կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 11:42
Իրավական

Երեխային քաղաքական հավաքներին մասնակից դարձնելու իրավական կողմի մասին

Երեխային քաղաքական հավաքներին մասնակից դարձնելու իրավական կողմի մասին
Ռուբինա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Երեխային քաղաքական հավաքներին մասնակից դարձնելու իրավական կողմի մասին
 
Շուրջ մեկ շաբաթ է՝ մամուլում, սոցիալական ցանցերում ականատես ենք լինում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կազմակերպված հավաքներին երեխաների և առավելապես մանկահասակ երեխաների ակտիվ մասնակցությունը փաստող կադրերին: Սա հաշվի առնելով՝ երեխայի՝ իրավահարաբերությունների հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքը պետք է արժանանար իրավասու սուբյեկտների պատշաճ իրավական գնահատականին, ինչը տեղի չունեցավ:
 
Ես՝ ինքս, այս խնդրի մասին հրապարակայնորեն բարձրաձայնել եմ դեռևս մեկ շաբաթ առաջ, բայց երևույթի նույնածավալ կրկնությանն ականատես եղանք նաև երեկ:
 
Այսպես, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված է միավորումների և խաղաղ հավաքների ազատության երեխայի իրավունքը, սակայն երեխայի այս իրավունքի իրացումը պետք է դիտարկել հետևյալ հանգամանքների լույսի ներքո.
 
1) արդյո՞ք դրան նախորդել է երեխայի սեփական կարծիքն արտահայտելու հիմնարար իրավունքի իրացումը,
2) արդյո՞ք հավաքին մասնակցելու երեխայի իրավունքի իրացման հիմքում դրվել է «երեխայի լավագույն շահը» և մասնակցության որոշման համար դարձել է ելակետ:
3) արդյո՞ք դա տեղի է ունեցել երեխայի օրինական ներկայացուցիչների և, ի դեմս խնամակալության և հոգաբարձության մարմինների, պետության վերահսկողության ներքո, որը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է երեխայի իրավունքների իրացման ապահովման և պաշտպանության պարտականություն կրող հիմնական մարմին:
 
1. «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ ընտանեկան օրեսգիրքը ամրագրում են երեխայի սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը: Ընտանեկան օրենսգրքում սահմանված չէ նվազագույն տարիք, որից սկսած՝ երեխան իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը: Այս հարցի պատասխանը թերևս տրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածում, որտեղ երեխայի՝ իր հայացքները ձևակերպելու ունակությունն է համարվում միակ չափանիշը: Այս հարցին պատասխանում է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ նշելով, որ «Սահմանադրության տվյալ հոդվածը չի նախատեսում տարիքային կամ այլ որևէ սահմանափակում: «Հաշվի առնողի» համար է պարտականություն սահմանված` ելնել երեխայի տարիքից և հասունության աստիճանից: Բացի դրանից, ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասը հանրային իշխանության վրա դնում է հստակ պարտականություն` առաջնահերթ ուշադրության արժանացնել երեխայի շահերը` նրան վերաբերող հարցերում: Հետևաբար, սահմանադրի նպատակն է, երեխային վերաբերող հարցերում տարբեր շահերի առկայության դեպքում, առաջնահերթ պաշտպանել երեխայի շահերը, այնուհետև` առկա մյուս շահերը, իսկ այդ շահերի հակասության դեպքում՝ հանրային իշխանությունը պարտավոր է պաշտպանել երեխայի շահերը» (2016 թվականի դեկտեմբերին 20-ի թիվ ՍԴՈ-13333 որոշում):
 
Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դա տեղի է ունենում առանց երեխայի կարծիքի արտահայտման: Երեխայի իրավունքների կոմիտեն իր մեկնաբանություններից մեկում նշել է, որ երեխայի լավագույն շահերը հաշվի առնելը ենթադրում է երեխայի` սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի ապահովումը: Ընդ որում, երեխային վերաբերող բոլոր հարցերում պատշաճ ուշադրություն պետք է դարձվի նրա արտահայտած տեսակետներին: Կոմիտեն շեշտել է, որ ցանկացած որոշում, որի կայացման ժամանակ հաշվի չի առնվել երեխայի տեսակետը կամ դրան պատշաճ ուշադրություն չի դարձվել, հնարավորություն չի տալիս որոշելու, թե որն է «երեխային լավագույն շահը»:
 
2. Առաջնորդվելով միջազգային իրավական փաստաթղթերով, ներպետական օրենսդրությամբ իրավական սկզբունքի աստիճանի բարձացված երեխայի յուրաքանչյուր իրավունքի առանցքը կազմող բոլոր իրավունքների շրջանակը, դրանց իրացման երաշխիքների կառուցակարգը կանխորոշող «երեխայի լավագույն շահ» հասկացությամբ՝ երեխայի կարծիքը պետք է հաշվի առնվի բոլոր այն դեպքերում, երբ ինչ-որ կերպ կարող են շոշափվել նրա շահերը, որը անմիջականորեն բխում է նաև Սահմանադրության 37-րդ հոդվածից: Երեխայի իրավունքների կոմիտեն «երեխայի լավագույն շահ» հասկացությունը մեկնաբանելով որպես ընդգրկուն և ճկուն հասկացություն, որի բովանդակությունը որոշվում և գնահատվում է կոնկրետ հանգամանքների, երեխայի հետ կապված անձնական հանգամանքների, նրա գտնված իրավիճակի և կարիքների լույսի ներքո, ընգծում է, որ երեխայի՝ հավաքներին մասնակցության իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները:
 
3. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են, իսկ ‹‹Տեղական ինքնակառավարման մարմնի մասին›› ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշվում է, որ պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություն է հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը, որոնցում առաջնայինը երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումն է, հնարավոր խախտումների կանխումն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, իսկ հավաքները տեղի են ունենում համայնքներում, սակայն մեր երկրում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության առնչությամբ կան արձանագրված բազմաթիվ խնդիրներ: ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեն տարիներ շարունակ մտահոգիչ է համարում տեղական մակարդակում երեխայի պաշտպանության իրականացում անհրաժեշտ որակավորում և մասնագիտական պատրաստվածություն չունեցող անձանց կողմից իրականացնելը:
 
ՈՂՋ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՀԱՆԳԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԵՏԵՎՈՒԹՅԱՆ՝ ԱՅՍ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅՆ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐԻՑ ՉԲԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ...»։