կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 13:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղատնտեսության 69 մասնագետի Քերոբյանը գործից հանում է՝ «ընգերս ասում ա»-ի հիմքով

Ուսապարկը շալակին, որպեսզի չմոռանանք՝ ում թիմից է, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բաշխեց հերթական գոհարները՝ հայտնում է Yerkir.am-ը․ պարզվում է, երբ մկրատը վերցրել է, որ կրճատի Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինները, մտքում ծանրութեթև է արել, որ ցանկացած մարդ, ով սմարթֆոն ունի՝ ինքը նաև օպերատոր է, ու, խը՛րթ, կտրել է օպերատոր-մասնագետի հաստիքը։

Սա, ի դեպ, գրոտեսկ չէ, նախարարի բառացի հիմնավորումն է հարցին՝ ձեզ օպերատոր պետք չէ՞, որպեսզի գոնե համակարգչային աշխատանքը կատարի, որ կրճատել եք այդ հաստիքը։

«Հիմա, ասենք, ցանկացած մարդ իրա ձեռքում ունի սմարթֆոն, կարա ցանկացած համակարգչային աշխատանք կատարի։ Ա՛յ, հիմա դուք ինձ բերում եք ինչ-որ մի հատ էլեմենտար օրինակ, որը հենց ապացուցում է, որ ես ճիշտ եմ ասում։ Ա՛յ, հիմա, ասենք, ցանկացած մարդ ինքը օպերատոր էլ ա։ Ասենք, ո՞վ էստեղ չունի սմարթֆոն, չի անում գործողություններ միանգամից «Քլաուդում» կամ ուրիշ տեղ»,-ասաց հանճարեղ նախարարը։

Պարզվում է, «menu.am»-ի մասնագետ նախարարը գյուղատնտեսության ոլորտի կրճատումների որոշումը կայացրել է նաև «ընգերս ասում ա»-ի վրա հիմնվելով։

Երբ կրճատված մասնագետներն ասացին, որ իրենք՝ 69 հոգի, բոլորը բարձրագույն ավարտած մարդիկ են, կան 10-ից ավելի գիտության թեկնածուներ, որոնք մեծ ներդրում ունեն գյուղատնտեսության մեջ, հիմա այդ մարդկանց ընտանիքներն ինչո՞վ են ապրելու, նախարարն ասաց բառացիորեն հետևյալը․ «Հիմա, էն օրը Մարալիկում ընգերս ասում ա՝ ինչքան մարդ լինի, կընդունեմ աշխատանքի տեքստիլում»։

«Տեքստիլում», Կառլ․․․ գյուղատնտեսական գիտությունների թեկնածուին․ այսպիսի երևակայություն ունենալն անգամ հերոսություն է։

Տեքստիլը նախարարի միակ առաջարկը չէ․ ինչո՞ւ ոչ, բանվորի աշխատանք էլ կա։

«Հիմա դուք Գեղարքունիքից ե՞ք, լիքը աշխատատեղ կա։ Հենց հիմա մեր «Սևանի իշխանում» կա աշխատատեղ, դիմեք, գնացեք, աշխատեք»,-խորհուրդ տվեց Վահան Քերոբյանը։

Երբ կրճատված աշխատակիցները հակադարձեցին, որ գյուղացիները գալիս՝ իրենց հարցնում են՝ ինտենսիվ այգին ո՞նց տնկեն, որտե՞ղ տնկեն, իրենք էլ հո համակարգչո՞վ չեն աշխատում, որ սմարթֆոնի հեռանկարով ազատել են աշխատանքից, նախարարը վստահեցրեց, որ ինքը լիքը «ընգերներ» ունի գյուղացիների շրջանում, որոնք ինքնուրույն կարողանում են ամեն ինչ էլ անել։ «Ամենահասարակ գյուղացիների հետ եմ ես ընգերություն անում»,-վստահեցրեց նախարար Քերոբյանը։

Ասում եք, գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկվածությունը ցածր է՝ ո՞վ է բարձրացնելու, եթե ոչ մենք՝ հարցրին կրճատված մասնագետները։  

«Նորագույն տեխնոլոգիաներով կբարձրացնենք»,-հպարտ ասաց նախարարը։

Մարդը նոր տեխնոլոգիաներից բան չի հասկանում, մոտենում է, որ մե՛նք օգնենք իրեն՝ հակադարձեցին։ Նախարարը՝ հպարտ․ «Դուք շատ թերագնահատում եք գյուղացիներին»։

Վահան Քերոբյանը չզլացավ անգամ անձնական օժանդակություն առաջարկել։ Ազատված աշխատակիցներից մեկին հարցրեց՝ ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, պատասխանեց՝ 160 հազար դրամ, նախարարն ասաց․ «Եթե դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք, ձեր CV-ն տվեք, ես ձեզ ավելի բարձր աշխատավարձով գործ ճարեմ, խոստանում եմ, հենց ձեզ»։

ՀՀ ամեն մարզում նշված վարչության ընդամենը 3 աշխատակից են թողնում, այնինչ միայն Գեղարքունիքի մարզը 92 համայնք ունի․ 3 աշխատակից՝ 92 համայնքին։

Կառավարության որոշումն է․ օպտիմալացնում են։ Այդ դեպքում ինչո՞ւ չեն կրճատում նախարարության մյուս ստորաբաժանումներում առկա 100-ից ավելի թափուր հաստիքները՝ տարակուսում են կրճատված աշխատակիցները։

Ավելին, նրանք միտում են տեսնում․ Վահան Քերոբյանը հայտարարել էր՝ «գյուղում 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ», հավանաբար, հենց այս ծրագիրն էլ կյանքի է կոչում արհեստավարժ նախարարը։

Նա Թուրքիայի հետ ակտիվ առևտրի ջատագով է ու չի թաքցնում․ չկա հայկական գյուղատնտեսություն, չկա խոչընդոտ թուրքական գյուղատնտեսական ապրանքները մեր շուկա լցնելու համար, չկա և բողոք։ Այլապես ինչո՞ւ էր անհրաժեշտ փակել Գյուղատնտեսության նախարարությունը և միացնել Էկոնոմիկայի նախարարությանը, հիմա էլ կրճատել մասնագիտական հաստիքները։ Թերևս, պատասխանը Հայաստանը Թուրքիայի վիլայեթի վերածելու՝ փաշինյանական կառավարության քաղաքականությանն օժանդակելն է։ Եթե շարքային գյուղացու մոտ են այս հարցերն առաջանում, ուրեմն, հավանաբար, նախարարի մտքով էլ անցած կլինեն։

Սա ամենը չէ․ Գյուղատնտեսության նախարարությունը լուծարել են, գյուղոլորտի պատասխանատվությունը Էկոնոմիկայի նախարարության կազմում  դրել փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի վրա։  Կրճատվող՝ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետը Հայկ Ղևոնդյանն է։ Yerkir.am-ը մտադիր էր հենց այս մարդկանց պարզաբանումները ևս հասցնել ընթերցողին՝ որպես ոլորտի անմիջական պատասխանատուներ։ Պարզվեց, սակայն, նրանք «7 փականի տակ են»։ Մամուլի ծառայությունից ասացին՝ նոր իշխանությունների օրոք նոր կարգ է գործում․ եթե նախարարը պարզաբանում ներկայացրել է, ուրեմն նախարարից հետո ոլորտային փոխնախարարի ու վարչության պետի կարծիքը լրատվամիջոցը չպետք է հարցնի։ Հակադարձմանը՝ լրատվամիջոցն ինքը պետք է որոշի՝ ում կարծիքն է էական, խնդրեցին գրավոր հարցերն ուղարկել, որպեսզի քննարկեն վարչության պետին կամ փոխնախարարին խոսքի իրավունք տրամադրելու նպատակահարմարությունը։ Ահա այսպիսի ներքին ժողովրդավարություն։ Հարցումն ուղարկել ենք նախարարություն, եթե վարչության պետին տան խոսքի իրավունք, նրա կարծիքը ևս կներկայացնենք մեր ընթերցողին։

Հ․Գ․ Նախարարության լրատվական ծառայությունը պատասխանեց մեր հարցմանը․ պարզվում է, նախարար Վահան Քերոբյանի «ջախջախիչ» պատասխանից հետո, որից ամբողջ հանրապետությունը դեռ շոկի մեջ է, որևէ մեկը՝ այդ թվում փոխնախարարն ու վարչության պետը, իրավունք չունեն մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։ Դա նրանք «նախարարի գլխից թռնել» են որակում։ Այնպես որ, Քերոբյանի ասածը ընդունենք իբրև վերին ճշմարտություն, մինչև որ երկրին այնքան անհրաժեշտ գյուղատնտես-մասնագետները մնան անգործ, գյուղատնտեսությունն էլ Հայաստանում վերանա։

Հատկանշական է, որ վարչության պետ Հայկ Ղևոնդյանի «բերանը փակում են», քանի որ, մեր տեղեկություններով, սյունեցի սկզբունքային պետը դեմ է արտահայտվել այս աշխատակիցների կրճատման՝ կառավարության որոշմանը և, այդ պատճառով, արդեն մի քանի ամիս ծառայողական քննություն են սկսել Հայկ Ղևոնդյանի դեմ, ու չի բացառվում, որ ազատեն աշխատանքից միայն իրենց հրահանգը լռելյայն չկատարելու համար։  

Աննա Բալյան