Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախաքննական մարմինը Հայկ Հեքիմյանի կալանքը հիմնավորում է քննությունից թաքնվելու մտավախությամբ՝ իբրև ապացույց ասելով, որ ենթադրյալ հանցանք կատարելուց հետո նա թաքնվել էր՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, ուր քննվելու է Հայկ Հեքիմյանին կալանավորելու միջնորդությունը։
Ըստ փաստաբանի, իրականությանը չի համապատասխանում, թե Հեքիմյանը թաքնվել էր․ դա ապացուցում է նաև Դատարանի Շենգավիթի նստավայրի վճիռը, որով Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է որակվել։ Դատարանը եկել է եզրակացության, որ դեպքից հետո Հեքիմյանը այդ վայրում է մնացել բավական երկար ժամանակ՝ մոտ 1 ժամ, և վերջինն է հեռացել, ընդ որում, այդ ընթացքում ինքնազգացողությունը վատացած ոստիկանին օգնություն ցուցաբերելուց հետո։ Նրան բերման են ենթարկել միայն հաջորդ օրը՝ Ջահերով երթին մասնակցելիս։ Սրանով հերքվում է փախուստի հիմքը։
Կալանավորման համար անհրաժեշտ հաջորդ հիմքը կարող է լինել դատաքննությանը խոչընդոտելու մտավախությունը։ Ըստ պաշտպանի, սա շատ ավելի խնդրահարույց է, որովհետև Ոստիկանության աշխատակիցն արդեն ցուցմունք է տվել որպես վրա, մեկ այլ ոստիկան, որը տուժող է ճանաչվել, ցուցմունք է տվել և առերեսվել Հայկի հետ, ունենք նաև տեսագրությունը, որը տրամադրվել է դատարանին․ այսինքն, Հայկ Հեքիմյանը արդեն որևէ ազդեցություն ունենալ այս ամենի վրա չի կարող։
Հաջորդ աբսուրդը, ըստ փաստաբանի, այն է, որ իբրև կալանավորման հիմք նշվում է, որ Հայկ Հեքիմյանը կարող է նորից բողոքի ակցիաների մասնակցել և նորից հանցանք գործել։
«Պարզ ասած՝ նրանք ասում են, որ չենք ուզում ինչ-որ մեկը մասնակցի ցույցերին, դրա համար ցանկացած առիթի դեպքում ցույցի մասնակիցներին ազատությունից զրկում ենք։ Բնականաբար, նման հիմք կամ նման նպատակ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, համենայն դեպս, այսօրվա դրությամբ գործող Քրեական դատավարության օրենսգիրքը։ Միգուցե, հարգարժան իմքայլականները օրենսդրական փոփոխություն անեն, փոխեն այդ հիմքերը, բայց քանի դեռ չեն փոխել, այդ հիմքը գոյություն չունի»,-ասաց Բենիկ Գալստյանը։
Նա ընդգծեց, որ Հայկ Հեքիմյանին կալանավորելու համար նաև չկան պայմաններ։
Կալանավորման պայմանների կարևորագույն բաղադրատարրը հիմնավոր կասկածի առկայությունն է կամ բացակայությունը։ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել Քր․ օր․ 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, որը պայմանավորված է վերջինիս կողմից իր լիազորություններն իրականացնելով։
Այնինչ, տեսագրության մեջ հստակ երևում է, որ Հայկ Հեքիմյանի՝ ոստիկանին հարվածելուց առաջ ոստիկանը առնվազն 3 հարված է հասցնում Հայկին։ Այդ հանգամանքն անգամ ոստիկանն է ընդունում։
Այս տրամաբանությամբ՝ ոստիկանի կողմից անձին հարվածելը իր լիազորությունների մեջ է մտնում, ինչը պարզապես ծիծաղելի է՝ ասաց պաշտպան Բենիկ Գալստյանը։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարտիրոսյանն է, ենթադրաբար, Հայկ Հեքիմյանի կալանավորման հարցը դատավոր Տաթևիկ Գրիգորյանից վերամակագրել Գագիկ Պողոսյանին։ Պաշտպանը բացարկի արդյունավետ իրականացման իրավունքից օգտվելու համար դիմել է Մնացական Մարտիրոսյանին՝ վերամակագրման պատճառները պարզելու և փաստաթղթեր ստանալու համար, թե արդյո՞ք մակագրման ընթացքում խախտումներ կան։
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։
Մանրամասն՝ տեսանյութում․