կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 17:22
Քաղաքական

Իշխանության հռետորաբանությունն Արցախի հարցում դավաճանական է. Լիլիթ Գալստյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ․

Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 10-ին Եվրամիության խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» հայտնի բանաձևը: Ցավոք, այդ օրերին հայկական քաղաքական դիսկուրսում աղն ու աղաման ավելի շատ  շրջանառվեցին, քան Եվրոպական  այս կարևորագույն կառույցի կողմից ընդունված բանաձևը, որն իրականություն դարձավ նաև Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից:

Բանաձևը մասնավորապես հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը   իրական-ացվում է ոչ միայն այն ոչնչացնելու, այլևպատմության կեղծման և վերջիններիս «ալբանացման»  նպատակով:

Բազմաթիվ հաստատումների կողքին ներկայացնեմ, իմ կարծիքով հատկապես երկու կարևորագույնները՝

-         Բանաձևի երկրորդ կետով մասնավորապես արձանագրվեց Armenophobia/Արմենոֆոբիա եզրույթը և ամրագրվեց, որ Ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվում են և համակարգային բնույթ են կրում  հայկական    մշակութային ժառանգության ոչնչացումը,  հայատյացությունը,հակահումանիզմը,Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները:

-         Տասներորդ կետով  Եվրոպական պառլամենտը նույնքան կարևոր հաստատում արեց՝  կոչ անելով Ադրբեջանին զսպել Հայաստանի նկատմամբ իր մաքսիմալիստական՝ տարածքային և ռազմական նկրտումները, և ներգրավվել և աջակցել ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման աշխատանքներին:

Թվում էր, թե մեր իշխանությունները պետք է անխուսափելիորեն կապիտալիզացնեին Եվրոպական հանրույթի այս աննախադեպ ամրագրումները, բայց՝ ոչ:

Ճիշտ այդ օրերին ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ, իմ կարծիքով, հակապետական և դավաճանական հռետորաբանությամբ, ոմանք էլ կասկածի տակ են դնում մեր պատմական և քաղաքական իրավունքները:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից մարտի 10-ին հանրայնացված հինգ կետերից հետո ԱԳՆ-ն դիմում  է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Ավելին՝ նախարարը բառի խորը գիտակցությամբ  հայտարարում է, որ ադրբեջանական առաջարկներում Հայաստանի համար մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա:

Մինչդեռ այդ հինգ առաջարկներն ըստ էության բխում են սոսկ Ադրբեջանի շահերից՝ առանցքում ունենալով  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնեմ նաև, որ ճիշտ սրան զուգահեռ թե Հայաստանի, թե Արցախի սահմանին շարունակվում է ռազմական ինտերվենցիան, Արցախում հումանիտար աղետը, սահմանին՝ զոհերը: Իսկ մեր պաշտոնական դիսկուրսում ոչ մի խոսք թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների կամ դրանց ապացուցողական բազայի մասին:

Հիշեցնեմ՝ միջազգային իրավունքի ուժի մասին Վիենայի 1964 թ.  կոնվենցիան հստակ սահմանում է՝ չի կարելի ռազմական ինտերվենցիայի սպառնալիքի ներքո պետությանը պարտադրել որևի փաստաթղթի ստորագրում:

Մուրալով խաղաղություն՝ առանց  թուրք-ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու, առանց նրանց միջազգային պատասխանատվության, առանց քաղաքական և միջազգային գնահատականի,  առանց Արցախի ժողովրդի իննորոշման իրավունքի իրացման, նշանակում է լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական ցեղասպանական նկրտումները: