կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 16:27
Հասարակություն

Պիտի արագ մաքրենք այս ամոթը մեզանից․ գրականագետը՝ Փաշինյանի եւ պարտոության մասին

Դա մեր ամոթն է, մեր խայտառակ ամոթը, որը ժանգի պես պատել է մարդկանց երեսը, երկրի երեսը, պիտի արագ մաքրենք այս ամոթը մեզանից․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ, բ․գ․դ Դավիթ Գասպարյանը՝ մեր հարցին ի պատասխան, թե կա՞, արդյոք, պատմության մեջ Փաշինյանի նման քաղաքական գործիչ, որը երկիրը պարտության տանելուց, կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելուց հետո շարունակել է համառորեն մնալ եւ աթոռակռիվ տալ։
 
«Այս լարված, սրված վիճակը թափանցել է յուրաքանչյուրի ընտանիք, հարազատներն են գժտվում, ամուսինները, եղբայրները, համայնքներն իրար դեմ են ելել։ Այս լարվածությունը պետք է հանել։ Ավելի ծանր եւ խայտառակ բան, քան վերջին պարտությունն էր․․․ Մենք խոսում ենք, կենդանի ենք, ապրում ենք, թվում է, թե նորմալ է, բայց նորմալ չէ։ Այսքան մահ, ամեն տարածության վրա մահ է, ընկերդ, բարեկամդ, հարազատդ կորցրել են։ Պատերազմը՝ մի կողմից, կորոնավիրուսը՝ մյուս կողմից։ Անտարբեր ենք ամեն ինչի հանդեպ։ Այս լարվածությունը, կուտակումը, հայրենիքի կորուստը մեր վերջի նման մի բան է»,- ասաց գրականագետը։
 
Հարցին՝ գրական եւ մշակութային գործիչներն ինչո՞ւ են ձեռնպահ մնում ներքաղաքական իրողություններիցց, գրականագետն արձագանքեց․ «Ժամանակները տարբեր են։ Կար հերոսական մի սերունդ՝ Չարենց, Բակունց, Մահարի, մի ամբողջ երկրի պետական ապարատի դեմ էին կռվում, մի ամբողջ համակարգի դեմ, եւ կռվում էին իրենց գրչով, բուն ասելիքով։ Սա շատ հզոր սերունդ էր։ Ֆիդայիների հրեղեն մի սերունդ կար։ Այսօր, դժբախտաբար, կյանքը տարրալուծված է, ներքին միասնությունը թուլացել է, ինչն առավել ակնհայտ երեւում է մտավորական աշխարհում։ Անհատ մտավորականներ կան, որոնք ելույթներ են ունենում, այս կամ այն տեսակետն են պաշտպանում, բայց այն միասնական հզոր ալիքը, որ կարող էր բերել մշակութային ոլորտը․․․ Գրողներ, երաժիշտներ, մշակութաբաններ՝ կտրված են իրարից։ Այդ կտրվածությունը ազդում է նաեւ մեր ներքին կյանքի ճշմարտությունը բացահայտելու վրա»։
 
Մանրամասները դիտեք տեսանյութում։
 
Լիանա Սարգսյան