Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ
Դրօշակ – Ընկե՛ր Արսեն, վերջին շաբաթները Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առումով կարելի է համարել համեմատաբար խաղաղ ժամանակահատված: Ոմանք շտապեցին եզրակացնել, թե Հայրենիքի փրկության շարժումը մարել է: Սրանից էլ հետևություն է արվում, որ շարժման պահանջները, այսպես ասած, համաժողովրդական պահանջարկ չէին վայելում: Ի՞նչ կասեք այս մասին, ինչպե՞ս կգնահատեք ներկա իրավիճակը և ի՞նչ կարծիք ունեք առաջիկա զարգացումների վերաբերյալ:
-Այդ խաղաղությունը շատ հարաբերական է։ Իրականում վարչախմբի հեռացմանն ուղղված պայքարը շարունակվում է, պարզապես տակտիկական որոշ վերանայումների խնդիր կա։ Պայքարը համաժողովրդական շարժման վերածելու համար որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա թե՛ գործիքակազմի, թե՛ ընդգրկման և աշխարհագրության առումով։ Ամեն դեպքում վճռականության պակաս չկա։ Ակտիվ պայքարի մեջ ներգրավված մարդկանց թվով դատողություններ անել իշխող վարչախմբի հեռացման հանրային պահանջի կամ պայքարի համաժողովրդական լինել-չլինելու մասին այս պարագայում ճիշտ չէ։ Գուցե շատերն ակնկալում էին, որ հնարավոր է շատ արագ հասնել իշխանափոխության, սակայն դա չպետք է հիասթափության առիթ հանդիսանա։ Սա քաղաքական սպրինտ չէ, այլ մարաթոն, և պայքարը շարունակվելու է այդ տրամաբանությամբ։ Սկսված պայքարը թեև դեռ չի պսակվել վերջնական հաջողությամբ, սակայն իշխող վարչախմբի մահը օբյեկտիվորեն այլընտրանք չունի։ Որքան ձգվի հոգեվարքը, այդքան ցավոտ կլինի մահը։ Իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվությունն անխուսափելի է։ Այն, որ իշխանությունները մերժված են, ըստ էության, փաստարկման կարիք չունի։ Կառավարության և Ազգային ժողովի նիստերը, ամենատարբեր քննարկումներն ու հանդիպումներն ընդամենը ֆարս են։ Վարչախումբն այլևս լուրջ չի ընկալվում, այն լրիվ հեղինակազրկված է և օրեցօր սպառում է լեգիտիմության վերջին փշրանքները։ Անշուշտ, խիստ ցանկալի է, եթե չասենք` անհրաժեշտություն է, որ օրվա իշխանությունները հնարավորինս արագ հեռանան, սակայն կարևոր է, որ դա տեղի ունենա քաղաքական ճանապարհով և հնարավորինս անցնցում։ Դժբախտաբար, իշխանության ձևավորման սահմանադրական իրավակարգավորումները կաշկանդումներ և որոշակի դժվարություններ են ստեղծում։ Սակայն գործող Սահմանադրության շրջանակներում ևս խնդիրն անիրագործելի չէ։ Հաջողության հասնելու առումով կարևոր է, որ հանրային դժգոհության ալիքը զուգակցվի ճիշտ և բազմավեկտոր քաղաքական աշխատանքի հետ։
-Արդեն հայտարարվել է, որ Հայրենիքի փրկության շարժումը հաջորդ հանրահավաքը նշանակել է փետրվարի 20-ին:Կարելի՞ է ենթադրել, որ սրանով ընթացք կստանա շարժման նոր փուլը: Ի՞նչ կարծիք ունեք պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ, որքանո՞վ է կենսական այդ գործունեությունը, և ի՞նչ ակնկալիքներ պիտի ունենալ ու ինչի՞ ձգտել:
-Որոշակի խորհուրդ կա հենց փետրվարի 20-ին՝ Արցախի վերամիավորման համար սկսված պայքարի տարեդարձի օրը հանրահավաքը կազմակերպելու առումով։ 33 տարի տևած պայքարն իմաստազրկելու, արյան, տառապանքների, զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաղթանակն առ ոչինչ դարձնելու այս ընթացքը պետք է կասեցվի։ Մեր նոր պետականության, ազգային զարթոնքի խորհրդանիշ Արցախը ծանրագույն հարված է ստացել, բայց մեզ պարտադրվող զիջումներին համակերպվելու իրավունք չունենք։ Գոյաբանական սպառնալիքի դեմ հանդիման ենք, մեր լինելիության, մեր արժանապատվության, մեր ապագայի հարցն է օրակարգում։ Այս պայմաններում ազգային, գիտակից բոլոր ուժերի գերխնդիրը մեր պետականության, հայրենիքի փրկությունն է։ Չհաջողելու իրավունք չունենք։ Բայց արտաքին թշնամուն դիմակայելու համար նախ պետք է ասպարեզից հեռացնել ներքին թշնամուն։ Դժբախտաբար, մենք այսօր ունենք մի իշխանություն, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Եվ պայքարը իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ չէ. սա դասական իմաստով քաղաքական պայքար չէ, այլ պայքար է հանուն հայրենիքի փրկության։ Այս գիտակցումը արմատավորելու, այս գիտակցությամբ պայքարը շարունակելու հարց ունենք։ Պետք է հստակ արձանագրվի, որ դավաճան, ապիկար իշխանության հեռացումը ոչ միայն հանրային, այլև համազգային պահանջ է։ Բողոքի յուրաքանչյուր քայլ, գործողություն պետք է մոտեցնի օրվա իշխանությունների հեռացման օրը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և նրա սպասարկուները պետք է անդրադառնան, որ իրենք մերժված են ու անցանկալի։
-Գործող վարչապետը խոսել է իր և իր ղեկավարած իշխանության գործունեության վեցամսյա ժամանակահատվածի անհրաժեշտության մասին: Գուցե իսկապես ճիշտ ճանապարհը իշխանությանը հնարավորություն ընձեռե՞լն է, որ երկրի համար ճակատագրական այս օրերին հանգիստ աշխատի` նույնիսկ զանց առնելով ժամանակային սահմանափակումները: Այս իշխանությունն ունա՞կ է լուծելու մեր ներկայի ու ապագայի համար կենսական նշանակություն ունեցող ազգային, քաղաքական, տնտեսական և այլ բնույթի խնդիրները:
– Այս իշխանությունները խնդիր լուծող չեն, այլ խնդիրներ ստեղծող։ Օրվա իշխանությունների հետ ոչ միայն չի կարելի որևէ հույս կապել, այլև նրանց գոյության յուրաքանչյուր ժամը հղի է նոր վտանգներով, ձախողումներով և անհաջողություններով։ Զինադադարին հաջորդած ժամանակահատվածի գործունեությունը ևս դա է վկայում. խաղաղ պայմաններում մի քանի տասնյակ գերիներ, մարտական նոր կորուստներ, խնդրահարույց սահմանագծումներ, անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպում, չվերադարձված գերիներ, կորսված նոր տարածքներ ու բնակավայրեր, անգործություն սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգության ապահովման առումով, դավադիր պայմանավորվածություններ, դավաճանական հանձնառություններ, գաղտնի ստորագրված փաստաթղթեր։ Մի խոսքով՝ կատարյալ անճարակություն և հանցավոր գործունեություն։
-Վարչապետը կարծես փորձում է օրակարգեր թելադրելու նախաձեռնությունն իր ձեռքում պահել, և այդ շրջանակում շրջանառվող առաջնային հարցերից մեկը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ կարծիք ունեք վարչապետի կողմից հրապարակ նետված այս գաղափարի վերաբերյալ:
– Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից օրակարգ թելադրելու փորձերը դատապարտված են։ Քաղաքական պայմանավորվածությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության, իսկ ապա նաև դրանից հրաժարվելու մանիպուլյացիաները իշխանության գոյությունը երկարաձգելու սին փորձեր են։ Կարծիք ու տեսակետ փոխելը, կեղծելը, սուտ խոսելը օրվա իշխանությունների մոտ անուղղելի պաթոլոգիա է։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա հարկ է նկատի ունենալ, որ այդ մասին ի սկզբանե բարձրաձայնել է հենց ընդդիմությունը։ Ընդ որում, այդ պահանջը ձևակերպվել է դեռ պատերազմից առաջ։ Նոր որակի իշխանության ձևավորումը Հայաստանում անհրաժեշտություն է, և դա հնարավոր է միայն ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների միջոցով։ Սակայն վստահելի ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան պայմաններ, ինչն օրվա իշխանությունները չեն կարող անել, որովհետև քաղաքական և իրավական պատասխանատվության անխուսափելիության վախը նրանց մղելու է ապօրինությունների։ Ուստի որևէ պարագայում գործող վարչապետի գլխավորությամբ ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման ու ներքաղաքական բախումների վտանգներով։ Բացի այդ` այս պայմաններում արագ ընտրությունները բովանդակային առումով այդպիսին չեն լինի. դա կլինի քվեարկություն, բայց ոչ ընտրություն։ Ելքը անցումային կառավարության ձևավորումն է, և այս առումով ընդդիմությունն առաջ է քաշել վարչապետի թեկնածության վերաբերյալ երկու կարևոր սկզբունք. առաջին` վարչապետը չպետք է ընտրություններին մասնակից դառնա, և երկրորդ`անցումային կառավարության վարչապետի թեկնածուն պետք է ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն։ Այլ կերպ ասած` կոնկրետ ինչ-որ մեկի իշխանության բերելու խնդիր դրված չէ. այս փուլում անհրաժեշտ է կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները։ Ընտրությունների կարելի է գնալ դրանից հետո։ Սա է ընդդիմության պատկերացրած հանգուցալուծման ճանապարհային քարտեզը։ Բայց սա չի նշանակում, որ այլ սցենարները բացառված են։ Ընտրությամբ թե առանց ընտրության չարիքի իշխանությունը պետք է հեռանա և որքան արագ ու անցնցում, այնքան լավ։
-Գաղտնիք չէ, որ այսօրվա ընդդիմադիր շարժման ակտիվ դերակատար ուժերից մեկը Դաշնակցությունն է: Գաղտնիք չէ նաև, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Դաշնակցությունը նախաձեռնել է մարտական, քաղաքական-դիվանագիտական, բարեգործական և այլ բնույթի աշխատանքներ: Գործունեության ի՞նչ ուղղություններ են ներկայումս առաջնային Դաշնակցության համար, ի՞նչ աշխատանքներ են իրականացվում հատկապես բոլորիս առավել հուզող Արցախի ու Հայաստանի ճակատագրերի հետ կապված:
-Ստեղծված օրհասական պայմաններում իբրև համահայկական, գաղափարական, կազմակերպված ուժ` Դաշնակցությունը հսկայական անելիք ունի։ Հատկապես ծանր իրավիճակներում Դաշնակցությունը դառնում է ավելի պահանջված։ Պատերազմի առաջին օրվանից, կարելի է ասել`առաջին ժամից, Դաշնակցությունը կազմակերպված իր գործն է արել թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում։ Ցավոք, չենք տեսել, չենք զգացել նույնպիսի ջանք պետության կողմից։ Մեզ հասու բոլոր հնարավոր ձևերով և եղանակներով փորձել ենք պատկան մարմիններին մղել շտկելու իրավիճակը, կանխելու վերահաս աղետը, բայց ապարդյուն։
Մեր գնահատմամբ` նոյեմբերի 9-ի տխրահռչակ, ըստ էության կապիտուլյացիոն զինադադարով ոչ թե ավարտվել է ամեն ինչ, այլ սկսվել է։ Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներազգային առումներով մենք միանգամայն նոր իրողությունների ու մարտահրավերների առջև ենք կանգնած։ Ունեցել ենք մարդկային, նյութական, տարածքային և տնտեսական ահռելի կորուստներ։ Անչափելի է նաև բարոյական կորուստը. վիրավորված է հայ մարդու արժանապատվությունը, սասանված է մեր ինքնավստահությունը։ Հսկայական անելիք կա և գերջանքեր գործադրելու անհրաժեշտություն։ Մեր պետականաշինության գործում նոր սկիզբ դնելու հարց ունենք, և դա պետք է անել ճիշտ քայլերով. այլևս նոր սխալների, փորձությունների ո՛չ ժամանակ և ո՛չ էլ ռեսուրս ունենք։ Դաշնակցության համար Արցախի հարցը շարունակում է մնալ Հայ դատի բաղկացուցիչ մաս, հայոց անկախ պետականությունը՝ գերագույն արժեք։ Այս հասկացողությամբ և նոր պայմանների թելադրանքով Դաշնակցությունն իր քույր կառույցների և համակիրների միջոցով քաղաքական, դիվանագիտական, կազմակերպական, հումանիտար ուղղություններով լծված է ամենօրյա աշխատանքի։ Մենք հավատացած ենք, որ ծրագրված, հետևողական, ճիշտ աշխատանքի պարագայում է միայն հնարավոր ունենալ երաշխավորված հաջողություններ։