կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 13:55
Հասարակություն

Սյունիքի Սև լճի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է․ այս պահին բանակցում են ռուս խաղաղապահների ներգրավմամբ

Սյունիքի Սև լճի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է․ այս պահին բանակցում են ռուս խաղաղապահների ներգրավմամբ

Թշնամին Սյունիքի Իշխանասարի Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ է եկել և կանգնել՝ ըստ Yerkir.am-ի հաստատել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Նա նշել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր․ հարյուրներով շարված են։ 

«Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- ահազանգել է Իրինա Յոլյանը։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը փաստել է, որ թշնամին Սև լճի տարածքում առաջ գալով՝ փորձ է կատարում տեղակայվելու։

«Ի դեպ, ասեմ, որ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով»,- նշել է նա։

Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը․ նշված քարտեզներով ադրբեջանցիներին է անցնում ջրամբարի պլատինան:

«Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»,-ասել է Գորիսի փոխքաղաքապետը։

Սյունեցիները նշում են, որ օրեր առաջ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև դիրքային մարտեր են ընթացել Սիսիան քաղաքի արևելքում գտնվող Իշխանասար և Ուխտասար սարերի միջնատարածքում: Իշխանասարի հատվածում այսօրվա՝ զինված բախումների մասին տեղեկությունները զուգակցվում են տարածքում ակտիվացած ռազմական ուղղաթիռների թռիչքներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այսօր վաղ առավոտյան, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, ադրբեջանցիները փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, բայց հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ-ն, սակայն, հերքել է, որ այս պահին մարտեր են ընթանում Իշխանասարի ուղղությամբ, ասել է՝ այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Հայկական կողմից վիրավորներ լինելու մասին լուրերը առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում։

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի տեղեկություններով՝ այս գիշեր ադրբեջանցիները մեծ զորքով բարձրացել են Իշխանասարի Սև լճի հատված և հայկական այնտեղի հենակետը ընկել է շրջափակման մեջ։

«Որքան տեղյակ եմ՝ ռուսները մոտենում են այնտեղ, որ բանակցություններ տանեն։ Որքան տեղյակ եմ՝ վիրավորներ կան այնտեղ, բայց դա ստույգ չէ։ Ըստ երևույթին, երբ իրենց ոչ ոք չի դիմադրում, առաջ են գալիս, որ հասնեն Երևան, դա է իրենց ուզածը»,-ասել է նախկին մարզպետը։

Սյունիքի գործող մարզպետի մեկնաբանությունը, ըստ լրատվամիջոցների, հետևյալն է․ «Նման տեղեկություն ես չեմ իմանում»։

Ավելի վաղ Yerkir.am-ը ներկայացրել էր Մենուա Հովսեփյանի հարցազրույցը։

Նշենք, որ Իշխանասար գյուղը Սիսիան համայնքի կազմում է, Իշխանասարի փեշերին: Բայց միջադեպը այդտեղ չի եղել, այլ Սև լճի շրջանում՝ Իշխանասարի փեշին։ Սև լճի մեծ մասը անգամ Խորհրդային քարտեզներով՝ Հայաստանի տարածքում է:

No description available.