ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը գրում է.
««Ժողովրդին» իսկապես համոզեց, որ Հայաստանում ընտրությունները հետայսու փողոցում են տեղի ունենալու։ «Ժողովուրդն» էլ մոլորված չգիտի՝ ո՞ր հանրահավաքին գնա, ընտրի «թալանչի» հների՞ն, թե սրանց, որոնք «թեթեւ սխալներով», բայց գոնե «ժողովրդի ծոցեն ծնած»ի լոզունգով վերջնականապես պառակտեցին այդ նույն ժողովրդին, ատելություն սերմանեցին, ապիկարությունը նշաձող դարձրին, սերունդ կործանեցին, երկիր հանձնեցին, ցինիզմն ու ֆեյքը դարձրեցին արժեք։
Ուրեմն այդ նույն ժողովուրդը մեծ ոգեւորությամբ դագաղներ ու ծաղկեպսակներ ուղարկեց 2018-ի իշխանավորների տուն, խորովածը ազգային արժեք դարձրեց, եռագույնները մեքենաների թափքերին փռած բլոտ խաղաց, հրճվեց, որ վերջապես չի վերցնելու 10.000 դրամ ու ընտրություն կատարի։ Էնտեղ բռնություն չկար, քավ լիցի, էնտեղ թավիշ էր, տոն էր։ Էնքան տոն, որ այսօր դեռեւս գինովցած՝ հազարավոր զոհերը, մեր հայրերի ու ընկերների արյունով ազատագրված հայրենիքի կորուստը դարձավ «տխուր, բայց դե ինչ անենք, պատերազմ է» հաստատում։ Ամա՚ն, հանկարծ տեր եւ տիկին վարչապետի գնդակահարությունը բեմադրածներին հետ չբերենք։
Անցյալի սխալներն ուղղելու համար էինք բերում դրան, ի՞նչ եղավ։ Հարյուրապատիկ ավելացան հոռի երեւույթները, պետական ռեսուրս օգտագործելով իշխանության մնալը, նույն «գործարար» դարձած օլիգարխները, ծիծաղելի կադրային քաղաքականությունը, խնամի-ծանոթ-բարեկամով առաջ գնալը, անհանդուրժողականությունը, տնտեսական կոլապսը, օրը ցերեկով սուտ խոսելու յուրահատուկ արվեստը, ֆեյքերի մշակույթը, քաղաքացիական հասարակության ի սպառ վերացումը։ Կոկորդ էիք պատռում 3 տարի առաջ... Ու՞ր եք հիմա։ «Թեթեւ սխալ»ների արդյունքում կորցրեցինք մեր լավագույն տղաներին ու Արցախը։ Ոմանց համար դա էական չէ, պատկերացրեք արդեն հնչում են՝ «հասկացանք էլի, զոհեր, հողեր, վերջացրեք՝ անցնենք առաջ»... ու անցնենք առաջ «նիկոլ» կոչվող չարիքով, որին նույնիսկ Թուրքիան է պաշտպանում... Եւ մենք շնչում ենք նույն օդը... փաստորեն։
Իմ համար բացարձակ էական չէ՝ այսօր որտեղ քանի հոգի կլինի։ Որովհետեւ ավտոբուսներով բերման ենթարկված քանակը բան չի փոխելու։ Ես գիտեմ, որ այսօր իշխանության ընտրություն չեմ անելու, դրա ժամանակը կգա, եւ բոլորս կկատարենք մեր սահմանադրական պարտքը։ Ես այսօր ընտրելու եմ իմ ընտանիքի ու իմ ընկերների համար Հայաստանու՛մ ապրելու իմ սահմանադրական իրավունքը։ Ես այսօր հաստատ չեմ մտածելու Բաղրամյանում հավաքված ո՛ր քաղաքական ուժը ի՛նչ է առաջարկում։ Ես այսօր պայքարելու եմ, որ իմ մի բուռ հողը պղծած երեւույթը հեռանա։ Մնացածը որոշվում է Սահմանադրությամբ։ Իսկ երբ լինեն ընտրություններ եւ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, ամենայն հանդուրժողականությամբ կարելի է բանավիճել, իրար համոզել կամ չհամոզել։ Միայն սեւ ու սպիտակի վերածված հայը այս քարուքանդ հայրենիքում բռունցք դառնա»։