կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-14 12:48
Աշխարհ

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը

2021-ի Մարտի 15-ին աշխարհասփիւռ հայ ժողովուրդը նշելու է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից՝ Թալէաթ փաշայի ահաբեկման 100-ամեակը:

Այս գործողութիւնը, որը իրականացուեց ՀՅԴ որոշումով և ՀՅԴ անդամ, 24-ամեայ Սողոմոն Թեհլիրեանի ձեռամբ, արդարութիւնը վերականգնելու և վրիժառու բազկով մեր լինելութեան, մեր գոյապայքարի ու մեր ազգային վերածնունդի մարմնացումը հանդիսացաւ 100 տարի առաջ և մնում է այդպիսին մինչ այսօր:

1919 թուին, ՀՅԴ 9-րդ Ընդհնուր Ժողովի որոշումով կեանք առած «Նեմեսիս» գործողութիւնները ոչ միայն Թուրքիոյ ցեղասպան դահիճներին և դարի մեծագոյն ոճիրի հեղինակներին էին ուղղուած, այլ նաև մարմնացումն էր Արամ մանուկեանի միշտ այժմէական հետևեալ խօսքերին՝

«Մենք միայնակ ենք ու միայն մեր սեփական ուժերին ապաւինելով պէտք է պաշտպանենք մեր սահմանները դրսի թշնամուց և օրէնքի իշխանութիւն հաստատենք երկրից ներս»:

Գաղափարական յեղափոխականների փաղանգը, որն ստեղծեց Հայաստանի առաջին անկախ հանրապետութիւնը խորապէս գիտակցում էր թէ արդարութեան վերահաստատումը չի կարելի յետաձգել և որ այն երաշխիքն է վաղուայ ժողովրդավարական, զարգացող, խաղաղ ու ապահով Հայաստանի:

«Նեմեսիս» գործողութիւնների և այդ ծիրից ներս Թեհլիրեանի հերոսական ակտը բնական շարունակութիւնն էր 1800-ականներից արդէն ծայր առած հայ ազատագրական պայքարի: Պայքար՝ որը միս ու արիւն ստացաւ Նիկոլ Դումանների, Անդրանիկ փաշաների, Գէորգ Չաւուշների, Նժդեհների, Շահէն Մեղրեանների, Պէտոների ու Թաթուլ Կրպեանների և այն բոլոր ազգային-յեղափոխական սերունդների շնորհիւ, որոնք ամէն գնով նուիրուեցին ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի գաղափարին:

Նման ազգը ու նման պատմութիւն կերտած ժողովուրդը և կազմակերպութիւնը չեն կարող ենթարկուել, ընդունել և համակերպուել Սեպտեմբերի 27-ի պատերազմով ձևակերպուած մեր նոր իրականութեանը:

Մենք չունենք այլ ընտրութիւն: Մենք պէտք է հաւաքագրենք մեր ազգային ողջ ուժականութիւնը, դարձեալ ոտքի կանգնենք ու յաղթանակներ կերտենք ի դէմ մեր արտաքին, թէ ներքին թշնամիների:
Նպատակս տկարութիւն չի ճանչնար:

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն Թալէաթ փաշայի ահաբեկման 100-ամեակի սեմին իր խոնարհումն է յայտնում Սողոմոն Թեհլիրեանի, մեր բոլոր հին ու նոր նահատակների յիշատակի առջև:

Ազգ, Բանակ, Յաղթանակ

ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

Մարտ 13, 2021