կարևոր
20008 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 18:44
Քաղաքական

Շուշիի դեօկուպացիա, անջատում՝ հանուն փրկության էիք խոստացել․ չե՞ք կարողանում դա անել՝ հեռացե՛ք․ Արթուր Խաչատրյան

Համատեքստից կտրած ամեն ինչ էլ կարելի է ասել, մեկ դար անցնելուց հետո հետահայաց կարելի է ամեն ինչ ասել՝ արդարացնելու այսօրվա բացթողումները։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հետաքրքիր է մեկ դար հետո ՔՊ-ի մասին ինչ կգրեն, կամ կգրե՞ն, կխոսե՞ն արդյոք, կլինի ,թե՝  ոչ։ Խաղաղություն բերելու խոստումով բերեց պատերազմ, որովհետև չմոռանաք, որ պատերազմը բռնկվեց, երբ դուք խոսում էիք խաղաղության մասին, դուք էիք խոսում խաղաղության մասին և դուք բերեցիք պատերազմ և այդ պատերազմից մինչև հիմա դուրս չենք եկել, իսկ Դաշնակցությունը, որպեսզի պատերազմը վերջ տա, գերադասեց իշխանությունից հրաժարվել, որովհետև հասկանում էր, որ պատերազմել բոլշևիկների և քեմալականների հետ չի լինի, դուք դա չարեցիք, որովհետև ձեր համար այլ առաջնահերթություններ կան։ Հիմա ասում եք, մենք ընտրված իշխանություն ենք, կան նախադեպեր, միայն Դաշնակցությունը չէ, որ ասեց չեմ կարող պատերազմել 2 երկրի դեմ, դրա համար զիջում եմ իշխանությունը։ Ճապոնիայում զիջել են, որովհետև սոցիալ-դեմոկրատ վարչապետը, որը եկել էր իշխանության ամերիկյան ռազմաբազաները օկինավայից հանելու խոստումով ասեց  ներեղություն եմ խնդրում, չեմ կարողանալու դա անել։ Խոստումս չեմ կարող իրականացնել»,- ասաց նա։

Դիմելով ՔՊ-ին դաշնակցական գործիչը նշեց․ «Դուք խոստացել էիք Շուշիի դեօկուպացիա, դուք խոստացել էիք անջատում՝ հանուն փրկության, հիմա, երբ ասում ենք սա է ձեր խոստումը, կատարեք, չեք ասում ներեղություն ժողովուրդ, չենք կարողանում մեր խոստումը կատարել, դրա համար պետք է գնանք, բայց ասում եք ոչ, մեզ ժողովուրդն է ընտրել։ Մի փորձեք այդ իշխանատենչությունը հիմանվորել կամ քողարկել ժողովրդի թիկունքում, ժողովուրդը ձեզ քվեարկել է ելնելով ձեր խոստումներից, որոնք դուք ձախողել եք, ինչպես և ձախողել եք խաղաղության դարաշրջանը»,- ասաց նա։