կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 16:38
Քաղաքական

Ս. Ալեքսանյանը որոշել է կողմնորոշվել «Աստղիկո՞ւմ»

Ս. Ալեքսանյանը որոշել է կողմնորոշվել «Աստղիկո՞ւմ»

Նախընտրական փուլի ավարտին բոլորի ուշադրությունը սևեռված է նաև ՀՀ գործարար շրջանակների այս կամ այն ազդեցիկ ներկայացուցչի վրա, որոնք մինչ օրս դեռ չեն հայտարարել այս կամ այն ուժին պաշտպանելու մասին և, այսպես ասած, «չկողմնորոշվածների» շարքում են: Դրանց թվում, անխոսք, կրիտիկական պահերին ոսկերչական ճշտությամբ կողմնորոշվելու արվեստի մեջ մշտապես փայլուն քննություն հանձնած գործարար Սամվել Ալեքսանյանն է, որը, ինչ խոսք, ունի խոշոր կարողություններ և կարող է ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա:

Սամվել Ալեքսանյանի՝ դեռևս չկողմնորոշվելու փաստն ապացուցվեց նաև երեկ, երբ նա չմասնակցեց Փաշինյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կազմակերպած երթին:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանն այս օրերին որոշել է պառկել սեփական հիվանդանոցում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, դրանով իսկ և՛ ապահովագրել իրեն Նիկոլի հնարավոր հարձակումներից, և՛ ժամանակ շահել՝ հետևելով զարգացումներին: Եվ այս փուլում Ալեքսանյանի ազդեցիկ ու զգալի թիվ կազմող ընտրազանգվածը մնացել է մի տեսակ «անտեր»: Հավելենք, նաև, որ գործարարը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Երևանում, այլ նաև իր հայրենի Ապարանում:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին Սամվել Ալեքսանյանի՝ կենտրոնում գտնվելու և բուժման կուրսեր անցնելու մասին լուրը՝ նշելով, որ նման տեղեկություններ տրամադրելը բուժանձնակազմի լիազորությունների մեջ չի մտնում:

Չնայած այս ամենին՝ ակնհայտ է, որ Սամվել Ալեքսանյանը ևս, որպես երկրում սպասվելիք փոփոխությունների հանդեպ «ժամանակակից գերզգայուն ինդիկատոր», լավագույնս առել է Փաշինյանի գահավիժման ու նրա հայրենադավ իշխանության ավարտի հոտը և շուտով իշխանության եկող ընդդիմադիր ազդեցիկ ուժին («Հայաստան» դաշինքին) սատարելու մասին իր հայտարարությունը ձգձգում է պարզապես մի բանի համար՝ առավել քիչ գլխացավանքների մեջ ընկնել այս լարված փուլում և հնարավորինս քիչ հարվածներ ստանալ մայրամուտ գլորվող Փաշինյանի «մուրճ ու մանգաղից»՝ իր կողմնորոշման մասին հայտարարելով այն օրը, երբ Փաշինյանն արդեն անզոր կլինի իր դեմ որևէ քայլ կատարել:  

Վերջում մեզ մնում է առողջություն մաղթել Սամվել Լիմինդրովիչին և նախընտրական հաշված օրերի ընթացքում սպասել նրա գերճշգրիտ քայլին:

Վահե Սարգսյան