Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա հունվարին լրացավ է հայոց նորագույն պատմության մեծագույն գործիչներից երկուսի՝ Արամ Մանուկյանի և Ռոստոմի մահվան 102-րդ տարելիցը, ինչը ևս մեկ առիթ է մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու հայոց պատմության ոչ վաղ անցյալին, արժևորելու մեր ազգային-ազատագրական պայքարի և հայոց պետականության հիմնադիր հայրերի անցած ճանապարհն ու նրանց թողած դասերը:
Հայաստանի նորանկախ հանրապետության համար առանձնապես ծանր անցավ 1919թ. ձմեռը, երբ սովի ու համաճարակի ճիրաններում գալարվող երկրում մինչև գարուն մահացավ ավելի քան 180.000 մարդ: 1919թ. հունվարին հայոց պետականությունը մեծ հարված ստացավ. հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Թիֆլիսում բծավոր տիֆից և թոքախտից մահացավ ՀՅԴ հիմնադիր, ականավոր քաղաքական և պետական գործիչ Ռոստոմը (Ստեփան Զորյան): Երկար և դաժան փորձություններով լի ճանապարհ էր անցել Ռոստոմը՝ սկսած 1890-ականներից, ղեկավարելով նաև հայոց եկեղեցու գույքը բռնագրավելու և հայկական դպրոցները փակելու քաղաքականություն վարող ցարական կառավարության դեմ պայքարն ու 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվներում հայության ինքնապաշտպանությունը, նվիրվելով և եռանդուն մասնակցելով 1914թ. հայկական կամավորական շարժմանը: Ռոստոմի մասին կարելի է անվերջ խոսել, անվերջ թվել նրա ազգանպաստ գործերը, սակայն կանդրադառնանք միայն հայ ժողովրդի համար ամենաճակատագրական օրերին, մասնավորապես` 1918թ., երբ Ռոստոմը Բաքվում էր և դարձել էր տեղի հայերի ինքնապաշտպանության ոգին. «Բագւում Ռոստոմը կա՛մ Խորհրդի հետ էր, կա՛մ հրամանատարութեան եւ կամ Կ. Կոմիտէի մօտ մասնակցում էր բոլոր կարեւոր նիստերին եւ գործերին: Իրազեկ էր ամբողջ անցուդարձին: Զարմանալիօրէն շարժուն եւ եռանդուն էր Ռոստոմը: Յաճախ ոտքով էր գնում հրամանատարութեան մօտ, ոտքով էր վերադառնում: Ինքնաշարժ պահանջել ու սպասել չէր կարողանում. Այդքան համբերութիւն չուներ….»:
Բաքվում Ռոստոմը գլուխ էր բերում Դաշնակցություն-բոլշևիկ համագործակցությունը, ինչն այդ պահին բխում էր ոչ միայն Բաքվի հայության, այլ նաև Հայաստանի Հանրապետության շահերից, քանզի Ռոստոմը քաջ գիտակցում էր, որ «Վաղը հենց որ բացուեն Բագուի դռները Ազերբէյջանի բանակի առջև, և տաճիկները տեղաւորուեն Բագւում, Խան-Խոյսկու ամբոխը և տաճկական բանակը, ձեռք ձեռքի տուած, պիտի սրբեն նաև Գանձակի հայութիւնը, ապա պիտի բարձրանան Ղարաբաղ, պիտի իջնեն Զանգեզուր և Երևանը ոտնատակ պիտի տան»:
Այսպիսով` Բաքվի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Ռոստոմն իրավացիորեն գտնում էր, որ որքան երկար կարողանան թուրքերին գամված պահել Բաքվի շրջակայքում, այնքան Հայաստանի Հանրապետությունը հեռու կպահեն թուրքական վերահաս հարձակման վտանգից՝ ժամանակ շահելով մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իրատեսական էր Ռոստոմի՝ «Արամի հետ «երկու ձեռքով» խաղալու մարտավարությունը», իսկ այդ մարտավարության էությունն այն էր, որ «Երևանում գտնվող և առերևույթ Բաթումի պայմանագիրը հարգող Արամը և Բաքվում գտնվող, սակայն քաղաքից հայկական ուժերի դուրսբերման՝ Բաթումի պայմանագրով նախատեսված ՀՀ պարտավորության կատարումից հրաժարվող Ռոստոմը, ձևով հակադրվելով իրար, բովանդակությամբ նույն խաղն էին առաջ տանում: Նրանք գիտակցում էին, որ որքան ձգձգվի Բաքվի դիմադրությունը, այնքան կհետաձգվի Երևանի վրա թուրքական բանակի գրոհը»: Ռոստոմի գլխավորած Բաքվի ինքնապաշտպանության գլխավոր արդյունքը, հազարավոր հայերի ֆիզիկական փրկությունից զատ, նաև Հայաստանի` փոքրիկ և արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չունեցող հանրապետության գոյության պահպանումն էր, մի փաստ, որի համար, Բաքվի պաշտպաններից բացի, պետք է արժանին մատուցել ժամանակի երկու մեծագույն գործիչներին՝ Ռոստոմին և Արամին: Ռոստոմի գործունեությունը սակայն, ինչպես չէր սկսվել Բաքվում, այնպես էլ չավարտվեց Բաքվում: Բաքվի անկումից հետո Ռոստոմը հանձնեց Բաքվի իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս`այնտեղից Հայաստանի Հանրապետություն անցնելու նպատակով: Նա մինչ առողջական վիճակի վատթարացումը Թիֆլիսում բանակցում էր Վրաստանի կառավարության ղեկավարների հետ՝ ձգտելով հարթել հայ-վրացական հարաբերությունները: Ռոստոմը կենցաղում պարզ էր, հեռու ամեն պերճանքից, ցրտին, անձրևին ու ձյան ժամանակ շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով։ Շարունակական պայքարն ու դեգերումներն ի վերջո արեցին իրենց սև գործը։
Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը։ Նա երազում էր վերջապես հանգրվան գտնել ու գործել նորանկախ Հայաստանում։ Սակայն վրա հասավ պատուհասը՝ մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը։ 1919 թ. հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը՝ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը, Ռոստոմը մահացավ։
Նրա կյանքի սկզբունքն ու հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար,- ա՛յս է ճշմարտությունը։
Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար»: Եվ որքան լավ կլիներ, եթե այսօր իրենց հեղափոխական հռչակածներից շատերը ծանոթ լինեին Ռոստոմի այս սկզբունքին և մի փոքր էլ ուսումնասիրած լինեին Ռոստոմ հեղափոխականին, պետական, քաղաքական, ռազմական գործչին ու Ռոստոմ հային. չէ՞ որ պատահական չէ, որ ազգային-ազատագրական պայքարի օրերին Ռոստոմին համարում էին Դաշնակցության կամքը, իսկ հետագայում իր գործով նա վաստակեց նաև «Դաշնակցության հաստաբուն կաղնի» պատվանունը: Այսօր՝ Ռոստոմի մահվանից 102 տարի անց, նրա կյանքը, գործունեությունն ու գաղափարները մեզ համար ուսանելի դաս և օրինակ կարող են լինել. պարտավոր ենք և պե՛տք է սովորենք Ռոստոմից:
Հայոց պետականության համար մեծագույն հարվածը, սակայն, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահն էր: Արամ Մանուկյանը հայոց նորագույն պատմության մեծագույն գործիչներից մեկն է, եթե ոչ մեծագույնը, քանի որ պատմության մեջ միշտ բացառիկ դեր են ունենում պետականության հիմնադիր գործիչները, հատկապես այնպիսի պայմաններում, որոնցում գտնվում էր հայ ժողովուրդը 1918թ.: Արամի ղեկավարած հերոսամարտերի մասին այս անգամ չենք խոսի, քանի որ դրանց մասին շատ է խոսվել, կխոսենք Արամ Մանուկյան անհատի մասին, որովհետև նրա անձը մեր հասարակությանը գրեթե անծանոթ է: Կանդրադառնանք Արամի ապրելակերպին ու կենցաղին, որոնց ներկայիս հանրապետության նախկին և օրվա ղեկավարները ցանկալի կլիներ, որ հետևեին: «Այն մարդը, որն ուներ անսահմանափակ իշխանություն, որի տնօրինության տակ էին վիթխարի միջոցներ, իր երկրի ու ժողովրդի համար բախտորոշ և ծանրագույն օրերին ապրեց պարզ ու համեստ կենցաղով՝ մինչև վերջ մնալով իր ժողովրդի մեջ, նրա կողքին՝ կիսելով նրան բաժին հասած փորձություններն ու աղետները: Հիրավի մեծ դաս երրորդ հանրապետության անցյալ, նորօրյա և ապագա պետական գործիչներին»: 1917թ. դեկտեմբերի վերջերից սկսած` Արամն ի պաշտոնե տնօրինում էր երկրում առկա ու երկիր ուղարկված բոլոր միջոցները, բայց «գործ ունենալով հսկայական գումարների հետ և օժտված լինելով մեծ իշխանությամբ՝ նա երբեք դրանք չծառայեցրեց իր անձնական հարստացմանը»: Արամի բնութագիրը լավագույնս տվել է Ս.Վրացյանը.«Ունենալով ամէն յարմարութիւն Կովկասին մէջ անձնական բարեկեցիկ վիճակ ստեղծելու՝ անիկա հրաժարեցաւ կեանքի բոլոր վայելքներէն եւ ինքզինքը նւիրեց ժողովրդի մը, որ, անսահմանօրէն հարստահարւած ըլլալով մէկտեղ, իր բոլոր ուժովը կըփափաքէր ազատ օր տեսնել եւ ազատ օդ շնչել հայրենի երկնքին տակ…»:
Արամն անմնացորդ նվիրվեց իր ժողովրդի ազատագրման գործին ու հենց ժողովրդի կողմից էլ օժտվեց անսահմանափակ իշխանությամբ: Լիներ Վանի նահանգապետ թե Հայոց ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ, Երևանի դիկտատոր թե ՀՀ ներքին գործերի նախարար, Արամը, Ա. Աստվածատրյանի բնութագրմամբ, «….նոյն սովորական մարդն էր, մատչելի ամէնքին, գրեթէ ճգնաւորի իր կեանքի եղանակով, ոչ մի քայլ` իր դիրքը ընդգծելու, ուշադրութիւն գրաւելու, իրեն ցուցադրելու: Իր անձը գոյութիւն չունէր: Իր անձնական կեանքը զրկանքների անվերջ շարան կը լինէր, եթէ շրջապատողները հոգ չտանէին նրա մասին»:
Կատարելով մեկ մարդու ուժից վեր հսկայական աշխատանք` Երևանի դիկտատոր ընտրված Արամը, Ա. Աստվածատրյանի վկայությամբ, «….իր մասին մտածել չգիտէր: Որտե՞ղ ապրել, ի՞նչ ուտել, ի՞նչ հագնել,- հարցեր էին, որոնք քիչ էին զբաղեցնում նրան»: «Մի կերպ կ’ապրենք, չենք մեռնի». այս էր նրա սովորական խոսքը:
Արամի ապրելակերպին ծանոթանալու առումով հետաքրքրական են նաև Ա. Աստվածատրյանի նկարագրած պայմանները, որոնցում ապրում էր ՀՀ հիմնադիրը. «Մինչեւ իր ընտանիքի` Երեւան տեղափոխուելը նա ապրում էր Աբովեան եւ Դոկտորսկայա փողոցների անկիւնում` մի հասարակ տան մէջ. Յարմարութիւնների տեսակէտից սենեակը ողորմելի էր: Մի անշուք մահճակալ, երկու հասարակ սեղան եւ մի երեք-չորս նոյնպէս հասարակ աթոռ,- ահա սենեակի կահաւորութիւնը»: Ժամանակակիցների վկայությամբ` Արամի մասին հոգ էր տանում վանեցիների մի գաղթական ընտանիք, որի կյանքը նույնպես լի էր զրկանքներով:
Արամ Մանուկյան գործչի բնութագիրն ամբողջացնելու համար անդրադառնանք նրան տրված «փաշա» տիտղոսին.«Արամին մօտից ճանաչելուց յետոյ մարդ տարակուսում է, թէ ով է նրան փաշա տիտղոսը տուել: Մի կատարեալ թիւրիմացութիւն է գոնէ արեւելահայերիս հասկացողութեամբ, որովհետեւ նրա բնաւորութեան մէջ փաշայական ոչինչ չկար: Եւ ինքը ինչպէ՜ս էր խորշում այդ տիտղոսից»: Իսկ «փաշա» տիտղոսը նրան տվել է հայ ժողովուրդը՝ աչքի առաջ ունենալով մարդկանց վերևից չնայելու, իր դիրքը զգացնել չտալու, իշխանությունը միայն ու միայն ի շահ ժողովրդի ծառայեցնելու նրա հատկությունը: Արամը միգուցե այն օրերի համար տիպական փաշայի կերպարին չէր համապատասխանում, բայց վեց դար պետականությունից զուրկ և սեփական ղեկավարի մասին երազող ժողովուրդը, ի դեմս Արամի, գտավ իր իշխանին, իր ղեկավարին: Արամը շարունակ գաղթականների միջավայրում էր, ժողովրդի հետ սերտ շփումների մեջ և այս հարցում ևս կիսեց նրա ճակատագիրը:
1918 թ. դեկտեմբերի 28-ին Արամը վերջին անգամ մասնակցեց կառավարության նիստին, իսկ դեկտեմբերի 30-ին վերջին անգամ փաստաթուղթ ստորագրեց: Երկարատև հիվանդությունից հետո՝ 1919թ. հունվարի 29-ին՝ ժամը 14:30-ին, Արամ Մանուկյանը մահացավ: Նա մահացավ իր մեծ ուսուցչի՝ Ռոստոմի անունը շուրթերին. «….կյանքին հրաժեշտի խոսքերում համառորեն շորերն էր պահանջում, որպեսզի հագնվի Թիֆլիս հասած Ռոստոմին հանդիպելու համար»: Ս. Վրացյանը վկայում է. «Վերջին օրերի զառանցանքների մէջ նա յաճախ յիշում էր Ռոստոմի անունը, որ արդէն հեռացել էր այս աշխարհից….»: Ռոստոմը նրանից տասն օր առաջ՝ հունվարի 19-ին էր մահացել: Եթե Արամը կորցրել էր իր ուսուցչին, ապա «….Արամի մահով հայ ժողովուրդը և հայ հանրապետութիւնը կը կորսնցնէ իր եռանդուն և անձնուրաց գործիչը, իսկ Վասպուրականը, մասնաւորապէս, իր սիրելի ղեկավարը, իր առաջնորդը, իր վարպետը, իր «Արամ Փաշան»»: Ս. Վրացյանն այսպես է նկարագրում Արամի մահվան լուրը ստանալու պահը. «….Դրոյի բնակարանում նստած էինք ճաշի: Յանկարծ դրան զանգը հնչեց, եւ Դրոյի կինը՝ Արփենիկը, ներս բերաւ սարսափահար աչքերով մի երիտասարդ: «Արամը մեռաւ»,-ասաց նա: Դրոյի ձեռքից վար ընկաւ ապուրի գդալը: Առանց մի խօսք արտասանելու՝ նա դուրս թռաւ սենեակից»:
Արամի մահը համազգային դժբախտություն էր, մեծ հարված հայ ժողովրդի և Հայաստանի մանուկ հանրապետության համար, որն այնքան ուներ Արամի խնամքի ու հոգատարության կարիքը: ՀՀ հիմնադրի` փետրվարի 1-ին տեղի ունեցած հուղարկավորությունը «համաժողովրդական սուգի օր էր»: Արամ Մանուկյանն այնքան համեստ էր ապրում, որ անգամ նրա «թաղման ծախսը…՝ընդամենը յոթ հազար երեք հարյուր ութսուն ռուբլի վաթսուն կոպեկ, հոգաց պետությունը»:
ՀՀ հիմնադրի՝ հայոց պետականության ջահակրի մարմինը հողին հանձնվեց Երևանի կենտրոնական գերեզմանատանը՝ ՀՅԴ պանթեոնի տարածքում: «Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հրամայել է, որ ազգի մեծ որդու գերեզմանն անշարժ մնա»: Բայց հետագայում օրվա տերեր դարձան ազգային դիմագծից ու պետականության գաղափարից զուրկ մարդիկ, որոնք քանդեցին ՀՅԴ հերոսների պանթեոնը: Նրանց հարկադրանքով Արամի մասունքները երկու անգամ տեղափոխվել են: 1930-ականների սկզբին, պայմանավորված Երևանի քաղաքային խորհրդի` կենտրոնական գերեզմանատունը զբոսայգու վերածելու որոշմամբ, Արամի աճյունը նրա կնոջ՝ Կատերինե Զալյանի և աղջկա՝ Սեդա Մանուկյանի կողմից տեղափոխվեց «Կոզերն» կոչվող գերեզմանատուն: Մի քանի տարի անց այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու պատճառով Արամի աճյունը տեղափոխվեց «Թոխմախան լճի» գերեզմանատուն, որտեղ գտնվում է առ այսօր:
Խորհրդային իշխանությունները ամեն ինչ արեցին Արամի շիրիմի տեղը մոռացության մատնելու, ժողովրդի աչքից հեռու պահելու համար: Բայց սեփական պատմությունը գնահատող և ազգային պետականության կարևորությունը գիտակցող մի խումբ հայրենասեր հայեր 1979 թ. ճշտել են Արամի թաղման վայրը, ապա` որոշել նրա գերեզմանին խաչքար կանգնեցնել: Խիստ գաղտնիության պայմաններում 1982թ. օգոստոսի 11-ին այդ խաչքարը հասցվել է Թոխմախի գերեզմանոց և առանց տեխնիկայի օգտագործման տեղադրվել Արամ Մանուկյանի գերեզմանին:
Արամի մահը ծանր հարված էր ոչ միայն նրա կուսակցության, հայ ժողովրդի, այլ նաև հայոց պետականության համար:
Հայաստանի ներկայիս հանրապետությունը ժառանգորդն է Հայաստանի առաջին հանրապետության: Քանի որ Հայաստանի Հանրապետության հիմնադրումը 1918 թվականից սկիզբ առած հայոց նորագույն պետականության կենսագրության սկիզբն է, ուստի նրա հիմնադիրները ոչ միայն Առաջին հանրապետության, այլև հայոց նորագույն պետականության հիմնադիր հայրերն են, որոնց փաղանգը գլխավորում է առ այսօր արժանվույնս չգնահատված մեծերից ամենամեծը՝ Արամ Մանուկյանը, որին մոռացության մատնելու, նաև վարկաբեկելու համար տասնամյակներ շարունակ արվեց ամեն ինչ:
Խորհրդային գաղափարախոսությունը, միջոցների մեջ խտրություն չդնելով, փորձեց սևացնել, նսեմացնել ՀՀ-ն, նրա հիմնադիր Արամ Մանուկյանին, Ռոստոմին և Դաշնակցությանն ընդհանրապես, բայց «Լեռներու հովին ու բարձրութեան չեն հասնիր ճահճուտի ցեխը, անախորժ բոյրը, շատերը եղան, որոնք ցանկացան ցեխ շպրտել այդ բարձրութեան, բայց ցեխը չէր հասներ բարձրութեան և կիյնար իրեն նետողներուն վրայ»: Արամի մասին այս խոսքերը Ն. Աղբալյանինն են: Դրանց ճշմարտացիությունը փաստեց ամենազոր պատմությունը, որն արժանին մատուցեց յուրաքանչյուրին և անկաշառ վճռով շատ կուռքերի պատվանդաններից ցած գլորեց, իսկ Արամին, Ռոստոմին…, որոնց շուրջ մոռացության շղարշ էր հյուսվել, վերադարձրեց հայ ժողովրդին՝ փաստելով, որ վարչակարգերը, տարատեսակ բռնաճնշումներն ու քաղաքական շահերն անզոր են հայ ժողովրդի պատմական հիշողության դեմ, այն հիշողության, որի ծալքերում անգամ պետականության բացակայության պայմաններում մեր ժողովուրդը սրբորեն պահել է Հայկ Նահապետին, Տիգրան Մեծին, Մեսրոպ Մաշտոցին, որոնց կողքին դրեց Արամին, Ռոստոմին ու Հայաստանի Հանրապետությունը կերտած մյուս մեծերին…
Իրենց կերպարով ու գործունեությամբ Արամն ու Ռոստոմը հայ ժողովրդի և նրա նորօրյա ղեկավարների համար օրինակ են՝ որպես իրատես, շրջահայաց, արդարամիտ, անշահախնդիր, համեստ, տաղանդավոր, անձնազոհ և իրենց ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող պետական գործիչների տիպար: Մեկդարյա հեռավորությունից նրանք նորօրյա Հայաստանի ղեկավարներին պատգամում են բոլոր միջոցներն ու հնարավորությունները ծառայեցնել մեկ նպատակի՝ հայոց պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի ազատությանն ու բարեկեցությանը: Իսկ հայ ժողովրդին ավելի քան մեկդարյա հեռավորությունից Ռոստոմը պատգամում ու զգուշացնում էր լինել շրջահայաց, չընկնել ամբոխավարների ծուղակը: Կարծում ենք` մեր օրերի, ինչու չէ, նաև ապագայի համար ուսուցողական են Ռոստոմի խոսքերը. «Վնասակար են այդ սողունները, երբ փքուն խօսքեր փչելով ու փարիսեցիական ձեւեր բանեցնելով՝ շահագործում են ամբոխի դիւրահաւատութիւնն ու տգիտութիւնը»: Իսկ հայոց պետականության հիմնադիր Արամը պատգամում էր.«….Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Սա կրկնելու ենք այնքան, մինչև այն դառնա հայ ժողովրդի հավատամքը:
Անի Մելքոնյան
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ա) Աղբյուրներ
1. Արամը, մահուան յիսնամեակին առթիւ, Եր., 1991:
2.Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք. 1918-1992), հատ. Դ, 1995:
բ) Գրականություն
1.Արամ Մանուկյան. ազգային և պետական գործիչը(Հոդվածների ժողովածու), Եր., 2010:
2. Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը, Եր., 2008:
3. Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան. 1890-1950, խմբ.` Վրացեան Ս., Բոստոն, 1950:
4.Վրացեան Ս., Կեանքի ուղիներով, հատ. Ե, Պէյրութ, 1966:
5.Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն,Եր., 1993:
գ) Մամուլ
1.«Աշխատանք» օրաթերթ, 12 փետրվարի 1919, N4:
դ) Համացանցային նյութեր
1.https://old.arfd.am/?=21143