կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 18:03
Մշակույթ

«Ճախրուկ» միջազգային փառատոնը՝ Վանաձորում

«Ճախրուկ» միջազգային փառատոնը՝ Վանաձորում

Հուլիսի 25-ին՝ ժ․ 19։30-ին, Վանաձոր քաղաքում, Հայքի հրապարակում կմեկնարկի «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որին կմասնակցի Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։ Փառատոնի բարեգործական համերգը կշարունակի Արթո Թունչբոյաջյանը իր Armenian Navy Band խմբով։ Փառատոնի կազմակերպիչ և «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉԻՆՉ ԵՆ, ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՀՈԳՈՒ ԹՌԻՉՔ։

Քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները մասնագիտությամբ երաժիշտներ են, նվագում են փողային և հարվածային երաժշտական գործիքներ։ 2019թ-ի սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով սկսել են աշխատել Խարբերդի մասանգիտացված մանկատան երեխաների հետ՝ստեղծելով Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը և երգչախումբը: «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի ստեղծման նպատակը երեխաներին հնարավորություն տալ հանրությանը ներկայացնել հայկական մշակույթը և ամենակարևորներից մեկը՝ ուժի,կամքի,նպատակասլացության օրինակ ծառայել: Բացի զուտ երաժշտություն նվագելու հմտություն ձևավորելը,այս ամենը երաժշտախմբի երեխաներին տալիս է սեփական անձի կարևորության գիտակցում,սոցիալական կյանքում ներգրավվածություն,ինչպես նաև մասնագիտության ձեռք բերում:Երաժշտության միջոցով փոխանցված լավ տրամադրությունը օգնում է երեխաների հոգեբանական խնդիրների լուծմանը,որն էլ իր հերթին դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի բարելավման վրա։

Մանկատան տնօրենի՝Հարություն Բալասանյանի,աջակցությամբ անհատույց տրամադրված  սենյակները քույրերը նորոգեցին և կահավորեցին  բարի և սրտացավ մարդկանց շնորհիվ։ Սենյակներին քույրերը տվել են տան,ընտանեկան և ջերմ մթնոլորտ:2021թ-ի հունիսի 1-ին  հենց այդ սենյակներում կայացավ մշակութային կենտրոնի բացումը և մանկատան երեխաների համերգային ելույթը  բացման շրջանակներում:

2021թ-ին հիմնել են «Ճախրուկ» մշակույթային հասարակական կազմակերպությունը,որի գործունեության նպատակներից է Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի համերգների,փառատոնների կազմակերպումը:Ինչպես նաև երեխաների առողջական հարցերի՝ բուժման,վիրահատության, կազմակերպում:

2021թ-ի հուլիսի 25-ին Վանաձորի Հայքի հրապարակում կայանալիք «Ճախրուկ» միջազգային փառատոնով մեկնարկ է տրվում մի մեծ առաքելության՝ հետագա տարիներին հնարավորություն տալ օտարերկրյա հատուկ ունակություններով օժտված երեխաներին և չափահասներին մասնակցելու և իրենց ազգային երաժշտությունը ներկայացնելու,ինչպես նաև հնարավորություն է ընձեռնում համագործակցելու Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հետ։ Ամեն տարի փառատոնը անց է կացվելու Հայաստանում՝ խթանելով մշակույթն ու աշխարհին ներկայացնելու մեր ազգի հոգու հզոր ուժն ու թռիչքը։