կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 12:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Հեքիմյանին կալանավորեցին 2 ամսով․ պաշտպանը ակտը ապօրինի է համարում

Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի կալանավորումը 2 ամսով՝ Yerkir.am-ին տեղեկացրեց Ջահերով երթի ժամանակ բերման ենթարկված Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Նրա համար անսպասելի է եղել դատարանի որոշումը։

Որպես կալանավորման հիմք դատարանը նշել է քննիչի առաջադրած 3 հիմքերից միայն մեկը՝ դատաքննությանը խոչընդոտելը։

«Պետք է փաստեմ, որ, իմ համոզմամբ, նշված ակտը ապօրինի է։ Բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան և, ես լիահույս եմ, որ դատարանը կկայացնի օբյեկտիվ որոշում, նշված որոշումը կբեկանվի, կկայացվի նոր ակտ, անձը կազատվի»,-ասաց Բենիկ Գալստյանը։

Հաշվի առնելով ոչ միայն այն, որ Հայկ Հեքիմյանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ազգականն է, նաև այն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել Հայկ Հեքիմյանին բերման ենթարկելը և նրան ձերբակալելը, պաշտպանը չի բացառում, որ գործընթացը քաղաքական է։

Մինչ այդ պաշտպանը մանրամասնել էր, թե ինչու Հայկ Հեքիմյանին կալանավորելու ո՛չ հիմք կա, ո՛չ պայման։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։

Մանրամասն՝ տեսանյութում․