Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը արդեն 3-րդ անգամ տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը: Այն կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս տարի փառատոնի շրջանակներում տեղի կունենա 19 համերգ` հետաքրքիր ձևաչափով. հոկտեմբերի 3-ից յուրաքանչյուր շաբաթ օր տեղի կունենան սիմֆոնիկ, իսկ չորեքշաբթի օրերին` կամերային համերգներ:
«Փառատոնի` ամենամյա լինելն արդեն իսկ պարտավորեցնող է, քանի որ պետք է վստահ լինենք, որ կարող ենք այն կյանքի կոչել նոր հյուրերով, հետաքրքիր ծրագրով: Սա արդեն իսկ կայացած փառատոն է, որը ծառայում է մեկ գաղափարի` աշխարհին ներկայանալ Խաչատրյանի միջոցով»,- ասաց Սմբատյանն ու հավելեց, որ այսօր վստահ կարող ենք ասել նաև, որ Հայաստանը փառատոնային երկիր է, քանի որ մեզ մոտ մի շարք հիանալի փառատոներ են անցկացվում:
Նա տեղեկացրեց նաև, որ, ինչպես միշտ, այս անգամ նույնպես փառատոնը հյուրընկալել է մի շարք անվանի դեմքերի` ջութակահարներ Աննա Վինիցկայան, Իվա Միլետիչը /Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մրցանակակիր/, Չադ Հուփեսը, Ալեքսանդրա Սոումը, Սուրեն Բագրատունին, Զոհրաբ Թադևոսյանը, դաշնակահարներ` Ալեքսանդր Ռոմանովսկին, Վահագն Պապյանը, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն… Սմբատյանը նշեց` քանի որ, սովորաբար, մի փոքր անտեսվում են հայաստանյան երաժիշտները, ուստի իրենք որոշել են փառատոնի մասնակիցների կազմում ընդգրկել նաև նրանց:
Փառատոնի փակման համերգը, ըստ դիրիժորի, լինելու է աննախադեպ` ոչ միայն ձևաչափով, այլ նաև հնչողությամբ: «Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ջազ նվագախմբի հետ կհնչեն Խաչատրյանի գործերը` ջազային գործիքավորմամբ: Սա, անկեղծ ասած, շատ մեծ աշխատանք է պահանջում, բայց վստահ ենք` արդյունքը հետաքրքիր է լինելու»,- ասաց Սմբատյանը:
Համերգները տեղի կունենան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և «Արամ Խաչատրյան» համերգասրահում: