Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունների գործուղած անձը կազմակերպել և անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ ՀՀ բոլոր դատարաններում, շատ ջերմ խոսել է բոլոր դատավորների հետ, լսել է նրանց կարծիքներն ու խոստացել բոլոր խնդիրների լուծում, այսինքն, քաղաքական իշխանությունը տեղայնացվել է դատական իշխանության մեջ, դատական իշխանությունը դարձրել է իր մինի-օղակը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց նախկին դատավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Կարինե Պետրոսյանը։
«Արդյունքում տեսնում ենք, որ առաջադրված որևէ խնդիր լուծում չի ստացել։ Այս պահին ունեն առնվազն երկու խնդիր լուծելու․ առաջինը՝ դատավորների թիվն ավելացնելու հարցը, որ այդպես էլ չլուծեցին, երկրորդը՝ դատավորների կենսաթոշակի հարցը, որն առաջին ընթերցումն էլ անցավ, բայց երկրորդ ընթերցումը չանցավ։ Այսինքն, մենք այսօր տեսնում ենք, որ բացի պոպուլիստական հայտարարություններից փաստացի որևէ գործողություն չի իրականացվում ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ դատական իշխանության մեջ»,-ասաց Կարինե Պետրոսյանը։
Մինդեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք այսօր հայտ են ներկայացրել ստանձնելու իշխանությունը, Կարինե Պետրոսյանի համոզմամբ, շահագրգիռ են, որ դատական իշխանությունը ապագայում դարձնեն անկախ։
«Յուրաքանչյուրը պետք է պատկերացնի, որ այդ դատարանի առջև մի օր ինքն է կանգնելու, և այդ դատարանը պետք է լինի անկախ, և այդ դատարանի նկատմամբ հավատը պետք է լինի աներկբա»,-ասաց նա։
Կարինե Պետրոսյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր ուժերի առաջատար անդամների դեմ քաղաքական գործեր են հարուցվել, և նույն դատարանների անկախ լինելու շնորհիվ է, որ այսօր կարող են իրենց դրսևորել քաղաքական դաշտում։ Սա, նրա համոզմամբ, խթան է, որ քաղաքական կամք դրսևորեն ապագայում դատական համակարգը անկախ դարձնելու համար, քանի որ նախկինում, հիմա և ապագայում իրենք մի օր կարող են հայտնվել այդ դատարանում։
Կարինե Պետրոսյանի համոզմամբ՝ ԲԴԽ անկախությունը քիչ թե շատ պահպանվում էր մինչև այն պահը, երբ իշխանությունը ստացավ իր քիմքին հաճո որոշումներ՝ անցյալ տարվա նոյեմբերը, երբ տեղի ունեցավ քաղաքական իշխանության երրորդ բախումը դատական իշխանության հետ։
«Առաջին բախումն այն էր, երբ Հանրապետության հրապարկում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ՀՀ-ում չկա մի դատավոր, որն իր կամքը չկատարի․ դա հրապարակային ճնշում էր արդարադատության նկատմամբ և միջամտություն էր արդարադատությանը։ Դրան հաջորդեց գործադիր իշխանության հաջորդ քայլը, ինչը արտահայտվեց ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելուց հետո վարչապետի պաշտոնակատարի կոչով՝ դատարնների դռները փակելու մասով։ Չեմ կարծում, որ աշխարհում կա ժողովրդավարական մի պետություն, որտեղ անպատիժ և առանց գնահատականի կմնա գործադիր իշխանության ղեկավարի նման կոչը․ ինչ-որ մի ժամանակ դա իր իրավական գնահատականը կստանա։ Երրորդը 2020 թ նոյեմբերին հաջորդող դեպքերն էին, երբ ընդդիմության առաջնորդներին բերեցին խափանման միջոցների միջնորդություններ, և դատարանները դատական իրավաչափ ակտեր կայացրին։ Իշխանությունը չստացավ իրեն անհրաժեշտ և հաճո, իր նպատակը հանդիսացող դատական ակտերը, ինչին հաջորդեց հարձակումը դատական իշխանության վրա»,-ասաց Կարինե Պետրոսյանը։
Դատական իշխանության վրա հարձակումն արտահայտվեց այն բանով, որ փաշինյանական իշխանությունը Վճռաբեկ դատարանի դատավորի եռօրյա ընտրությունը վերածեց դատական իշխանության դեմ հաշվեհարդարի։
«Այդ հաշվեհարդարի նպատակն այն է, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր այդ պահի նախագահի՝ Ռուբեն Վարդազարյանի շնորհիվ, ստեղծել էր անջրպետ քաղաքական և դատական իշխանության միջև։ Այսինքն, որևէ ձևով քաղաքական իշխանությունը դատավորների վրա միջնորդավորված ազդեցություն չէր ունենում։ Բնականաբար, քաղաքական իշխանությանը դա դուր չեկավ և սկսվեց համապատասխան գործողությունները՝ քրեական գործ հարուցելով, առանց ԲԴԽ համաձայնության, մտացածին մեղադրանքներով անձին հեռացնել իր պաշտոնի կատարումից և այնտեղ գործուղել մի անձի, որը կկազմակերպի ԲԴԽ այն անդամների աշխատանքը, որոնք ընտրված են ԱԺ կողմից, և նրանց ընդամենը անհրաժեշտ էր դատական իշխանության մեկ դավաճանի ձայն, որը գումարելով այսօր ունեն քաղաքական դրածո իշխանությամբ ԲԴԽ․ 6 անձ քաղաքական իշխանության կամքն է արտահայտում»,-ասաց Կարինե Պետրոսյանը։
Նա նկատեց, որ քաղաքական իշխանությունը փորձեց ռեպրեսիաների ճանապարհով գնալ, հարուցել կարգապահական վարույթներ, ինչը երկու դատավորի նկատմամբ այս պահին էլ առկա է՝ Ալեքսանդր Ազարյանի և Արման Հովհաննիսյանի։
«Դատավորները զգացել են անկախության համը, հասկացել են, որ միակ ճանապարհը, որ իրենց համար անխընտրելի է, օբյեկտիվ արդարադատությունն է․ կատարել իրենց գործն այնպես, որ վաղը ինչ իշխանություն էլ փոխվի, յուրաքանչյուրը իր դատական ակտի համար պատասխան կարողանա տալ, և նրանք հագուրդ չտվեցին քաղաքական իշխանության ճնշումներին»,-ասաց Կարինե Պետրոսյանը։
Նախկին դատավորն ընդգծում է, որ իր գործընկերներն այսօր իրենց մեջ այնքան ուժ են գտել, որ չտրվեն քաղաքական իշխանության ճնշումներին։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․