|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախում տեղի ունեցած պաշտոնանկությունների, Արցախի ներքին կայունության և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:
Իշխանյանը հայտնեց, որ պաշտոնանկություններից հետո ՀՅԴ-ն Արցախում, որպես քաղաքական ուժ, նախ ներկուսակցական քննարկումներ է անցկացրել, ապա հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի և պետքարտուղար Արայիկ Հարությունյանի հետ` պատկերացնելու և հասկանալու համար` այս զարգացող գործընթացներն ուր կարող են տանել, և ինչ դրդապատճառներ կան ավելի խորքում:
«Մենք բավարարված զգացինք նախագահի հետ ունեցած մեր հանդիպումից: Մեզ որոշ բացատրություններ տրվեցին, նաև` որոշ քայլերի հաջորդականության, կադրերի և կադրային փոփոխությունների առումով: Շեշտվեց, որ Արցախում առաջացել էր որոշ բարեփոխումների և կադրային փոփոխությունների անհրաժեշտություն»,- ասաց Իշխանյանը, ապա տեղեկացրեց, որ առաջիկա ժամերին կլինեն մի շարք հրամանագրեր և նոր նշանակումներ:
Նրա խոսքով` նախագահի տված տեղեկատվությունն ու բացատրությունը լսելուց հետո իրենց տեսակետներն են փոխանցել նրան: «Ընդգծել ենք, որ անհրաժեշտ է այդ ընդհանուր բարեփոխումների շրջանակի մեջ կարևոր տեղ տալ բարեփոխումների արդյունքում ավելի զարգացման գործընթաց ապահովելու անհրաժեշտությանը` քաղաքական, տնտեսական, անվտանգության համակարգի, սոցիալական երաշխիքների, սոցիալական լարվածության թուլացման և այլ բնագավառներում»,- ասաց Իշխանյանը:
Հարցին` Արցախում զարգացող այս իրադարձությունները կազդե՞ն երկրի ներքին անվտանգության վրա, նա պատասխանեց, որ Արցախի Հանրապետության ներքին կյանքում տեղի ունեցող այս անցուդարձերն ուղղակի փոխկապակցված են Արցախի հիմնահարցին: «Մենք չենք կարող ունենալ անկայուն ու լարված ներքին մթնոլորտ և ձգտել հուսալի անվտանգության համակարգի: Մեր անվտանգության ու պաշտպանության համակարգը հուսալի է և երաշխավորված, եթե առկա է ներքին կայունություն, համախոհության մթնոլորտ, քաղաքական հանդուրժողականություն, սոցիալական արդարություն, քաղհասարակություն և նման մի շարք կարևոր բաղադրիչներ, որոնք լրացնում են հենց այդ անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասաց Իշխանյանը:
Իսկ թե արդյո՞ք կարդային փոփոխություններն անցնցում կանցնեն, ըստ նրա, ցանկացած փոփոխություն որոշակի ցնցումներ է ենթադրում: «Էական ու լուրջ ցնցումներ չեն առաջանա: Օրեր առաջ տեսանք, որ որոշակի դժգոհությունների ալիք ծագեց ժողովրդի մեջ, ճիշտ է, պատճառներն այլ տեղ էին, բայց, այնուհանդերձ, շրջանառվող տեսակետները, թե Արցախում ռազմական հեղաշրջում է, ինչ-որ ուժային կառույցների կողմից իշխանությունը վերցնելու փորձեր են, և այսպիսի այլ ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը: Ժամեր հետո, երբ կլինեն նշանակումները, ավելի հստակություն կմտցվի բարեփոխումների այս գործընթացի մեջ»,- ընդգծեց Իշխանյանը:
Ամփոփելով խոսքը` նա նշեց, որ փոփոխություններն այս հանգրվանում որոշակի մտահոգություններ էին առաջացրել, սակայն նախագահի հետ հանդիպումից հետո այդ մտահոգությունները փարատվել են: «Դեռ կան որոշ մտահոգություններ, որոնք երևի թե հավելյալ քայլերի ու բացատրությունների անհրաժեշտություն են պահանջում: Ուզում եմ շեշտել, որ Դաշնակցության համար կարևոր են անվտանգության ու պաշտպանության ամուր համակարգը և երկրի ներքին կայունությունը»,- ասաց Իշխանյանը: