կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-05 19:32
Քաղաքական

Հեռացե՛ք, թրքասերներ․ Լիա Իվանյան. Panorama.am

Հեռացե՛ք, թրքասերներ․ Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան նողկալի են դառնում իշխանությունների թրքահաճո բարբաջանքները։ Դրանց առատությունը ակամա ստիպում է մտածել, որ ավարտին են մոտենում   ինչ-ինչ պայմանավորվածությունների ժամկետներ  թուրքերի և թուրքից վատթար հայերի միջև, և վերջիններս արագացնում են իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը։  Սա անհիմն կասկած չէ, քանի որ հատկապես վերջին 6-7 ամիսները ցույց տվեցին, որ այս իշխանությունները պատրաստ են ցանկացած զիջումների գնալ մեր  դարավոր թշնամու հետ։ 

Այնպես չէ, որ հենց սկզբից չէր ուրվագծվում երիտհայերի ապազգային դիմագիծը, բայց ամենավառ երևակայությունն անգամ չէր պատկերացնի, որ ընդամենը երեք տարի անց իշխանություններն այն աստիճան թրքասիրություն կդրսևորեն,    որ հայկական իրականության մեջ տեղ կգտնի   Հայոց ցեղասպանության ժխտումը ՀՀ-ում քրեականացնելու պահանջ։ Ո՞ւր հասանք․ 100 տարի ի վեր, ամեն հայ ծնված օրից գիտե, որ թուրքը կոտորել է իր պապերին, բայց  մինչ օրս չի ընդունել իր հանցանքը և չի ապաշխարել։ Եվ հիմա հայտնվել է ինչ-որ դավաճանական թայֆա, որը   պատրաստ է ներել  թուրքին՝  հային բնաջնջելու համար․․․ Ավելին՝  5000 զինվոր էլ մատաղ անելով իրենց նվիրվածությունն ապացուցելու համար։

Ո՞վ է իրավունք տվել թուրք-սորոսական գրանտներով այլասերված այդ դավաճանախմբին  խոսել հայ ժողովրդի անունից։ Այդ ո՞ր  սպանված պապի կամ բռնաբարված տատի ժառանգն է իրավունք տվել նրանց ներել դահճին։ Կոռուպցիան ու թալանը արմատախիլ անելու խոստումով մանդատ փախցրածների ոհմակին թվում է, թե նոյեմբերի 10-ը մարսելուց հետո իրենք հանգիստ կարող  են ցանկացած առուծախ անել։ Պետք է խոստովանել, որ ցավոք  առայժմ դա մասամբ հաջողվում է նրանց, և կամաց-կամաց, կաթիլ-կաթիլ հող են պատաստում թուրքի հետ տնտեսական «ախպերության»  համար։ Օր առաջ պետք է ազատվել նրանցից, քանի որ կյանքը ցույց է տվել, որ իրենց ծրագրերի իրականացման մեջ նրանք ոչ ամոթ ունեն, ոչ էլ  տարրական բարոյականություն։  Տեսանք չէ, թե  ինչ աղետների հանգեցրեցին ադրբեջանցիների հետ խաղաղասիրական քարոզները։ Ամեն ինչ է սպասելի այս ազգադավ սրիկաներից։
Խորհրդանշական չէ միթե, որ  միայն 2020-ի ապրիլի 24-ն էր  ամայի  Եղեռնի հուշահամալիրը։ Մինչդեռ 1968-ից՝   հուշահամալիրի կառուցումից սկսած, ապրիլի 24-ին   Ծիծեռնակաբերդում էր ամեն հայ։ Չենք մոռացել կորոնավիրուսը, բայց ցանկության դեպքում հազար տարբերակ կարելի էր գտնել մարդկանց մուտքը կազմակերպելու համար։ Նման ամայություն Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին այլևս թույլ չենք տա, եթե անգամ ամեն ստորության ունակ   այս հայատյաց  վարչախումբն ինչ-որ արգելքներ մոգոնի։  2020-ին   խորքով   չհասկացանք, որ համավարակի պատրվակով խարխլվեց 52 տարվա ավանդույթը։

Հայաստանի ոչ մի իշխանություն, ո՛չ Սովետի օրոք, ո՛չ Անկախության շրջանում երբեք հետքայլ չի արել Ցեղասպանության հետ կապված պահանջատիրության հարցում, և իրական հաջողություններ են գրանցվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում։

Գաղտնիք չէ, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քաչարյանի նախագահության շրջանում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցրեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ 1998-2007թթ․ 14 երկրներ և 4 միջազգային կառույցներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը։ Նշենք, որ 2005թ․Եվրախորհրդարանի «Թուրքիայի առաջընթացի զեկույցում» հստակ նշված էր, որ «որպես ԵՄ լիիրավ անդամակցության նախապայման Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը»։

Այդ հարցում  Թուրքիայի  վրա միջազգային ճնշման չափը վկայում է  այն փաստը, որ «2008թ․ Թուրքիայի կառավարությունը  Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարը հռչակեց Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից» մեկը։ Խոստովանելով  նաև, որ    մոտակա 10 տարում դա Թուրքիայի ամենալուրջ խնդիրն է մնալու։  Դե, թուրքն էլ  լծվեց այդ լուրջ խնդիրը լուծելուն՝ լիուլի օգտագործելով անհայրենիք դավաճաններին։

Իսկ 2018-ին  Հայաստանում գունավոր հեղափոխություն եղավ։  Շատ չե՞ն զուգադիպությունները։

Իշխանության եկած սորոսա-թուրքական գործակալները պատժի   սլաքներն ուղղելով հայի  ինքնությունը ձևավորող արժեքների նսեմացմանը, հերոսների վարկաբեկմանը, բանակի, եկեղեցու և ընտանիքի արժեզրկմանը, պետականաքանդությանը՝ թուլացրին պետությունն այն աստիճանի, որ արդեն վախով ենք նայում վաղվա օրվան։ 44-օրյա պատերազմը սեփական ժողովրդի նկատմամբ արված ցեղասպանություն է ընկալվում շատերի կողմից, ադրբեջանցիները չեն թաքցնում իրենց թշնամանքը հայերի հանդեպ,  գրեթե ամեն ամիս զորավարժություններ են կատարում թուրք-ադրբեջանական զորքերը, իսկ մեր երկրում իշխանական դավաճաններն ու գործակալները նախընտրական անուրջներով են ապրում․․․ և պատրաստվում են երկիրը սկուտեղի վրա մատուցել  թուրքերին։ 

Չէ՜, լավ վերջաբան չի։ Ուրեմն օր առաջ սրանք պիտի հեռանան։

Լիա Իվանյան