Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլը, չբավարարվելով ներկա սերնդի սպանությամբ, անցել է հաջորդ սերունդների ստորացմանը։ Նրա բազմաթիվ քայլեր, գործողություններ և, առավել ևս, հայտարարություններ, ՀՀ-ի, Արցախի ու հայ ազգի ներկան դժոխքի վերածելուց զատ, միտված են ապագային:
«Հայաստանը զորքերը դուրս է բերում Արցախից» (իմա՝ ՀՀ-ն տասնամյակներով օկուպացրել է Ադրբեջանի տարածքները), «Շուշին մինչ 1992 թ. եղել է ադրբեջանական քաղաք», ՀՀ-Ադրբեջան նոր սահմանային ամրությունները ամերիկյան GPS համակարգի միջոցով ստեղծելը, սահմանային ռազմավարական բոլոր դիրքերն ու օբյեկտները հենց այնպես թշնամուն զիջելը, ՌԴ-ի և Ալիևի կազմած ցանկացած օրակարգի տակ առանց այլևայլության և դիմացը ոչինչ չստանալով ստորագրելը, Արցախ այլևս զորք չտանելու միտումները և բազմաթիվ այլ արտահայտություններ, մտքեր ու գործողություններ թշնամու կողմից կա՛մ առայժմ օգտագործվել են չնչին տոկոսով, կա՛մ դեռևս չեն օգտագործվել:
Թշնամին, լավագույնս հաշվարկելով Փաշինյանի նպաստավոր գոյության ու ազգադավ գործունեության ժամանակաշրջանը երկարացնելու օգտակար գործողության գործակիցը, դեռևս խորամանկորեն չի օգտագործում ՀՀ ղեկավարի կողմից իրեն նվիրաբերված հնարավորությունները: Թշնամին դեռ ամբարում է դրանք: Ադրբեջանը դեռ սպասում է, քանի որ իր հաղթաթղթերի օրավուր ավելացման համար գոնե այս փուլում ոչինչ չի ծախսում (եթե, իհարկե, հավատանք, որ Նիկոլը սովորական ազգադավ է, այլ ոչ՝ թշնամու կողմից կաշառված ստահակ):
Թշնամին և՛ Արցախի դեմ, և՛ ՀՀ-ի դեմ առայժմ գրեթե ոչինչ չի ձեռնարկում: Այսինքն՝ այն, ինչ կարող է իրագործել Նիկոլի կողմից նվիրված խաղաթղթերով, դեռևս չի անում: Ալիևի ընթացիկ և ցուցադրական հոխորտանքները կամ գերիներին պատանդ պահելը Ադրբեջանի՝ Նիկոլի կողմից նվիրաբերվող իրական հնարավորությունների ու նախագծվող գործողությունների այսբերգի երևացող մասն են միայն: Դրա դավադիր, մահաբեր և չերևացող մասը հայ հասարակությանը դեռ ի ցույց չի դրվում:
Եվ դա շատ բնական է. ինչո՞ւ պետք է այժմ ցույց տալ: Ադրբեջանը ոչ միայն առայժմ չի օգտագործում, այլև ինչ-որ տեղ թաքցնում է իր ամբարվող հնարավորությունները, այն լծակները, որոնք ամեն օր ստանում է, քանի որ՝
- չի ցանկանում կրճատել Ադրբեջանին ամեն օր թանկ նվերներ մատուցող Նիկոլ-վարչապետի պաշտոնավարման շրջանը՝ ակնկալելով ապագայում իր համար հույժ կարևորություն ներկայացնող, այն է՝ «հեռանկարային» նորանոր հայտարարություններ, քայլեր կամ գործողություններ,
- թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական ու ռազմական իմաստով ամրանում է ինչպես Արցախի՝ իր նվաճած (կամ Փաշինյանի կողմից վաճառված) շրջաններում, այնպես էլ ՀՀ-ի արևելյան սահմաններին հարող հատվածներում (Վարդենիսի, Ջերմուկի հատվածներում, Սյունիքի մարզի ողջ երկայնքով, վերահսկում է Կապանն ու քաղաքի օդանավակայանը, Գորիս-Կապան ավտոմայրուղին և այլն),
- չնչին ուժ վատնելով կամ պարզապես դատարկ շանտաժների դիմաց պարբերաբար ստանում է ռազմավարական նշանակության նոր տարածքներ կամ օբյեկտներ՝ ինչպես Արցախից, այնպես էլ՝ ՀՀ-ից՝ բնականաբար, ստանալով նաև այնտեղ ամրանալու հնարավորություններ,
- Արցախի գրաված շրջաններում սեփական ջախջախված կամ հոգնատանջ զորքերի փոխարեն տեղակայում է թուրքական հզոր սպառազինությամբ և պատրաստված մարդուժով հագեցած զորախմբեր, մարտական տեխնիկա, ՀՕՊ համակարգեր, այլևայլ գերհզոր զինատեսակներ, ինչի շնորհիվ մեծապես դժվարանալու է այդ տարածքների վերստին ազատագրումը, Արցախի ու ՀՀ անվտանգության ապահովումը,
- գրավված ծայր հարավային շրջաններում, Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ, կառուցում է նոր հաղորդակցուղիներ (ավտոմայրուղի, երկաթուղի ևն), Ֆիզուլու շրջանում՝ օդանավակայան, Ֆիզուլի-Շուշի մայրուղին, որոնցով իսպառ շրջափակում է ՀՀ-ն, իսկ Արցախի հայաբնակ հատվածին՝ զրկում գործոն լինելու հնարավորությունից:
Փաշինյանի հայտարարությունների և գործողությունների ծանրագույն հետևանքները կրելու է հայ ազգի գալիք սերունդը: Որպես ՀՀ վարչապետի՝ նրա գլորած քարերը հետ գլորելու համար գալիք սերունդն անցնելու է երկարատև տառապանքների միջով: Որոշ կործանարար գործընթացներ կարող են անգամ անշրջելի կամ անշտկելի հետևանքներ ունենալ՝ սպառնալով հայոց քաղաքակրթական ներկայությանն այս տարածաշրջանում:
Տարիներ, նույնիսկ տասնամյակներ ու դար անց հայ ազգի ներկայացուցիչների երեսին թուրքերը շպրտելու են Նիկոլ-դավաճան-տգետի հայտարարությունները՝ ասելով՝ ձեր ժողովրդի 70 % քվեով իշխանություն ստանձնած ղեկավարը խոստովանել է, որ հողերը օկուպացված էին, Շուշին՝ ադրբեջանական, իսկ Ալիեւը կիրթ ու կառուցողական նախագահ էր։ Նրանք ապագա սերունդների դեմքին շպրտելու են, որ, ըստ Նիկոլի, անկախ Հայաստանի ղեկավարները հանցագործներ էին, իսկ Ալիեւի ընտանիքը՝ արդարության մարտիկ։
Նիկոլն այսօր անում է վկայություններ, որոնք շատ ծանր ու շատ թանկ են նստելու ապագա սերունդների վրա։
Եվ եթե չկորցնենք հայրենիքը, իսկ մեր զավակներն ու թոռները փորձեն վերականգնել մեր ազգային իրավունքները, ապա առաջին հարցը, որն առաջանալու է նրանց մոտ, լինելու է հետևյալը. «Լավ, ասենք՝ Նիկոլը տգետ էր ու դավաճան, բա այդ ամենը հանդուրժող ժողովուրդն ի՞նչ էր մտածում»։
Նիկոլը հինը վարկաբեկեց, ներկան սպանեց, այժմ էլ կործանում է ապագան ու ստորացնում գալիք սերնդին…
Վահե Սարգսյան