կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 13:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե ՍԴ-ն 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչի․ Վարդևանյան

Եթե ՍԴ-ն որոշի, որ 300․1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դա ակնհայտ ճշմարտություն է, դրա հետևանքը նաև այն է լինելու, որ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ դադարեցվելու է՝ ըստ Yerkir.am-ի պարզաբանեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում, որտեղ գրավոր ընթացակարգով քննվում է Քր․ օր․ 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը։

Վարդևանյանը բացատրեց, որ այդ հոդվածի որոշակիության խնդիր կա։

«Երբ սահմանադրական կարգը տապալելու իրավիճակում հայտնվեք, նախ՝ պետք է հասկանաք, չէ՞, որն է սահմանադրական կարգը տապալելը։ Օրինակ, դուք, որպես ՀՀ քաղաքացի, ուսումնասիրելով Քր․ օր․ 300․1  հոդվածի 3-րդ մասը, հասկանո՞ւմ եք՝ ինչ պետք է անեք, որ սահմանադրական կարգի տապալման համար դատապարտվեք։ Եթե իրավաբանական համայնքը, եթե նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը, օրինակ, «փաստացի վերացում» տերմինի վերաբերյալ ասել էր, որ նման տերմին միջազգային փորձում չեն գտնում, միգուցե թարգմանության խնդիր է եղել, որովհետև մենք չենք հասկանում դա ինչ է, ուրեմն ձեզ համար էլ դժվար կլինի հասկանալ»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ ՍԴ-ում հարցի քննարկման ընթացքում նաև ասվեց, որ ԱԺ-ն անցյալ հինգշաբթի ներկայացրել էր մեկ բացատրություն, այնուհետև մի անհասկանալի փաստաթուղթ 37 էջանոց, որտեղ նույնիսկ տարեթիվը չկար, թե երբ է գրվել այդ փաստաթուղթը։

«Ինձ մոտ տպավորություն էր, որ հատուկ ցանկացան ինչ-որ մի բան ավել գրել։ ԱԺ-ն մեջբերել է Սահմանադրության հոդվածները, ՍԴ մի քանի որոշումներ, որոնք նաևմենք ենք մեջբերել, որոնք խոսում են նաև որոշակիության պահանջների մասին, և դրանից հետո ուղղակի գրել էր, որ համապատասխանում է Սահամանադրությանը։ Այլ կերպ ասած, մեր կողմից 100 էջից ավելի դիմումի վերաբերյալ ներկայացրել էր 10 թերթից բաղկացած փաստաթուղթ, որով առհասարակ չէր անդրադարձել մեր բարձրացրած հիմնական խնդիրներին։ Ստացվում է, որ ընդունել էր մեր կողմից ներկայացրած հիմնավորումները, պարզապես իր եզրակացության մեջ էր այլ հանգամանք նշել»,-ասաց Վարդևանյանը։

Նա նաև նկատեց, որ երեկ երեկոյան գործող իշխանությունների հետ ուղղակիորեն փոխկապակցված, նաև հենց ՍԴ-ում դատավորի պաշտոն զբաղեցնող անձի հետ ուղղակի փոխկապակցված անձ Տիգրան Եգորյանը փորձել է ճնշել ՍԴ-ին։

«Ես նման բան երբեք չեմ տեսել, բայց նման կերպ ուղղակի ճնշել ՍԴ-ին, ասել, որ, տեսեք, հանկարծ մի նենց որոշում չկայացնեք, որ դադարեցվի քրեական հետապնդումը, մատը թափ տալ ՍԴ վրա, դա զարհուրելի է։ Նա փաստաբան է, ես ևս, դուք նման գործողություն իմ կողմից տեսե՞լ եք»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․