Նախկին ռեկտորը վիճարկելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով մերժվել էր նրա հայցն ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի:
Վերաքննիչ բողոքի քննությունից առաջ Զոլյանը հանդիպեց լրագրողների հետ և հայտնեց, թե ինչ սպասելիքներ ունի դատարանից: Նա շեշտեց, որ իր հայցադիմումի մերժումը քաղաքական պատվեր էր և հրահանգավորված արդարադատության նախարարության ու վարչապետի կողմից:
«Եթե ես այսօր դատավորներին և իրավապահներին հանցագործ եմ համարում, թող չնեղանան, որովհետև նրանք գործում են օրենքի և պետության դեմ»,- հայտարարեց Զոլյանը և հավելեց. «Եթե ես սխալվեմ, շատ ուրախ կլինեմ, ՀՀ արդարադատության համակարգում մեկ էլ տեսար հիշեն արդարադատության մասին»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե նրա հիմնական նպատակն, ի վերջո, Եվրադատարան դիմե՞լն է, թե՞ հայաստանյան դատական համակարգում արդարադատության հասնելը, նա պատասխանեց. «Ես վերաքննիչ դատարանից որևէ ակնկալիք չունեմ, որքան շուտ անցնենք այս փուլը, այնքան շուտ կդիմենք Եվրադատարան: Ես ամբողջ կյանքս չեմ պատրաստվում նվիրել դատական նիստերին»:
ԵՊԼՀ նախկին ռեկտորը չցանկացավ անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի հանարահավաքից հետո իրեն ԱԱԾ հրավիրելու պատճառներին: «Ես խնդրել էի գրավոր ծանուցագիր ուղարկել ինձ` հասկանալու, թե որո՞նք են ինձ ԱԱԾ հրավիրելու հիմքերը, սակայն մինչ օրս այդ ծանուցագիրը չեմ ստացել: Ենթադրություններ ունեմ, բայց չեմ կարող պատասխանել, քանի որ հնարավոր է` վաղն ասեն, որ պրովոկատոր է եղել, ոչ թե ԱԱԾ-ից են զանգել»: