կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 18:25
Քաղաքական

Քերոբյանը սո՞ւտ է ասում․ չմշակված մորթի արտահանման արգելքից տեղական հումքը շարունակում են թափել

Քերոբյանը սո՞ւտ է ասում․ չմշակված մորթի արտահանման արգելքից տեղական հումքը շարունակում են թափել

Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց չմշակված մորթերի արտահանումը՝ կրկին առաջացնելով անասնապահների դժգոհությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։ Սա արդեն երկրորդ որոշումն է։

Սպանդանոցներից մեզ ահազանգեցին, որ նախկինում արտահանման համար այնքան բարձր գնով էին գյուղացուց վերցնում մորթված կովի կամ ոչխարի կաշին, որ հիվանդ անասունին մենակ կաշվի համար մորթում էին, իսկ այսօր դա ձեռք չի տալիս։

Կառավարության որոշմամբ՝ կաշի վերամշակող տեղական գործարանը՝  «Կաշի» ԲԲԸ տարածքում գործող Ar-Leather/ARMA ընկերությունը, չմշակված հումք ընդունելու մենաշնորհատեր է դարձել (նրանից բացի ևս 2 փոքր ձեռնարկություն կա), այս պատճառով էլ ընդունում է նվազագույն գնով՝ 1 կգ-ը մոտ 80 դրամով։ Նախկինում գինը հասնում էր մինչև 500 դրամի, հետո միջազգային գներն աստիճանաբար իջան, իջեցրին նաև տեղական ընդունման գները, բայց հիմա,  երբ միջազգային գները նորից բարձրացել են, մենաշնորհատեր գործարանը կաշվի ընդունման գինն այլևս չի բարձրացնում, ընդունում է նախկին՝ նվազագույն գնով՝ ասացին սպանդանոցներից։

Ar-Leather/ARMA ընկերության տնօրեն Արսեն Թյուֆեքչին Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ չմշակված կաշիները 80-100 դրամով են վերցնում, հաստատեց նաև, որ նախկինում 500 դրամ է եղել, բայց Covid-19-ի համաճարակի և այլ պատճառներով գինն իջել է։ Նա, սակայն, վստահեցրեց, որ միջազգային գները դեռ չեն բարձրացել՝ համադրելի են իրենց վճարած գների հետ։

«80 դրամ են ասում՝ ձեռք չի տալիս, թափում ենք»,-ասացին գյուղացիները։

Նրանք նաև պնդեցին, որ ով, այնուամենայնիվ, տարել է մենաշնորհատեր գործարան՝ հումքի դիմաց փողերը ուշացրել են։

«Իրենք հիմա վերցնում են 1 կգ-ը 80-100 դրամով։ Մարդիկ 1 տոննա տարան, կեսը՝ մի 500 կգ հազիվ վերցնում են, ջոկում են, էն կեսը մարդկանց ձեռքն են տալիս, հետ են տալիս, նրանք էլ թափում են։ Ինչքան էլ վերցնում են՝ փողը հազիվ են տալիս՝ մի քանի ամսում»,-ասաց մեկ այլ տնտեսվարող։

Ընկերության տնօրենը, սակայն, ասաց, որ փոքր չափաքանակով բերողներին տեղում վճարում են, մեծ քանակների դիմաց վճարում են առավելագույնը 5 օրում։

Իսկ այս խոսակցություններն, ասաց նա, գեներացնում են արտահանող ընկերությունները, որ անգործ են մնացել։ Արտահանող ընկերություններն էլ հակադարձեցին, որ գործարանի հիմնադիրները ՀՀ գործող կառավարության մտերիմներն են և իրենց համար արտոնյալ պայմաններ են ապահովել։

Կառավարությունը նախորդ որոշման մեջ անկեղծորեն նշել էր, որ հենց այս գործարանին՝ «Կաշի» ԲԲԸ տարածքում գործող Ar-Leather/ARMA ընկերությանը, տեղական հումքով ապահովելու համար են արգելում, որ չմշակված հումքը դուրս գա երկրից։ Բայց փաստորեն, ըստ գյուղացիների, այս գործարանը չարաշահում է իր լիազորությունները՝ անհամաչափ ցածր գնով վերցնելով չմշակված մորթերը։ Այսինքն, ըստ տնտեսվարողների, կառավարության որոշումը վնասել է գյուղացիներին, տեղական արտադրությունը չի զարգացրել, կաշի վերամշակող տեղական գործարանն էլ չարաշահում է իրեն տրված հնարավորությունը։

Դեռ հունիսին ընդունված որոշման մեջ կառավարությունը նշում էր, որ այս ընկերությունը սարքավորումներ է ներկել Արգենտինայից և Իտալիայից և նախատեսում է մինչև 150 աշխատատեղի ստեղծում, այս պատճառով էլ տալիս են արտոնությունը: Պարզվում է՝ դրանից հետո մինչև այսօր ընկերությունն ընդամենը 35 նոր աշխատատեղ է բացել։

Արսեն Թյուֆեքչին ասաց՝ 20 նոր աշխատակից արդեն աշխատում է, 15 աշխատատեղի համար էլ աշխատակից չեն գտնում, այժմ քննարկում են օտարերկրացիներ ներգրավել, քանի որ տեղացիներին այդ պայմանները չեն բավարարում։

Նա նշեց, որ այդքան ներդրում անել և 150 նոր աշխատատեղ միանգամից ստեղծել չեն կարող, դրա համար ժամանակ է պետք։

Տնտեսվարողները վստահեցրին, որ արտահանման արգելքի մասին կառավարության որոշումը գործարանն ընդունել է տվել, բայց շարունակում է դրսից ավելի որակյալ կաշի գնել, մշակել, իսկ տեղական կաշիները ոչ ամբողջությամբ է ընդունում։

Արսեն Թյուֆեքչին պնդեց, որ ինչքան կաշի բերում են՝ մինչև վերջին հատիկն ընդունում են, պարզապես տարբեր գներով՝ որակյալները 100 դրամ, վնասվածներն՝ 80։ Նա վստահեցրեց, որ  եթե 1 տոննայի մեջ մի 30 կգ կաշի էլ դանակով մորթելիս անզգուշությամբ կտրված է լինում՝ իրենք էլի գնում են ու թափում, որ գյուղացուն չվերադարձնեն։

«Իրենք տեղացիներից առնում են ամսական մի 70 տոննա, այնինչ Հայաստանի հումքի ծավալները որ նայեք՝  նախկինում ամիսը 250-300 տոննա արտահանվում էր, մնացածը հիմա թափվում է»,-ասաց մեզ ահազանգած տնտեսվարողը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան խրոխտ գրառում էր արել, իբր «Կառավարությունն այս հումքի արտահանումն արգելել է, ամբողջությամբ մշակվում է Հայաստանում, սպառվում է Հայաստանում։ Վերջին ամսվա ընթացքում մշակվել է 300 տոննայից ավել»։

Նախարարը սուտ է ասում՝ վստահեցրեց տնտեսվարողը, այժմ 3-4 ամսում է 300 տոննա տեղական հումք մշակվում, այնինչ նախկինում՝ 1 ամսում էր այդքան մշակվում։

Այս գրառման մեջ նախարարը մեկ այլ սուտ էլ է ասում՝ իբրև թե «Նախկինում - խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշին ամբողջությամբ արտահանվում էր Թուրքիա; իսկ Թուրքիայից ներմուծվում էր մշակված կաշի, կոշիկ և այլն»։ Հայաստանից կաշվի հումքը հավաքող և արտահանող ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հումքը Թուրքիա չի արտահանվել, այլ արտահանվել է Իրան, իսկ այնտեղից այլ ուղղությունների հետ հնարավոր է նաև Թուրքիա, բայց դա արդեն իրենց խնդիրը չէ։

Նախարարը նաև գրել էր՝ «Իմ ձեռքին հայկական բանակի համար կարվող կոշիկի մշակված կաշին է»։

Գործարանի տնօրեն Արսեն Թյուֆեքչին վստահեցրեց, որ իրենք այնքան լավ են մշակում կաշին, որ անգամ Հյուսիսային պողոտայի վրա կարելի է իրենց մշակած կաշվից ապրանքներ գնել, նաև գործընկերներ ունեն Ռուսաստանում և այլ երկրներում։

Մինչդեռ մեզ ահազանգած տնտեսվարողը համոզված է, որ այս գործարանը կաշին չի կարողանում մինչև վերջ այնքան լավ մշակել, որ կոշիկ դառնա՝ կիսով չափ մշակում է ու արտահանում։ Իսկ եթե այս՝ վատ մշակված, կաշվից բանակի համար կոշիկ են կարում՝ դա արդեն ավելի վատ է։

Արսեն Թյուֆեքչին կառավարության որոշումից գոհ է․ ասում է՝ նախկինում տեղական հումքի ընդամենը 10 տոկոսն էր իրենց գործարան հասնում, մնացածն Ուրուգվայից էին ներկրում, այժմ ծավալներն անհամեմատ մեծ են։

Աննա Բալյան