կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 16:30
Տարածաշրջան

Թուրքիայում հզոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում հզոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին, գրանցվել են Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնությամբ ցնցումներ:

Ըստ Թուրքիայի կառավարության աղետների կառավարման մարմնի (AFAD)՝ Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանում ժամը 08։01-ին և 0846-ին (Անկարայի ժամանակով) տեղի է ունեցել 4.1 և 5.1 բալանոց երկու երկրաշարժ. հայտնում է Anadolu-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Իզմիրից 20 եւ 69 կիլոմետր հեռավորության վրա: 3-4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են առաջին երկու երկրաշարժերից հետո և տևել գրեթե մինչև 9:00-ն: Մեկ ժամվա ընթացքում Քարաբուրունի շրջանը 10 անգամ ցնցվել է: Ցնցումները զգացվել են նաև Չանաքքալեում և Բալըքեսիրում: Իզմիր նահանգի նահանգապետ Յավուզ Սելիմ Քեշգերի խոսքով՝ «երկրաշարժը տեղի է ունեցել Էգեյան ծովում՝ Միդիլի կղզու մոտակայքում, ցնցումներ են զգացվել նաև Ուրլայում, Ֆոչայում, Դիքիլիում և Իզմիրի կենտրոնում»:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները մոբիլիզացվել են և այժմ աշխատում են պարզել երկրաշարժի հետևանքները տեղում: Կարմիր մահիկի թիմերը տարվել են տարածք՝ բնական աղետից հետո իրավիճակը վերահսկելու համար: Երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ 2020 թ. նոյեմբերի սկզբին Իզմիրում հզոր երկրաշարժ էր գրանցվել․ մահացել էր ավելի քան 100 մարդ, մի քանի շենքեր ամբողջությամբ փլուզվել էին։