կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 19:55
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի ղեկավարի անձնական վրեժն էր Քարտեզագրության ՊՈԱԿ-ը փակելը․ Սարհատ Պետրոսյանը՝ սահմանազատման և դիլետանտիզմի մասին

Հայաստանի հարավային սահմանում՝ Սյունիքում, Google համակարգի հետ եղած խնդիրների մասին Կադաստրի կոմիտեի նախկին տնօրեն, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը միշտ իմացել է և երկարաժամկետ լուծման ուղղությամբ աշխատանքներ է նախաձեռնել դեռ Կադաստրի տնօրեն եղած ժամանակ։

«Այն բարեփոխումները, որ մենք անում էինք՝ օդալուսանկարահանում, ինտեգրված կադաստրի ստեղծում և վերջում այդ տվյալները Google-ի, Yandex-ի և մնացած պլատֆորմների հետ կիսվելը, մենք երկարաժամկետ լուծում ունեինք։ Բոլորս գիտեինք, որ այստեղ ունենք խնդիրներ, որովհետև ո՛չ սահամանազատում, ո՛չ սահմանագծում չէր իրականացվել Հայաստանում որևէ երկրի հետ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սարհատ Պետրոսյանը։

Նրանք դա անում էին սեփական նախաձեռնությամբ, քաղաքական այդպիսի խնդիր դրված չէր, և իրենց մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ իշխանությունը, որին օգնում են, հասցնելու է նրան, որ հայկական զինուժի վերահսկողության ներքո գտնվող այդ տարածքներում քիչ ժամանակ անց ադրբեջանցիներ հայտնվեն։

Սարհատ Պետրոսյանը, սակայն, չդիմացավ գործող իշխանության դիլետանտիզմին, հրաժարական ներկայացրեց Կադաստրի պետական կոմիտեի տնօրենի պաշտոնից, իր թիմի՝ 20-30 պրոֆեսիոնալների հետ, դուրս եկավ համակարգից, և Սյունիքի սահմանների ճշգրտման երկարաժամկետ այդ աշխատանքներն էլ դադարեցին։

Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ սահմանային ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որում ոչ միայն չկա սահմանազատման, գեոդեզիայի որևէ մասնագետ, չկա միջազգային իրավունքի մասնագետ, այլև հանձնաժողովի նախագահն էլ բժիշկ է։

Սարհատ Պետրոսյանին սա չի զարմացնում․ 2018-19 թվականներին էլ, երբ հայ-վրացական միջպետական հանձնաժողով էր ստեղծվում, Կադաստրի ներկայացուցիչը, առաջին անգամ, չկար այդ հանձնաժողովում։

«Ես այդ հարցն այն ժամանակ բարձրացրի։ Իրոք, ես կարդացի և այդպես էլ չհասկացա՝ ով ինչի համար է պատասխան տալիս։ Դա, բնականաբար, նորմալ չէ, բայց լրիվ տեղավորվում է հետպատերազմյան, հետկապիտուլյացիոն փնթի կառավարման տրամաբանության մեջ։ Այնպես որ, ընդհանրապես չեմ զարմանում, բայց, բնականաբար, շատ սխալ է»,-ասաց ճարտարապետը։

Եթե հրաժարական չտար այն ժամանակ, կապիտուլյացիայից հետո կշարունակե՞ր պաշտոնավարել Կադաստրի կոմիտեում, թե՞ ոչ, նա չգիտի, բայց մի բան հստակ է՝ եթե ինքը ղեկավարեր Կադաստրը, ապա թույլ չէր տա, որ հեռախոսով գծանշումներ անեին և զատեին հայ-ադրբեջանական սահմանը։

«Պետք է այդ մարմինը լինի պահանջողը, որ դա կատարվի մասնագիտական մակարդակով, այլ ոչ թե հեռախոսներով գնալ, դաշտում որոշել՝ սահմանը ոնց է անցնում։ Հիմա բոլորը դրան GPS են ասում, բայց դա, իրականում, հեռախոսներով սահման ճշտելու գործընթաց է, որն անընդունելի է, ոչ պրոֆեսիոնալ է և դա տեղավորվում է ամբողջովին այն դիլետանտիզմի մեջ, որը տիրում է պետական կառավարման համակարգում։ Եվ եթե գումարենք այդ՝ կոռուպցիա հիշեցնող թայֆաբազությունը, թե ինչպես իշխանությունը պահելու համար ամեն ինչ կարելի է անել, կունենանք այն պատկերը, որը հիմա ունենք»,-նշեց Սարհատ Պետրոսյանը։

Շուռնուխում Ադրբեջանին են անցել տներ, որոնց համար հայ բնակիչները Կադաստրի տրամադրած՝ սեփականության վկայական ունեն, մի գյուղացու դեպքում էլ սահմանը հենց տան միջով է անցում։ Սարհատ Պետրոսյանի մասնագիտական գնահատականն այն է, որ այն տեղերում, որտեղ կա հային պատկանող սեփականություն, որը չի կարող փոխանցվել դիմացի կողմին, այդ տարածքների համար պետք է լիներ փոխանակում։

«Նորմալ գործընթացն այն կլիներ, եթե կապիտուլյանտ իշխանությունը հենց հաջորդ օրը հրաժարվեր և Հայաստանում գար այնպիսի իշխանություն, որը կարող էր պաշտպանել իր իրավունքները, ապա պետք է ստեղծվեր երկկողմանի հանձնաժողով միայն սահմանազատման և սահմանագծման համար, պետք է սահմանները քննարկվեին դեռևս թղթի վրա՝ մինչև տեղում՝ դաշտում, ուսումնասիրելը, պետք է որոշվեր սահմանի ուրվագիծը, հետո տեղում՝ բնության մեջ, պետք է դրվեր այդ քարտեզը։ Այսինքն, սահմանը, վերջ ի վերջո, գծում ենք մենք՝ մարդիկ, գծում ենք երկուստեք բանակցությունների արդյունքում»,-բացատրեց նա։

Շուռնուխի ճանապարհի խնդիրը, օրինակ, երբ մենք անցնում ենք զինված ադրբեջանցիներիների միջով, Սարհատ Պետրոսյանի խոսքով, կարելի էր լուծել այնպես, որ  Հայաստանը հավասարազոր ճանապարհ հատկացներ Ադրբեջանին մեկ այլ տեղում և ստանար այս տարածքը։

«Բնականաբար, Ադրբեջանին դուր է գալիս, որ մենք ամոթխած կերպով իրենց դրոշի տակով անցնում ենք, բայց երկու հավասարազոր պետությունների փոխհարաբերություններում բազմաթիվ նման խնդիրներ կան, որով կարելի է բանակցել»,-ասաց նա։

Բայց եթե հող հանձնողը, որը պարտվել է, որը վախենում է Ալիևին նույնիսկ պատասխանել, եթե նրա իշխանությունն է բանակցողը, պարզ է՝ Ադրբեջանը թքած ունի, թե մենք ինչ ենք ասում։ Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք նման իշխանություն, մենք տալու ենք, տալու ենք, տալու ենք և չենք կարողանալու պատշաճ  բանակցել։

Այսօր ինչ է կատարվում Կադաստրում նա, ցավոք, չի կարող ասել, քանի որ նոր տնօրենի՝ Սուրեն Թովմասյանի, նշանակումից հետո այն դարձել է փակ կառույց, այնինչ նախկինում շաբաթական կտրվածքով ներկայացնում էին իրենց աշխատանքի հաշվետվությունը։

50 տարվա պատմություն ունեցող, ՀՀ սահմանային հարցերի համար պատասխանատու կառույցը՝ Քարտեզագրության և գեոդեզիայի ՊՈԱԿ-ը փակելը, Սարհատ Պետրոսյանի վստահեցմամբ, Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավարի անձնական վրեժն էր, քանի որ շահերի բախում էր առաջացել։

«Մի կարծեք, որ կառավարությունում նստել, որոշել են, որ այդ ՊՈԱԿ-ը պետք է փակեին․ սա Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավարի անձնական վրեժն էր այդ կառույցից։ Երկար տարիներ ինքը հարվածներ էր հասցնում այդ կառույցին։ Ինքն իմ ժամանակ փորձեց տնօրեն լինել, ես չնշանակեցի իրեն, նշնակեցի մեկ այլ՝ շատ ավելի պրոֆեսիոնալ և բաց մտածող մարդու, և այս տղան իր վրեժը լուծեց, այդ մարդուն աշխատանքից հանեց և փակեց ՊՈԱԿ-ը։ Այնպես որ, Քարտեզագրության և գեոդեզիայի ՊՈԱԿ-ի փակման մեղավորը ներկայիս Կադաստրի կոմիտեի ղեկավարն է»,-վստահեցրեց Սարհատ Պետրոսյանը։

Քարտեզագրության ՊՈԱԿ-ի՝ մեծ ոգևորություն առաջացրած աշխատանքներից մեկն էլ այն էր, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների՝ միասնական, ամբողջական պատկերով քարտեզ հրատարակեց, որն այն ժամանակ շատ համարձակ քայլ էր։ ՊՈԱԿ-ում կային ավանդույթներ՝ կռիվ տալու սահմանային յուրաքանչյուր թիզի համար, որ գծվեր ի նպաստ Հայաստանի։ Ներկա իշխանություններն այդ ՊՈԱԿ-ն ուղղակի փակեցին և լիազորությունները փոխանցեցին Կադաստրի կոմիտեին։

Սարհատ Պետրոսյանն ասում է՝ այդ ինստիտուտը փակելու խնդիր իր առջև ևս դրվել է, և ինքը շատ լուրջ պայքար է մղել, որ չփակվի։ Բայց Կադաստրի կոմիտեի ղեկավար են նշանակել այն մարդուն, ով բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը փակելու է այդ կառույցը և փակել է։

«Ազգային ատլասի վրա տարիներով հայրենանվեր թիմ է աշխատել, ես նրանց բոլորին ճանաչում եմ և հիշում եմ՝ ինչ նվիրումով էին աշխատում դրա վրա։ Ես ասում էի՝ լավ, չեք ուզում ՊՈԱԿ լինի, թող ՓԲԸ լինի, ԲԲԸ լինի, բայց այդ գործառույթը շատ կարևոր է։ Բայց այն տղան, ով հիմա ղեկավարում է Կադաստրը, ուներ մի ընկերություն, որը մրցում էր ՊՈԱԿ-ի հետ և միշտ պարտվում էր, որովհետև մասնագիտական կարողությունների խնդիր կար, և բազմաթիվ մարդկանց մոտ, նաև իմ ներկայությամբ հայտարարել է, որ այդ ՊՈԱԿ-ը պիտի փակվի։ Եվ նշանակեցին այդ մարդուն, որն արեց այն, ինչ ինքն ուզում էր, և այս իշխանությունները տվեցին այդ հնարավորությունը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը։

Հայ-ադրբեջանական սահմանը որոշելու համար երկկողմ հանձնաժողով առայսօր ստեղծված չէ։ Փոխարենը կան միակողմանի մի քանի հանձնաժողովներ, որոնց ներկայացուցիչները սահմանին այդպես էլ չեն երևում։ Սարհատ Պետրոսյանն ասում է՝ ինքը որևէ բանակցություն չի տեսնում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցում, այլ տեսնում է ՀՀ իշխանությունների թուլամորթ պահվածքը։

«Մենք չենք տեսնում առավելագույն ջանք, մենք հլա որ տեսնում ենք՝ սահմանները տվեցինք, հիմա էլ Ցեղասպանությունն ենք տալով գնում՝ որպես իրավունք։ Վերջին 2-3 տարիներին ստեղծված հանձնաժողովների քանակով մենք ռեկորդակիր ենք։ Միայն քաղաքային պլանավորման ոլորտում մի 5 հանձնաժողովներ կան․ դա դիլետանտիզմի, թոզ փչելու գործելաոճի մեջ է»,-ասաց նա։

Եթե չկա պետական կառավարում, նրա համոզմամբ, միլիոն հանձնաժողով էլ ստեղծվի՝ գործը չի արվելու։

Այնինչ այսօր հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներից բացի ունենք նաև Վրաստանի հետ սահմանային բազմաթիվ հարցեր։ Սարհատ Պետրոսյանը մտահոգություն ունի, որ շուտով խնդիր է առաջանալու նաև Թուրքիայի հետ սահմանի հարցում, որովհետև Արաքսի հունում երկար տարիներ ավազի արդյունահանման հետևանքով Հայաստանի տարածքը փոքրացել է՝ սահմանը գնալով տեղաշարժվել է դեպի Հայաստան, և այս փնթի կառավարման պարագայում նշված խնդիրներից որևէ մեկը չի լուծվելու։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․