ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե 2020թ նոյեմբերի 11-ին իմքայլական պատգամավորները հավաքվեին, պահանջեին բոլոր առումներով ձախողած վարչապետի հրաժարականը, կազմակերպեին արագացված հանրային լսումներ, հավաքեին բոլոր, անխտիր բոլոր քաղաքական ուժերին մի սեղանի շուրջ, գային համաձայնության, ընտրեին ընդունելի վարչապետի թեկնածու, ժամանակավոր կառավարություն, որը, բոլորի օգնությամբ երկիրը կհասցներ մինուսից գոնե 0-ական մակարդակի, հող կնախապատրաստեր արտահերթ ընտրությունների։ Ժամկետ, ձեւաչափ եւ այլ տեխնիկական մանրամասնություններ կքննարկվեին քաղաքակիրթ հարթակում, գործընթացում կներառեին ՀՀ 4 նախագահներին եւ...
Երազեցի մի պահ։ Տատս կասեր՝ հետեւդ բաց ես քնել…
Ամեն օր, ամեն ժամ գահավիժում ենք, որովհետեւ նախորդ պարբերությունը երազի ժանրից էր. սուտ մարդասիրության, սուտ թիմային սոլիդարության, սուտ արժեքներով ու առհասարակ ստով ու կեղծիքով սնվող այդ պատգամավորները չարեցին դա։ Շեշտում եմ՝ այն ժամանակվա պատգամավորները։ Հիմա դրանք բոլորն անխտիր դարձան ծիծաղելի, ուզում եք՝ ուսապարկ, ուզում եք՝ քնապարկ։ Մեկ ա՝ ոչնչացան որպես հայ, էլ չեմ ասում որպես մարդ։ Անտեսեցին մեր նահատակների կանչը, պատգամը, հասարակությունը վերջնականապես պառակտեցին, ֆեյքի մշակույթը լեգիտիմացրեցին, ու եթե այսքան տխուր չլիներ, կլիներ շատ ծիծաղելի։ Շիշ-միշ բռնողներից ու նորովի բուռնաշ-մուռնաշներից բացի (դրանք բոլոր ժամանակներում եղել են, ուղղակի սրանք, դրանց բացառելով, եկան մեյդան՝ 2018-ին), մնացածն այնքան ցածրացան, որ լուրջ դեմքով, ցինիկ ժպիտներով ու բարբիի չոլկեքով իրենց ելույթները լսող էլ չկա։ Մեկդ ասեք՝ գոնե սուս մնան էլի։
Մենք դրանց շնորհիվ ու դրանց թեթեւ ձեռքով այսօր ապրում ենք այնպիսի ջունգլիում, որի օրենքներն անգամ չեն պահպանվում, ուր նապոն ամենախիզախն է, օձը քայլում է, էշը՝ խոսում, տառականը՝ ղեկավարում։ Ու սրանք բոլորը համոզված են, որ հետայսու էդպես էլ լինելու է։ Ի վերուստ տրված կարողություններն ու ունակությունները՝ հեչ։ Կարեւորը՝ «ժողովրդի» ջունգլին ա։
Ադրբեջանցին ամեն օր հրապարակում է ստորացնող նկարներ ու վիդեոներ մեր հայրենակիցների տներից, Հադրութից, Շուշիից, էսա մայիսի 9-ին մի քեֆ, մի ուրախություն կանեն, ու սիրտս շատ ա ուզում՝ էդ ամեն ինչը կոխել էդ քայլողների ու նրանց աջակիցների լուսը, ինչպես կասեր շիրակցին։ Բայց դա էլ չի օգնի։ Սրանք պադոշ են, անհայրենիք ապիկարներ, այսքան բռակ մեր ազգը որտեղի՞ց հավաքեց իրար գլխի՝ իրենց անվերապահ աջակիցներով հանդերձ»։